ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՄԵՆ ՆՈՐԸ ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է


Էրնսթ Յունգեռը (Ernst Jünger) Վերածննդի տիպիկ ներկայացուցիչ էր, ով չգիտես ինչ հրաշքով հայտնվեց քսաներորդ դարում: Մարզիկ, գիտնական, բոհեմի ներկայացուցիչ, փիլիսոփա, ճանապարհորդ, գրող՝ այս ամենից բացի նա կատարյալ մարտիկ էր, ով ողջ կյանքում հետևել է ճակատագրի, պատվի և պարտքի սեփական սկզբունքների պողպատե առանցքին։ Զարմանալի չէ, որ Առաջին աշխարհամարտի դասերի արդյունքներն ամփոփող «Հետևակի պատրաստման կանոնակարգ»-ի մասին ճիշտ մեկ դար առաջ նրա գրած կարճ ակնարկը պարունակում է բնածին սպայի անձնական և հավաքական փորձի աննկարագրելի միաձուլում, նուրբ հոգեբանական դիտողություններ, նորարարական տեսլական, տեսության և կիրառականի հմուտ համադրություն:
Բնօրինակ հոդվածը բաժանորդագրությամբ HathiTrust - Militär-Wochenblatt. v.108 1923/1924 կայքում:

Նոր «Հետևակի պատրաստման կանոնակարգը» (Ausbildungsvorschrift für die Infanterie) մարմնավորում է հսկայական փորձ: Նյութի ծավալի ավելացումը հստակ նկատելի է. շարային պատրաստության կանոնակարգի մեկ գրքույկի փոխարեն ներկայացվում է գրքույների ամբողջ գրադարան: Ակնհայտ են նաև տեխնիկական դարաշրջանի ոգով տոգորված համահունչ աշխատանքի տեմպն ու մեթոդները։ «Կանոնակարգի» բաժինները դարձել են էլ ավելի ծավալուն և մասնագիտացված։ ... Կա մեկ գրքույկ գնդացրային վաշտի, ևս մեկը՝ ականանետային վաշտի համար: Դա միմիայն կազմակերպչական հարց է: Շուտով նույնքան ուշադրություն կպահանջեն նաև հետևակային ստորաբաժանումների կազմում ընդգրկված հրանոթներն ու տանկերը։

Այն, ինչ մենք ուզում ենք այս խնդրին առընչված, որն ունի ավելի խորը նշանակություն, կապել դրանք կանոնակարգների հետ։ Թեև մենք չենք ուզում դա խոստովանել, բայց մենք խոսում ենք ոչ այլ ինչի մասին, քան հետևակի բաժանումն առանձին մասնագիտությունների՝ արդյունք որից խուսափել չենք կարող: Չի կարելի ժխտել, որ հետևակային գունդը այժմ վերածվել է բարդ և բազմատարր ստորաբաժանման, այնինչ մինչ Աշխարհամարտը այն եղել է միատեսակ դարբնված զենք, որի ամենափոքր բաղադրիչը՝ առանձին զինվորն ապահովում էր թե՛ կրակային, թե՛ հարվածային հզորություն։ Նրա կրակային հզորությունն արդեն ապահովում են մեքենաներով. ձեռնարկը խոշոր տրամաչափի գնդացիրն անվանում է «հետևակի ամենահզոր հրաձգային զենք»։

...Այնուամենայնիվ, նույնիսկ զուտ մարդկային ուժի օգտագործումը՝ մկանների համակարգումը, որն անհրաժեշտ է բռունցքով, սվինով հարված հասցնելու, կամ նռնակ նետելու համար, հիշեցնում է մեքենայական աշխատանք:

Դիրքային պատերազմում գրոհը (և ոչ միայն գրոհը) հանդիսանում է լծակների, լիսեռների և շարժակների փոխգործակցող աշխատանք։ Անկախ նրանից, թե որտեղ և ինչպես կզարգանա գրոհը, նրա բոլոր տարրերը ձգտում են ստեղծել մեկ ամբողջություն:

Տեխնիկան կրակի և շարժման փոխգործողությունն է, որը նման է ներքին այրման շարժիչում տեղի ունեցող պրոցեսներին: Տեխնիկան հարձակումն է թշնամու գնդի կամ գնդացրախորշի վրա: Տեխնիկան ինքնին մարտարշավախմբի [Stoßtrupp] գործողությունն է, որում յուրաքանչյուրը խաղում է իր հստակ սահմանված դերը:

«Կանոնակարգում…» իրենց որոշակի դերն են խաղում նաև տեխնիկական մշակումները: Այսպես, հետևակին բնորոշ մարտավարության ու խնդիրների քննարկումից բացի, այն ներառում է մի շարք մասնագիտացված գրքույկներ, որոնք ուղղակիորեն հետաքրքրքիր ոչինչ չեն ներկայացնում հետևակային գնդի զինծառայողների հիմնական մասի համար:

Տեխնոլոգիաների զարգացումը խորացնում է մասնագիտացումը (ինչը մեկնաբանություններում հանգեցնում է տարաձայնությունների), և դրա ծայրահեղությունները կարելի է ամփոփել «մասնագետների ոլորտ» [Spezialistentum] արտահայտությամբ։ Սա հին հետևակի մարտն է նորի դեմ, որի ելքը հեշտ է կանխատեսել:

Ինչպիսի՞ պահանջներ պետք է ներկայացվեն հետևակի ուսումնական կանոնակարգին, որը գտնվում է շարունակական կատարելագործման գործընթացում, և որի բովանդակությունը կարող է կտրուկ փոփոխությունների ենթարկվել արտակարգ իրավիճակների դեպքում: Նման կանոնակարգը պետք է պարունակի այն ամենը, ինչ անհրաժեշտ է ներկայումս գոյություն ունեցող կազմակերպության համար, և միևնույն ժամանակ ունենա կառուցվածք, որը նպաստում է բովանդակության հետագա ընդլայնմանը:

«Հետևակի պատրաստման կանոնակարգում» այդ պահանջները կատարվել են։ II և V գրքույկներում մենք գտնում ենք մարտի և դրա մասնակիցների համապարփակ նկարագրությունը՝ անհատ զինվորից մինչև գնդի մակարդակ: Այս մասերից յուրաքանչյուրը տրամադրում է մի պատկեր, որում խնդրո առարկա տարրը կենտրոնական դեր է խաղում՝ սկսած իր սեփական ունակություններից և առանձնահատկություններից մինչև հարակից բաղադրիչների հետ ունեցած հարաբերությունները:

Այսպիսով, անձի վարժեցումը սկսվում է ֆորմալ վարժություններից, որոնք նրան դարձնում են զինվոր, ով ունակ է վերահսկել իր մարմինը և զենքը, և համապատսխանաբար ունակ է ենթարկվել ստացված հրամանին: Այնուհետև նա պետք է պատկերացնի իրեն մարտի դաշտում, և նրան ցույց են տալիս, թե ինչպես է անհրաժեշտ համագործակցել յուրայինների հետ և գործել թշնամու դեմ։ Մոտակայքում նա տեսնում է յուրաիններին, որոնց հրամայված է աջակցել, և ովքեր աջակցում են իրեն մարտում: Ձեռքի գնդացիրը կրակահերթեր է արձակում, մեր հրետանու արկը խոցում է թիրախը, ծառը փշրվում է պայթյունից, ստացվում է հաղորդագրություն, որը անհրաժեշտ է փոխանցել: Մի խոսքով, մարտի տեխնոլոգիան անձին ներքաշում է իր մեխանիզմի մեջ և ամեն պահ նրա առջև ծառանում է նոր որոշում կայացնելու անհրաժեշտություն:

Հիմա նայենք ջոկի հրամանատարին: Կանոնակարգը ցույց է տալիս նրան, թե ինչպես վարժեցնել իր ջոկը, ինչ հրամաններ տալ և ինչպես ձևակերպել դրանք հակիրճ և միատեսակ: Այնուհետև կանոնակարգը բացատրում է, թե ինչպես կարող է հրամանատարը կառավարել այս կարգապահ, հնազանդ ստորաբաժանումը դաշտում: Այնտեղ նկարագրվում է նաև ծավալված մարտակարգի հիմնարար ձևերը, եղանակները, որոնց միջոցով նա կարող է հարմարվել տարբեր տեսակի տեղանքներին և տարբեր տեսակի զենքերի ազդեցությանը: Այսպիսով, նա սովորում է, թե ինչպես կառավարել իր ջոկի առաջխաղացումը, ուղղորդել և կենտրոնացնել դրա կրակը:

Մարտում նա իր ստորաբաժանումը, դասակի կազմով, առաջնորդում է դեպի թշնամին: Նա ղեկավարում է ենթականերին, օգտագործում է տեղանքը, ձգտում է բարձրացնել իր ուժերի արդյունավետությունը (նվազեցնելով հակառակորդինը), վերահսկում է դասակի հրամանատարի և հարևան ստորաբաժանումների գործողությունները: Նա տարատեսակ զենքերի սարդոստայնի [Kampfmittel] միջոցով ձգտում է հասնել ջոկի կրակի և տարաշարժի լավագույնս համադրությանը, որոնք հյուսված են իր ջոկի շուրջը: Անկախ նրանից, թե նրա գրոհը հաջողությամբ կպսակվի, կամ նա կսկսի քողարկվել, կամ էլ պատրաստվել նոր առաջադրանքի, կանոնակարգը ցուցանում է, որ ճակատամարտը բարդ և գերխճճված գործընթաց է, խնդիրների հսկայական զանգված, որոնց նա առերեսվում է և որոնք էլ նա պետք է ինքնուրույն լուծի։

Այսպիսով, «Կանոնակարգ»-ի երկու հիմնական բրոշյուրները ներկայացնում են պահանջներ, տրամաբանություն և մարտի դրվագներ: Չնայած կանոնակարգը պարունակում է մարտի վեց (յոթ, եթե ներառվի նաև թեթև գնդացիրների բաժինը) նկարագրություն, այն զուրկ է ցանկացած ավելորդությունից: Այն նվազագույնի է հասցնում ձևականնությունները՝ փոխարենը կենտրոնանում է մարտի վարման եղանակների վրա: Ներկայացնելով հստակ մարտավարական հանձնարարականներ, այն տալիս է ազատ տարածություն [Spielraum] ինքնուրույն գործողությունների համար: Վերջինս ենթադրում է առաջնակարգ շարքայինների, որակյալ հրամանատարների առկայություն և երկարատև պատրաստություն։ Այն դեպքում, երբ ուսուցումը պետք է կրճատել, մենք պետք է օգտագործենք կանոնակարգի առավել հակիրճ, լավ ընտրված հատվածները։

Աշխատանքային գործընթացի ներածություն հանդիսանալով, «Հետևակի պատրաստման կանոնակարգ»-ը քիչ է ուշադրություն հատկացնում հոգեբանական [seelische] մոտիվացիային: Այնուամենայնիվ, ես ինքս ինձ հարց եմ տալիս, թե արդյո՞ք հնարավոր է, որ կանոնակարգը, նույնիսկ բանիմաց մարդկանց կողմից գրված, ներառի մարտի բոլոր առանձնահատկությունները, լինի դա անհատի ներքին փորձ [innere Erlebnis], թե առաջնորդի հոգեբանական [seelische] ազդեցություն: Համենայն դեպս, այս հարցերի լուծումը, որոնք կամ ձեռք են բերվել դաստիարակության / վերապատրաստման միջոցով, կամ բնությունից ժառանգված են [Taktes und Blutes] և աննկատորեն զարգանում են բանակի մարմնում, մեծ զգուշություն են պահանջում:

Այս հարցերը առաջնային նշանակություն ունեն, բայց դժվար է բացատրել կանոնակարգով։ Օրինակ, վտանգավոր է ենթադրել, որ զինվորը կարող է գերճնշված լինել անհանգստության զգացումով։ Ավելի լավ է սահմանափակվել երկաթե պահանջով, որպեսզի նման հարցերի հենարան հանդիսացող բարոյական ուժերը բխեն բանակի մարտական ոգուց և նրա առաջնորդի անձնական ազդեցությունից։

III և IV գրքույկները, որոնք վերաբերվում են ծանր գնդացրային և ականանետային վաշտերի պատրաստմանը (որոնց կիրառումը հաճախ հիշատակվում է կանոնակարգի այլ մասերում), հիմնված են երկու հիմնական [II և V] գրքույկների կողմից տրամադրած հիմքի վրա: I գրքույկում շարադրված են հիմունքները: Կանոնակարգը եզրափակվում է հավելվածով, որտեղ ներկայացվում է ողջյունի, շքերթների, պաշտպանական դիրքերում զինվորների պարտականությունների և այլնի մասին։

Եզրափակելով, հարկ է նշել, որ «Հետևակի պատրաստման կանոնակարգ»-ը համապարփակ, բայց հստակ կառուցվածք ունեցող աշխատանք է, որը գնդի յուրաքանչյուր զինծառայողին հնարավորություն է տալիս արագ լուծել ցանկացած հնարավոր կասկած՝ լինի դա շքերթի ժամանակ, թե դաշտում:

Ձեռնարկի կառուցվածքը, թե՛ տեքստային, թե՛ կազմակերպչական առումով հեշտացնում է նոր զենքերի և չխունացած դասերի ընդգրկումը: Ոգին, որը կենդանացնում է նրան, առանց կոնկրետության մանրամասնելու, հագեցնում է աշխատանքը գրոհի համարձակ կամքով, որը մեզ պարգևեց մեծագույն և ամենագեղեցիկ հաղթանակները:
Համենայն դեպս, առանձին բաժինների մասին դեռ շատ բան կա ասելու։


Հրապարակվել է 31/07/23
Թարմացվել է 31/07/23