ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՍՏ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Միանգամայն հնարավոր է, որ համացանցում մեր տեղադրած նյութերը, ոմանք, ովքեր դիտում են (կամ գուցե կարդում են), համարեն մեզ կանադացի թոշակառու ծովային հետևակային Բրյուս Գուդմունդսոնի վարած The Tactical Notebook-ին չափազանց հակված: Այստեղ չեն հիշատակի ոչ նրա արհեստավարժությունը, ոչ նրա կրթվածությունը, ոչ էլ նրա անկողմնապահությունը (որքանով դա ընդհանրապես հնարավոր է մարդ էակի դեպքում): Ռամզես II-ի և Հոմերոսի ժամանակներից ի վեր հայտնի է, որ ֆիզիկական հզորությունը, նույնիսկ անկոտրում կամքի աջակցությամբ, ունակ է (երբեմն) հաղթել մարտում կամ նույնիսկ ճակատամարտում:
Օպերացիաներում, արշավներում և պատերազմներում հաղթանակը հնարավոր է միայն գերազանց մտավոր կարողությունների առկայության դեպքում: Այսինքն համապատասխան ուսուցում, որն արտահայտվում է բավարար թվով հրամանատարական կազմի առկայությամբ, ովքեր ունակ են արագորեն հասկանալ ստեղծված իրավիճակը, գնահատել այն (այդ թվում՝ համեմատելով նախորդ բազմաթիվ օրինակների հետ), տալ հակիրճ, պարզ և, ի լրումն, հոգեբանորեն մոտիվացնող հրաման:
Դա անհնար է առանց գրագետ սերժանտի, սպայի և գեներալի, որոնց ուղեղն արդեն պարունակում է գործողությունների պատրաստի տարբերակներ առավել չնախատեսված հանգամանքներում։ Ընդգծենք, որ խոսքը ոչ թե կանոնադրությունների և հրահանգների անգիր սովորելու մասին է, այլ ռազմական արվեստի գիտակցված և նպատակային ուսումնասիրության, գործողությունների գիտականորեն ընդհանրացված փորձի և անհրաժեշտ թվով հատուկ մարտավարական օրինակների իմացության մասին:
Ներկայիս շրջադարձային, բազմաշերտ (և շատերի համար՝ մշուշոտ) ժամանակահատվածում Գուդմունդսոնը, արդի լեզվով ասած, առաջարկում է մարտավարական լապտեր, որը թույլ է տալիս որոնողին տեսնել իր ուզածը:
Ստորև ներկայացված է նրա սեպտեմբերյան երկու ակնարկների սեղմագիր:


Tactical Notebook-ի ՍՅՈՒԺԵՆԵՐԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ


ԱՄԵՆ ՀԻՆԸ ՆՈՐԻՑ ՆՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ
Everything Old is New Again



1914 թվականին և դրա ժամանակակից դրսևորումներին այս բլոգում հատկացվող ուշադրության իմ արդարացումը հիմնված է երկու նմանությունների վրա: Երբ խոսքը վերաբերում է տեխնոլոգիական փոփոխություններին, մեր դարաշրջանը շատ բանով հիշեցնում է Belle Epoque-ի վերջին մի քանի տարիները: (Համեմատեք, եթե ցանկանում եք, նորարարության տեմպերը, որոնց բախվում են «այս հիասքանչ տղամարդիկ իրենց թռչող սարքերի վրա», ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օպերատորների տեմպերի հետ): Նմանապես, եթե հայացք նետենք միջազգային կարգի կառուցվածքին, ապա 2023 թվականը հստակ նմանություն ունի 1914-ի հետ: Ավելի կոնկրետ՝ մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ գաղափարական ամրանների բացակայության պատճառով դաշինքներն արագորեն փոխվում են։

Եթե ցանկանում եք, դիտարկենք իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ 2020 թվականին Ադրբեջանը օգտագործեց անօդաչու թռչող սարքեր, սելֆիի մարտավարություն և սոցիալական ցանցեր՝ Լեռնային Ղարաբաղի կեսը գրավելու համար, իսկ վերջին մի քանի օրերին օգտվեց ալյանսների դինամիկայից՝ սկսածն ավարտելու համար։ Մտածեք նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմի մասին, որտեղ մարդիկ, ոքեր ներկայանում են Սագայի մոլեռանդներ (նկատի ունենք նեոնացիստական հայացքներ կրողներին), պատերազմում են այն պետությունների տրված սպառազինությամբ, ովքեր մարդկանց բանտարկում են Երկրորդ աշխարհամարտի պաշտոնական տարբերակից նահանջելու համար:


ԱՄԵՐԻԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
America Needs a War on Bad Writing



Անգրագետ շարադրանքը հանգեցնում է անընթեռնելի հրահանգների, երկիմաստ հրամանների և, որ առավել սարսափելին է՝ խճճված մտածողության: Այս ամենը, իր հերթին, դժվարացնում է Ամերիկայի հաղթանակը մարտերում, արշավներում և պատերազմներում: (Եթե կասկածում եք, ժամանակ հատկացրեք և ծանոթացեք ներկայիս պաշտպանության նախարարի ստեղծագործություններին)։

Մեր Զինված ուժերին պատուհասած անգրագետ տեքստերի մի մասը ծնվել է հենց բանակից։ Այնուամենայնիվ «անգրագիտության դեմ պատերազմի» հիմնական մասը պետք է վարվի ամբողջ հասարակության շրջանակներում:

Այս պատերազմը կսկսվի անգլերեն լեզվի յուրաքանչյուր դասարանում ժամապահ կարգելուց, ով ամեն անգամ, տագնապ կհայտարարի, եթե ինչ-որ մեկը՝ լինի դա ուսուցիչ, թե ուսանող, կկազմի անգրագետ տեքստ: Սա նաև կամուֆլյաժ կազմով «Ինչպես գրագետ գրել» ձեռնարկի հարյուր միլիոն անվճար պատճենի տարածումն է։ Վերջապես, զինվորները, նավաստիները, օդաչուները և ծովայինները, ովքեր չեն կատարում դպրոցներում և քոլեջներում այդ «աշխատանքային պարտականությունները», դռնեդուռ պետք է շրջեն ամբողջ Ամերիկայում՝ իմաստալից զրույցներ վարելով արդյունավետ հաղորդակցության մասին՝ «Հասկանում եք, որ արտահայտիչ բայերի խելամիտ օգտագործումը կարող է օգնել ձեզ»:

Ավելորդ է ասել, որ սրամիտները, ծանակողները և ընդհատակյա բլոգերները ծաղրելու են այս պատերազմը:

Հուսանք, որ թոթովախոս քննադատների ծաղրանքը անտեսվելու է Պենտագոնի միջանցքներում իշխանություն ունեցող իմաստուն տղամարդկանց ու կանանց կողմից: Ի վերջո, նրանք բոլորից լավ գիտեն, որ գրագետ արտահայտվելու ունակությունն ազգային անվտանգության խնդիր է։


Հրապարակվել է 02/10/23
Թարմացվել է 02/10/23