ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

Հակամարտությունն Ուկրաինայում.
«ՈՐՊԵՍԶԻ ԱՅՆՏԵՂ ՄՈՍԿՎԱՆ ԿԱՐՈՂԱՆԱ ՀԱՂԹԵԼ, ՆՐԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ Է ՊԵՏՔ»

Ռուսաստանն ու Ուկրաինան դիրքային պայքարի մեջ են, որում հնարավոր չէ բացառել ռիսկերը երկու կողմերի համար, կարծում է Les Echos-ի զրուցակիցը: Այսօր Եվրոպայում ոչ մի բանակ պատրաստ չէ այդպիսի պայքարի։ Դա անիմաստ է դարձնում ՆԱՏՕ-ի բանակները ռազմաճակատ ուղարկելու մասին խոսակցությունները: Սակայն Կիևի և Մոսկվայի միջև ռազմական ընդհարումը կարող է երկար տևել։
Les Echos | Ֆրանսիա | 29.03.2024, 08:22 Guerre en Ukraine: «Pour l'emporter, Moscou devra engager plus d'hommes»
Ռուսլան Պուխովը հանդիսանում է պաշտպանական-արդյունաբերական համալիրի հարցերն ուսումնասիրող Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (Մոսկվա) տնօրեն:


Եթե հեռանանք հաղթական հայտարարություններից, կարո՞ղ ենք համարել, որ Ռուսաստանն իրականում մոտենում է իր համար հաջող ավարտին։

— Ոչ: Քանի որ այլևս չկա այն մարտական գործողությունների «մշուշը», որը կար ոչ վաղ անցյալում: Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ յուրաքանչյուր կողմ գրեթե ամեն ինչ գիտի մյուսի մասին։ Եվ այստեղ պարզ է դառնում, որ երկու կողմերն էլ խնդիրներ ունեն, իսկ հաղթական բառերը արտասանվում են բնակչության մարտական ոգին բարձրացնելու համար։ Իրականում հակամարտությունը կարծես սառեցված է. առաջնագիծը սառել է խոշոր հարձակողական գործողություններ իրականացնելու անհնարինության պատճառով։ Այսպես շարունակվելու է ևս մի քանի տարի։ Բայց միևնույն ժամանակ պահպանվում է ռիսկը, որը հղի է հեռուն տանող հետևանքներով, որոնցից մենք բոլորս կցանկանայինք խուսափել: Որքան երկար տևեն մարտական գործողությունները, այնքան մեծ կլինի դժբախտ պատահարի հավանականությունը, որը հնարավոր կդարձնի միջուկային զենքի կիրառումը:
Հաղթելու համար Մոսկվան պետք է առանձնացնի ավելի շատ զորքեր՝ ինչպես կամավորներիի, այնպես էլ զորահավաքայինների թվից։ Նրան անհրաժեշտ կլինի նաև ավելի ժամանակակից զենքեր՝ հաուբիցներ և հրետանային կայանքներ։ Ներկայիս կիրառվող մարտավարությունը «հազարավոր կտրվածքների» մեթոդն է: Խոսքը ռազմաճակատի ամբողջ երկայնքով բազմաթիվ փոքր հարվածների և գրոհների փորձերի մասին է։ Դրանց նպատակն է հյուծել ուկրաինացիներին։ Դա շատ ծախսատար է մարդկային և ֆինանսական առումով։ Եվ դա ռիսկային է, քանի որ այդպիսի մարտավարությունը կարող է թուլացնել ռուսական ուժերը, և ուկրաինացիները, բեկում մտցնելու համար, կփորձեն օգտվել դրանից։

Բայց ո՞րն է Մոսկվայի վերջնական նպատակը։

— Հաղթանակը կլինի... երբ քաղաքական իշխանությունը որոշի դա: Կրեմլը կարող է հանրային կարծիքին որպես "հաղթանակ" մատուցել ցանկացած արդյունք։ Այսօր, երբ Ուկրաինան չի կարող ճեղքում իրականացնել, բայց կարողանում է խոչընդոտել հակառակորդի առաջխաղացմանը, Ռուսաստանն անցնում է համընդհանուր մոբիլիզացիայի ճանապարհին բառի լայն իմաստով՝ ռազմական, տնտեսական և մշակութային:
Նա հավատարիմ է «շոգեգլդոնի» (rouleau compresseur) իր վաղեմի ռազմավարությունը: Իվան III-ի ժամանակներից ի վեր ռուսաստանյան իշխանությունները կարողացել են մոբիլիզացնել իրենց ռեսուրսները։ Կոմունիստներից մնացած այդ մեթոդները ժառանգել են ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիները։
Այս ունակության շնորհիվ Մոսկվան հազթեց իր բոլոր պատերազմներում, այդ թվում՝ XVII դարում Լեհաստանի դեմ, երբ Ուկրաինան արդեն կցված էր Ռուսաստանի կողմից: Այս զորահավաքային ներուժը հնարավորություն տվեց նաև հաղթանակների վերածել Ղրիմի և ռուս-ճապոնական պատերազմների ընթացքում ռազմադաշտում ունեցած ձախողումները: Իր հսկայական ցամաքային ուժերը հակառակորդներին կանգնեցրել են երկընտրանքի առաջ՝ շարունակել պատերազմը անկանխատեսելի արդյունքով, թե համաձայնել փոխզիջումային խաղաղության։

Իսկ արդյո՞ք Մոսկվան խաղադրույք չի կատարում ուկրաինական բանակի հյուծման վրա:

— Ուկրաինայի ենթադրյալ հյուծումը խիստ չափազանցված է։ Ճիշտ է, Կիևը, իհարկե, իրավիճակը շրջելու ոչ մի շանս չունի։ Ուժերի հավասարակշռությունը 2025-2026 թվականներին էլ ավելի բարենպաստ կլինի Մոսկվայի համար, սակայն կարող է բավարար չլինել Ուկրաինային հաղթելու համար, այդուհանդերձ դա կբացառի Ուկրաինայի հաղթանակի ցանկացած ռիսկ:
Այնուամենայնիվ, ամերիկյան օգնության վերսկսումը և եվրոպական օգնության ուժեղացումը, զուգորդված Ուկրաինայում նոր զորահավաքի հետ, կամրապնդեն նրա ուժերը մինչև ամառ: Մասնավորապես, Կիևն արդեն ընդլայնել է իր հնարավորու-թյունները անօդաչու թռչող սարքերի ոլորտում (այս տարի արտադրվել և գնվել է 2 միլիոն FPV): Դա ավելի կարևոր է, քան տանկերը կամ արկերը: Ուկրաինան այս առումով առջևում է, և այդ FPV անօդաչու թռչող սարքերը առանցքային գործոն են, որը թույլ է տալիս նրանց առայժմ ապահովել առաջնագծի կայունությունը: Ընդհակառակը, Ռուսաստանը չունի խոշոր տրամաչափի գնդացիրներ, որոնք անհրաժեշտ են դրանց ոչնչացման համար: Մենք այլևս չենք կարող հաղթել միայն հրետանու և սավառնաթռիչք ռումբերի (bombes planantes) շնորհիվ։

Էմանուել Մակրոնի հայտարարությունը զորքեր ուղարկելու հնարավորության մասին պարտադրում է արդյո՞ք փոխել ռուսական բանակի ռազմավարությունը:

— Ոչ։ Փարիզը ի վիճակի չէ տեղակայել զորախումբ, որը կարող էր արմատապես ազդել Ուկրաինայի օգտին։ Այդ դերը կարող են ստանձնել երկու ամերիկյան կամ նույնիսկ լեհական դիվիզիաները։ Բայց իր գումարտակներով, նույնիսկ իր ռազմաօդային ուժերի աջակցությամբ, Ֆրանսիան չի դիմանա: Պատկերացնենք, որ նա կուղարկի 12.000-ից 15.000 զինվոր: Առանց դաշնակիցների նրանց չի հաջողվի պատնեշ կառուցել ոչ Դնեպրում, ոչ Օդեսայում։
Ֆրանսիան չի կարող գործել այնպես, ինչպես գործում էր Մալիում։ Ուկրաինայում դիրքային պատերազմ է ընթանում՝ ծանր ու արյունալի, ինչպես Առաջին աշխարհա-մարտի տարիներին։ Ֆրանսիական ավիացիան, անշուշտ, կարող է ավելացնել ռուսների կորուստները, բայց դա չի ազդի ցամաքային իրավիճակի փոփոխությանը։ Առավել ևս, որ ռուսական ավիացիան ունի կառավարվող ռումբեր և այլ հեռահար միջոցներ։

Ռազմական գործողությունների միջոցով կարո՞ղ է Ֆրանսիան քաղաքական ազդեցություն գործել:

— Բախվելով անխուսափելի ծանր կորուստների՝ Փարիզը կհայտնվի երկընտրանքի առաջ՝ խայտառակ տարհանում, թե ռազմական էսկալացիա։ Հիշեք ԱՄՆ-ը Վիետնամում․ սկզբում խորհրդականներն ու կանաչ բերետավորները, իսկ հինգ տարի անց ՝ կես միլիոն զինվոր։ Ֆրանսիան, իր պայմանագրային զինծառայողների փոքր բանակով, նման կարողություն չունի: Մենք գիտենք, որ նրա որոշ էլիտար ստորաբաժանումների անձնակազմի լրահամալվածությունը կազմում է 50%:
Նման անհաջողությունների դեպքում ո՞րն է Փարիզի նպատակը՝ կանգնեցնե՞լ ռուսական հարձակումը, ինչի հաջողությունը մնում է սահմանափակ։ Օգնե՞լ Ուկրաինային վերսկսել հարձակումը՝ անիրատեսական հեռանկար է։ Ստիպե՞լ Մոսկվային բանակցել, մինչդեռ Կիևը հրաժարվում է բանակցություններից։ Այս հակամարտությունը Ֆրանսիայի համար գոյատևման պայքարի բնույթ չի կրում։ Լյուդովիկոս XVI-ից մինչև Միտերանը Ուկրաինան Ռուսաստանի (կամ ԽՍՀՄ) մաս էր կազմում։ Դա ոչ մի կերպ չի ազդել Ֆրանսիայի պատմության վրա և չի սպառնացել նրա անվտանգությանը։ Արդյո՞ք Մակրոնի ուղարկած զինվորներն իրենց հարց չեն տա [«Ինչո՞ւ ենք մենք այստեղ»], երբ ռազմաճակատում տեսնեն այս անվերջանալի պատերազմի մարդկային սպանդը։

Իսկ Ուկրաինայի գրավումից հետո ռուսական բանակը չի՞ շարժվի դեպի այլ երկրներ։

— Հայտարարություններն այն մասին, թե Կրեմլը, գրավելով Ուկրաինան (ինչը նա դեռ ի վիճակի չէ անել), կշարժվի Եվրոպան նվաճելուն, անհեթեթուն է։ Պատերազմը ցույց տվեց Ռուսաստանի ռազմական ներուժի սահմանները։ Դա հանգեցրեց Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ինչը ծանր ռազմավարական պարտություն էր Մոսկվայի համար։ Ռուսաստանը բավարար ուժ չունի, որպեսզի ֆիննական բանակին թույլ չտա հասնել Սանկտ Պետերբուրգ։ Ինչո՞ւ նա պետք է իրեն վտանգի՝ գնալով Եվրոպա:

Հոդվածի հեղինակ՝ Բենժամեն Քենել (Benjamin Quénelle)




Հրապարակվել է 03/04/24
Թարմացվել է 02/04/24