ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ
Այսպիսով, 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի գործողությունները հիշեցնող 2022 թվականի սրընթաց արշավանքներից հետո, այս տարվա ամառ-աշնանը կողմերը հայտնվեցին Առաջին աշխարհամարտի դասական դիրքային փակուղու մեջ, և այժմ տրվող հարցն է՝ կփոխարինվի արդյոք այն Երկրորդ աշխարհամարտի խորքային հարձակողական գործողություններով։ Ինչպես բոլոր խոշոր և ձգձգված զինված հակամարտություններում, իրական մարտերը բացահայտեցին, մեղմ ասած, անհամապատասխանությունը ինչպես առաջադեմ դոկտրինալ մոտեցումներին, այնպես էլ սպառազինությունների պարզ մարտավարատեխնիկական բնութագրերին՝ արևմտյան թե արևելյան, ժողովրդավարական և ոչ այնքան, ժամանակակից և հետադիմական:

Բոլորը ստիպված են նորից սովորել, և այս կողմից ուշագրավ է այն երկրի ցամաքային զորքերի բարձրագույն ուսումնական հաստատության եռամսյակային պարբերականում հրապարակված հոդվածը, որի զինված ուժերը ցուցանիշների համակցությամբ համարվում են աշխարհում առաջինը:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԱՍԵՐԸ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ․ ԳՈՐԾԵԼՈՒ ԿՈՉ

Քեթի Քրոմբի
Ջոն Ա. Նէգլ
Հրապարակվել է The US Army War College Quarterly: Parameters Volume 53 Number 3 Volume 53, Number 3 (2023) Autumn Issue.
Բնագիր Katie Crombe & John A. Nagl, "A Call to Action: Lessons from Ukraine for the Future Force," Parameters 53, no. 3 (2023), doi:10.55540/0031-1723.3233.

Համառոտ բովանդակությունը: Հիսուն տարի առաջ ԱՄՆ ցամաքային ուժերը (այսուհետ ինչպես բնագրում Բանակը), Վիետնամում ապստամբների դեմ պայքարի ձախողումից հետո, հայտնվեցին ռազմավարական շրջադարձային կետում: Դատաստանի օրվա պատերազմից քաղված դասերից ելնելով, ստեղծվեց ԱՄՆ Բանակի Ուսուցման և դոկտրինի հրամանատարություն, որի նպատակն էր պայմանական խորհրդային սպառնալիքի համատեքստում վերակողմնորոշել պլանավորումը և դոկտրինը: Այսօր Բանակը պետք է ընդունի ռուսուկրաինական հակամարտությունը որպես հնարավորություն ստեղծելու այնպիսի առաջադեմ և ահեղ ուժ, ինչպիսին հաղթեց «Փոթորիկ անապատում» օպերացիայում։ Հոդվածում առաջարկում են փոփոխություններ, որոնք Բանակը պետք է ընդունի, որպեսզի այսօրվա բազմաբնույթ և լայնածավալ մարտական գործողությունների շրջադարձային կետում ապահովի հաջողություն:

Բանալի բառեր. ռազմավարական շրջադարձային կետ, Ուկրաինա, բազմաոլորտ գործողություններ, առաքելության հրամանատարություն, լայնածավալ մարտական գործողություններ:

Intel կորպորացիայի նախագահ և գործադիր տնօրեն Էնդրյու Գրոուն 1988 թվականին կազմակերպության բարեկեցության հիմնարար փոփոխությունները նկարագրելու համար կիրառեց «ռազմավարական շրջադարձային կետ» արտահայտությունը1: Նա հստակ ներկայացրեց շրջադարձային պահը որպես մի ժամանակահատված, երբ կազմակերպության բնույթը փոխվում է նուրբ, բայց խորքային և երկարատև ձևով, ինչը հանգեցնում է դրա աճին կամ անկմանը: Այդ պահին հմուտ և ստեղծագործ առաջնորդները գիտակցում են այս ընտրությունը և ըստ պահի պահանջների քայլ են կատարում իրենց կազմակերպությունները առաջ տանելու համար: Կարծրացած, անվճռական կամ ռիսկից խուսափող ղեկավարները բաց են թողնում այս հնարավորությունը, ինչը հանգեցնում է դիսֆունկցիոնալության և, ի վերջո, կազմակերպության փլուզմանը:

Հիսուն տարի առաջ՝ 1973 թվականին, ԱՄՆ Բանակը բախվեց ռազմավարական շրջադարձային կետի։ Վիետնամի պատերազմին միջամտելու արդյունքում այն բարոյալքվեց, իսկ ամերիկյան ղեկավարությունը ականատես եղավ, թե ինչպես խորհրդային սպառազինությամբ հագեցած Եգիպտոսի զինված ուժերը քիչ էր մնում, Դատաստանի օրվա պատերազմում, ջախջախեին ամերիկյան սպառազինությամբ հագեցած Իսրայելի Պաշտպանական ուժերին։ ԱՄՆ Բանակի շտաբի պետ Քրեյթոն Աբրամսը արձագանքեց դրան: Նա խորհրդային պայմանական սպառնալիքի համատեքստում պլանավորման և դոկտրինի վերակողմնորոշման համար ստեղծեց ԱՄՆ Բանակի ուսուցման և դոկտրինի հրամանատարություն (TRADOC): Նոր կառույցին, որը ղեկավարում էր նշանավոր տեսաբան և մարտական հրամանատար գեներալ Ուիլյամ Դեփյուին՝ հայեցակարգեր մշակելու, ՍՌՏ գնումների և նյութատեխնիկական ապահովման (ՆՏԱ) համակարգում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Բանակը ժամանակակից պատերազմ վարելուն պատրաստելու նպատակով հանձնարարվեց ուսումնասիրել Դատաստանի օրվա պատերազմը: Պաշտպանության նախարար Ջեյմս Շլեզինգերը, Աբրամսը և Դեփյուին խոստովանեցին, որ Բանակը շրջադարձային կետում է գտնվում, և որ միայն հիմնարար փոփոխություններն են ի վիճակի պատրաստել այն պատերազմի փոփոխվող բնույթին: 50 տարի անց հաջորդ շրջադարձային կետը բացահայտեց դոկտրինի և սպառազինության համակարգի փոփոխության անհրաժեշտությունը:

Այսօր ԱՄՆ Բանակն կանգնած է նոր ռազմավարական շրջադարձային պահի առջև՝ ընտրություն, թե ինչպես հիմնովին փոխել գալիք մարտերին նախապատրաստվելու ձևը: Քանի որ ռազմական մեքենան դուրս է գալիս հակաապստամբական գործողությունների քսանամյա շրջանից և յուրացնում է ապագայի լայնածավալ ռազմական գործողությունները, ներկայիս ռուս-ուկրաինական հակամարտությունը ստիպում է ուշադրություն դարձնել ռազմական գործողությունների բնույթի փոփոխությանը, որը նշանավորվում է առաջադեմ ինքնավար սպառազինությունների համակարգերով, արհեստական ինտելեկտով և կորուստների այնպիսի ծավալով, որին ԱՄՆ-ը ականատես չի եղել Երկրորդ աշխարհամարտից ի վեր:

ԱՄՆ-ի բանակը, որը դեռ փորձում է իմաստավորել Աֆղանստանի դասերը, պետք է ընդունի ռուս-ուկրաինական հակամարտությունը որպես ռազմական շինարարության և ռազմավարական ուղղության առաջընթացի հնարավորություն, նույնքան տեսլական ու ահռելի, որքան այն TRADOC-ը, որը ստեղծվել է Միացիալ Նահանգների համար «Անապատի փոթորիկ» օպերացիայից առաջ2: 2022 թվականի աշնանը ԱՄՆ Բանակի Պատերազմի քոլեջի մի խումբ դասախոսներ և ուսանողներ միավորվեցին գործելու այս կոչի շուրջ: Խմբի կարծիքով՝ ընթացիկ ռուս-ուկրաինական պատերազմը Բանակի համար դարձել է սթափեցնող կոչ՝ առնչված բոլոր ավանդական մարտական հնարավորությունների առումով, որը ներառելով բանակի բոլոր մակարդակներում քաղած դասերը պահանջում է մշակույթի փոփոխություն Բանակի կրթության համակարգում, պատրաստման և դոկտրինի ոլորտներում:

Կրթություն, ուսուցում և TRADOC-ի ակունքները

Նորմանդիայում անկումների Դեփյուի վաղ փորձը խորը դաս հանդիսացավ վատ ղեկավարության և պատրաստվածության հետևանքների առումով՝ նրա դիվիզիան վեց շաբաթվա ընթացքում կորցրեց շարքային կազմի 100%-ը և սպաների 150%-ը: Իր ծառայության մնացած մասը Դեփյուին նվիրեց սպայակազմի առաջնորդության ունակությունների զարգացմանը, մասնավորապես՝ ուսուցման և վարժեցման հավասարակշռության ապահովմանը: Նա արդյունքների վրա հիմնված նախապատրաստական միջավայրում անհրաժեշտ էր համարում կապել «ինչ»-ը և «ինչպես»-ը (վարժեցումը) «ինչու»-ի և «պետք է արդյոք»-ի (կրթության) հետ:

Կարևոր է նշել, որ Դատաստանի օրվա պատերազմից հետո Դեփյուին նաև վերակողմնորոշեց դոկտրինը մարտական կանոնադրությունների ուղղությամբ, որոնք հատուկ սովորեցնում էին զինվորներին և սպաներին մարտական գործողություններ վարել ժամանակակից մարտադաշտի բոլոր մակարդակներում՝ սկսած կրակակետերից մինչև դիվիզիայի շտաբ3: Կանոնադրությունների նպատակն էր զինվորներին և սպաներին գործնական եղանակներով վերապատրաստել ԱՄՆ Բանակի սպառազինության համակարգերը օպտիմալացնելու և սեփական խոցելի կետերը նվազագույնի հասցնելու համար: Նա ցանկանում էր մարտական կատարելագործումը անորոշ և հեռավոր ապագայից բերել իրական ժամանակ՝ կանխատեսվող անմիջական սպառնալիքներին նախապատրաստվելու համար4: Վերջապես, Դեփյուին կարծում էր, որ զինվորների մանրակրկիտ ընտրությունն ու վարժեցումը, ներառյալ հրամանատարների և ստորաբաժանումների համատեղ վարժեցումը, կարևոր դեր են խաղում մարտական պատրաստականության ապահովման գործում: Դեփյուի ժառանգությունն այսօր գոյությու ունի երկու հրամանատարություններում. ԱՄՆ Բանակի առաջադեմ զարգացման հրամանատարությունը պատասխանատու է վերափոխման և նորարարության առաջնահերթությունների համար և, անշուշտ, պետք է մեծ ուշադրություն դարձնի Ուկրաինայում ընթացող պատերազմին, բայց Դեփյուի գլուխգործոցը՝ TRADOC-ը, կարող է Բանակը վերադարձնել ուսուցման, վերապատրաստման և դոկտրինների մշակման հիմունքներին այն տեմպով, որով ստեղծվել է, այսինքն այնպիսի տեմպով, որը պահանջում էր հստակ առաջնահերթությունների սահմանում և արդյունքների գնահատում:

Ինչու՞ հիմա

Ամերիկյան ռազմական ղեկավարությունը ընդունում է աշխարհաքաղաքականության վիթխարի փոփոխությունները: ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանեց «Եվրոպայում և, հնարավոր է, ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության ամենամեծ սպառնալիք»՝ 42 տարվա զինվորական ծառայության ընթացքում5։ Եվրոպայում հակամարտությունը, արհեստական ինտելեկտի, ինքնավար և հիպերձայնային սպառազինությունների համակարգերի ի հայտ գալը վկայում են պատերազմի բնույթի և զինված ուժերի մարտական գործողությունների վարման եղանակների հիմնարար փոփոխությունների մասին6: Ինչպես Դատաստանի օրվա պատերազմից հետո, ԱՄՆ Բանակը պետք է վերլուծի ռուս-ուկրաինական պատերազմը՝ դասեր քաղելու դոկտրինի, կազմակերպման, վերապատրաստման, նյութական մասի, մասնագիտական ռազմական կրթության և հրամանատարների զարգացման համար, և այս բոլոր դասերը ներգրավել ապագա հակամարտություններում հաղթելու ունակ ուժերի կազմակերպման, վերապատրաստման և վերազինման մեջ: TRADOC-ի խնդրանքով, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջի դասախոսների և ունկնդիրների մի փոքր խումբ այս տարի սկսեց ուսումնասիրել ծառացած խնդիրները, որի արդյունքում մի քանի եզրակացություններ արվեցին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հրամանատարությունը և կառավարումը, գործառնությունների կառավարումը, կորուստների փոխհատուցումը, արհեստական ինտելեկտը, հետախուզությունը և խաբեությունը, ինչպես նաև բազմադոմեն (բազմաոլորտ) օպերացիաները: Պատերազմի քոլեջի թիմը պատրաստել է այս ոլորտներից յուրաքանչյուրի մանրամասն վերլուծություն, որը հուսով ենք շուտով կհրապարակվի, իսկ այս հոդվածում մենք հակիրճ կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

Հրամանատարություն և կառավարում

Մերձավոր Արևելքում քսան տարվա հակաահաբեկչական և հակաապստամբական գործողությունները, որոնք հիմնականում իրականացվել են օդային գերակայության, ինչպես նաև ՌԷՊ և ՌԷՀ-ի միջոցներով, ստեղծվել են հրամանատարական շղթաներ՝ կախված կապի իդեալական գծերից և մարտադաշտի անսովոր ճշգրիտ ընդհանուր օպերատիվ պատկերից, որը իրական ժամանակում փոխանցվել է օպերատիվ կենտրոններում տեղակայված խոշոր միավորված շտաբներին: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հստակ ցույց է տալիս, որ վերջին 20 տարիներին հրամանատարական կետերից արձակված էլեկտրամագնիսական ճառագայթումը գերզգայական տեխնոլոգիաների, ՌԷՊ միջոցների, անօդաչու թռչող սարքերի կամ արբանյակային նկարահանումների հասանելիության պայմաններում որևէ շանս չի թողնում արագ արձագանքման և ճշտգրտման համար: Դա վերաբերում է գրեթե բոլոր պետական և ոչ պետական դերակատարներին, որոնց Միացյալ Նահանգները կարող է բախվել մոտ ապագայում: Բանակը պետք է կենտրոնանա կառավարման համակարգերի և շարժական հրամանատարական կետերի մշակման վրա, որոնք ենթադրում են շարունակական տեղաշարժեր, բաշխված փոխգործողություն և բոլոր մարտական գործառույթների սինխրոնիզացիա՝ էլեկտրոնային «հետքը»ը նվազագույնի հասցնելու համար: Ըստ տեղեկությունների, ուկրաինական գումարտակների հրամանատարական կետերը բաղկացած են յոթ զինվորներից, ովքեր խրամատավորվում և տեղաշարժվում են օրական երկու անգամ։ Թեև ԱՄՆ Բանակը դժվար թե հասնի այս ցուցանիշին, բայց այն մատնանշում է միանգամայն այլ ուղղություն, քան մենք որդեգրել ենք երկու տասնամյակների ընթացքում՝ պաշտպանված հրամանատարական կետեր ստեղծելով7:

Մշակույթն ուտում է ռազմավարությունը նախաճաշին

Նոր կառավարման համակարգեր ստեղծելուց զատ, հավանաբար առավել կարևոր է մշակութային փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են բաշխված հրամանատարության և կառավարման իրականացման համար, որն հայտնի է որպես առաքելության հրամանատարություն անվամբ: Երբ Միլին ծառայում էր որպես ցամաքային զորքերի շտաբի պետ, նա բացատրում էր առաքելության հրամանատարության էությունը «կարգապահ անհնազանդության» հայեցակարգի միջոցով, որի համաձայն ենթականերին տրվում էր հրամանատարի նպատակին հասնելու համար առաջադրանքներ կատարելու լիազորություն, նույնիսկ եթե դա նշանակում էր կոնկրետ հրամանի (առաջադրանքի) խախտում կամ անտեսում: Կատարյալ կապի բացակայության դեպքում ենթակա սպան կամ զինվորը պետք է վստահ լինի, որ մարտի ընթացքում ճիշտ որոշում կկայացնի՝ չծանրաբեռնվելով փոքր փոփոխություններ կատարելու համար հավանություն խնդրելու անհրաժեշտությամբ8:

Առաքելության հրամանատարությունը դոկտրին չէ, որը պետք է գրվի, ստուգվի և դրվի դարակում: Այն պետք է ապրել, մշակել, փորձարկել և ընդունել որպես անբաժանելի մաս ամենօրյա օպերացիաների և զորամասերում մարզվելու ժամանակ։ Արհեստական ինտելեկտի հայտնվելը ԱՄՆ բանակին հնարավորություն է տալիս վերաիմաստավորել առաքելության հրամանատարությունը և փորձարկել այն վիրտուալ սիմուլյացիոն միջավայրերում: Բրիգադից, որի մշտական տեղակայման վայրում ամենօրյա ծառայությունը ղեկավարվում է մանրուքներով, անհնար է ակնկալել հաջող մարտական գործողություններ ժամանակակից լայնածավալ մարտին բնորոշ կորուստների մակարդակի դեպքում: «Կարգապահ անհնազանդությունը» պահանջում է նախաձեռնություն՝ ինչպես հրամանատարի մտադրությունը ապահովելու, այնպես էլ արդյունքները, սահմանափակումներն ու արգելքները հասկանալու առումով: Հրամանատարներն ու ենթակաները պետք է փայլուն տիրապետեն հիմունքներին, բայց միևնույն ժամանակ կարողանան ընդունել փոփոխությունները և քննադատաբար մտածել: Վստահությունը առաքելության հրամանատարության ամենակարևոր բաղադրիչն է, սակայն Բանակի կազմակերպչական մշակույթը փոխելը (նպատակ ունենալով որպեսզի ավագ հրամանատարները խրախուսեն ենթակաների լիազորությունների ընդլայնումը և աջակցումը), չափազանց բարդ խնդիր է, որը կպահանջի մեծ ուշադրություն Բանակի բարձրագույն ղեկավարության կողմից9:

Կորուստներ, համալրում և վերականգնում

Ռուս-ուկրաինական պատերազմը բացահայտում է Բանակի կադրային ռազմավարության խորության և դիմակայելու կարողության ու կորուստները վերականգնելու զգալի խոցելիությունը10: Բանակի բժշկական պլանավորողները կարող են ակնկալել օրական մոտ 3600 մարդ ընդհանուր կորուստ՝ սկսած զոհվածներից մինչև ոչ մարտական հիվանդություններից կամ վնասվածքներից տուժածներ11: Կադրային համակարգի 25%-ի կանխատեսվող համալրման գործակցով ամեն օր կպահանջվի 800 մարդ: Համեմատության համար նշենք, որ Իրաքում և Աֆղանստանում երկու տասնամյակ տևած ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ի ընդհանուր կորուստները կազմել են մոտ 50.000 մարդ, ինչը հավասար է երկու շաբաթ տևած լայնածավալ ռազմական գործողությունների ակնկալվող ցուցանիշին12:

Ի լրումն առաքելության արդյունավետ հրամանատարության համար անհրաժեշտ կարգապահ անհնազանդության, ԱՄՆ Բանակը բախվում է նորակոչիկների պակասի և կամավորական պահեստազորի կրճատման ծանր համակցությանը: Կադրային ստորաբաժանումներում գրեթե 50%-ի հասնող նորակոչիկների պակասը երկարաժամկետ խնդիր է։ Յուրաքանչյուր հետևակային կամ տանկիստ, որին մենք այսօր ծառայության չենք ընդունում, նշանակում է ռազմավարական զորահավաքային պահեստազոր չենք ունենա 2031 թվականին13: Անհատական պատրաստված պահեստազորը (IRR, որը բաղկացած է նախկին կադրային զինծառաողներից կամ պահեստազորայիններից), որը 1973 թվականին բաղկացած էր 700 հազար մարդուց և 450 հազար՝ 1994 թվականին, այսօր կազմում է 76 հազար14։ Նրանք ի վիճակի չեն լրացնել կանոնավոր զորամասերում առկա պակասուրդը, էլ չասած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում կորուստների համալրման մասին։ Դրանից հետևում է, որ ամբողջովին կամավորական պայմանագրային ուժերի ստեղծման 1970-ականների հայեցակարգի օրն անցել է և այն չի համապատասխանում ժամանակակից պայմաններին: Ստորև նկարագրված տեխնոլոգիական հեղափոխությունը վկայում է այն մասին, որ այդ պատկերացումները հնացած են։ Լայնածավալ ռազմական գործողությունների համար զորքերի կարիքները կարող են պահանջել 1970 - 1980-ականների կամավորական ուժերի հայեցակարգի վերաիմաստավորում և անցում մասնակի զորակոչային զինվորական ծառայության15:

Պատերազմի փոփոխվող բնույթը

Զոհերի կտրուկ աճի ազդեցությունը զորքերի կառուցվածքի և անձնակազմի համալրման պահանջների վրա պատերազմի բնույթի բազմաթիվ արմատական փոփոխություններից միայն մեկն է: Անօդաչու թռչող սարքերի, անօդաչու ցամաքային տրանսպորտային միջոցների, արբանյակային պատկերների, սենսորային տեխնոլոգիաների, սմարթֆոնների, քաղաքացիական կապի գծերի և բաց աղբյուրների հետախուզական տվյալների համատարած օգտագործումը արմատապես փոխում է բանակների կողմից ցամաքային գործողությունների վարման եղանակը մոտավորապես այնպես, ինչպես այս դարում անօդաչու թռչող սարքերը փոխել են օդային գործողությունների վարման եղանակը16: Այս համակարգերը, զուգորդված զարգացող արհեստական ինտելեկտի հարթակների հետ, զգալիորեն արագացնում են ժամանակակից պատերազմների տեմպը: Միջոցները և մարտավարական հնարքները, որոնք նախորդ հակամարտություններում դիտարկվում էին միայն որպես «խորշային» հնարավորություններ, դառնում են սպառազինությունների հիմնական համակարգեր, որոնց հասկանալու և հակազդելու համար անհրաժեշտ է ուսուցում և վերապատրաստում։ Ոչ պետական սուբյեկտները և թերզարգացած ազգային պետությունները այժմ կարող են ձեռք բերել և օգտագործել այն տեխնոլոգիաները, որոնք Դավթի ուժը մոտեցնում են Գողիաթի ուժին:

Բացի զուտ ռազմական փոփոխությունների, անդրազգային կորպորացիաները օպերատիվ նշանակալի դեր են խաղում արհեստական բանականության և մարտական տեղեկատվական տարածությունում։ Այս մասնավոր ընկերությունները ցուցադրաբար բարձրացնում են հետախուզական տվյալների մշակման, օգտագործման և բախշման, դինամիկ թիրախավորման և կրակային խոցման արդյունավետությունը: Հակամարտությանը նախապատրաստվելիս և դրա վարման ընթացքում անհրաժեշտ է թափանցիկության սկզբունքների վրա հիմնված համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև: Նման գործընկերությունը պետք է ձևավորվի զորամասերի մակարդակով, և մասնավոր ընկերությունների հետ մարզումները պետք է ներառվեն ռազմական խաղերի, պլանավորման և զորավարժությունների ժամանակ, որպեսզի զինվորները ծանոթանան համակարգերին, որոնք կարող են կենսական նշանակություն ունենալ ապագայի մարտերում, և մասնավոր ընկերությունները լավ հասկանան, թե ինչ կարողություններ են անհրաժեշտ զինվորականներին17:

Խաբեության օգտագործում և գաղտնազերծված հետախուզական տվյալների ավելի լայն կիրառում

Բաց և գաղտնազերծված հետախուզական տվյալների ներառումը տեղեկատվական տիրույթում անմիջապես ապացուցեց իր արդյունավետությունը ուկրաինական հակամարտության սկզբնական փուլում՝ դրանց հրապարակումից հետո փոխելով ներքին, միջազգային և հակառակորդ դերակատարների արձագանքը։ Այս մեթոդը հսկայական դեր կխաղա ապագա հակամարտություններում, և երբ դա ձեռնտու է, բաց աղբյուրներից ստացված հետախուզական տվյալները պետք է ներառվեն հետախուզական տվյալների միավորման գործընթացում՝ հասարակության շրջանում տեղեկատվության արագ տարածումն ապահովելու համար (միշտ համոզվելով, որ հետախուզական տվյալների հրապարակման օգուտը արդարացնում է աղբյուրների և մեթոդների հնարավոր ռիսկը, որոնք բնորոշ են գաղտնազերծման ցանկացած միջոցներին): Թեև այս հոդվածը չի կարող դիտարկել Ուկրաինայի պատերազմում բաց աղբյուրներից տեղեկատվության օգտագործման բազմաթիվ օրինակներ, այնուամենայնիվ այդ օրինակներից մեկը կարող է լինել հնարավոր պատերազմական հանցագործությունների քրաուդսորսինգը (crowdsourcing)՝ դրանց հանգամանքները պարզելու և, ի վերջո, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար18:

Հաշվի առնելով Ուկրաինայում մարտերի ընթացքում նկատված աննախադեպ թափանցիկությունը, բանակի զինծառայողների մասնագիտական ռազմական կրթությունն ու պատրաստումը, բաց աղբյուրներից տեղեկատվության օգտագործելու հետ մեկտեղ, պետք է ներառվի նաև խաբեության գործողությունների հիմնական ուսուցում: Ուկրաինայի զինված ուժերն ունեն ռազմավարական, օպերատիվ և մարտավարական մակարդակներում խաբեության բացառիկ հմտություն, ինչը պահանջում է սիներգիա և վստահություն՝ տարբեր ոլորտներում հնարավորությունները ինտեգրելու համար19:

Բազմադոմեն օպերացիաներ

ԱՄՆ Բանակը շարունակում է զգալի հաջողություններ գրանցել բազմադոմեն օպերացիաների (MDO) զարգացման գործում, և 2023 թվականի մայիսին MDO-ի երրորդ օպերատիվ խումբը հասավ լրիվ մարտական պատրաստականության։ Այս օպերատիվ խմբերը, որոնք ստեղծվել են հատուկ ռազմական թատերաբեմերի համար Ռուսաստանի և Չինաստանի հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, օգտագործում են բարձր ճշգրտության հեռահար, կիբերնետիկ, ՌԷՊ-ի, հետախուզության և հեռահար կրակային խոցման միջոցներ20: Չնայած MDO-ի օպերատիվ խմբերի արագ արդիականացմանը, Բանակի մնացած մասը նույնպես պետք է հասկանա և իրականացնի գալիք պատերազմներին բնորոշ բազմադոմեն գործողությունների սկզբունքները: MDO-ի ամենագետ և ամենատես օպերատիվ խմբի հաղորդակցման և պատկերման պահանջները բարձր են և հիմնականում անփոփոխ, ինչը նշանակում է, որ տարաշարժվող փոքր ստորաբաժանումները պետք է հասկանան MDO-ի օպերատիվ խմբի հնարավորությունները՝ առանց դրան ազատ մուտք ունենալու: Փոքր ստորաբաժանումները պետք է կանխատեսեն հակառակորդի պաշտպանության ճեղքվածքները և օգտագործեն առաջացող առավելությունները21: Առաքելության կանխատեսումը, վարումը և ղեկավարումն ինքնին տեղի չեն ունենում: Այս ամենը պահանջում է ուսուցում, վերապատրաստում և դոկտրին:

Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում բազմադոմեն օպերացիաներն ուսումնասիրելուց հետո հետազոտական թիմը պնդում է, որ Բանակը պետք է վերանայի շտաբների դերերն ու պարտականությունները բոլոր օղակներում՝ հաշվի առնելով բազմադոմեն գործողությունները և այլ ձևավորվող կազմակերպչական կառույցները, ինչպիսիք են «ճեղկման» դիվիզիան: Բանակը պետք է ընդլայնի դիվիզիայի մակարդակում համատեղ զորավարժությունների ընթացքում մարտական անձնակազմի և մարտական պատրաստության ռոտացիաների միջև կապերը, որպեսզի սովորեցնի բազմադոմեն գործողությունների համատեքստում փոխգործողության և համազորային մարտական գործողությունների սինխրոնացումը22: Դեփյուի, անցյալի «ինչպես պայքարել» հրահանգները, որոնք վերաիմաստավորվել են որպես արհեստական բանականության գիտելիքների գեներատիվ բազաներով աջակցվող չաթ հարթակների՝ շերտավորված ռոտացիայով կուղեկցվեն Ազգային ուսումնական կենտրոնում, դիվիզիաների և կորպուսների զորավարժությունների ընթացքում, փոքր ստորաբաժանումների վարժանքներում, և դրանք բոլորը կծառայեն որպես ներդաշնակման միջոցառումների բարձրագույն փուլ:

Ի՞նչ է ստացվում արդյունքում

Գրոուվը համարում էր, որ ռազմավարական շրջադարձային կետը հազվադեպ է ինքնաբերաբար հայտնվում, այլ ավելի շուտ ներկայացնում է քաոսին կարգի բերելու և նոր ուղի ընտրելու ընտրություն, որը թույլ է տալիս կազմակերպությանը համապատասխանել պահին, այլ ոչ թե գնալ հարմար, բայց փակուղային ճանապարհով: Այսօրվա Բանակը նման է 1973 թվականի Բանակին՝ լի է փորձով, գիտելիքներով և փոփոխության հնարավորությամբ: TRADOC-ը ստեղծվել է Բանակը աշխարհի առավել պատրաստված, հագեցած, կառավարվող և կազմակերպված ցամաքային ուժի վերածելու համար: Երկրորդ աշխարհամարտի և Վիետնամի պատերազմի փորձը, ինչպես նաև Դատաստանի օրվա պատերազմի ուսումնասիրությունը կազմավորեցին Դեփյուի համոզմունքը, ըստ որի ժամանակակից հակառակորդին հաղթելու ունակ ցամաքային ուժի կերտումը պահանջում է վերանայել հասկացություններն ու դոկտրինները ամբողջ Բանակում: Նրա կարծիքով նախընտրելի են այն սպաները ովքեր պետք է մտավոր զարգացած լինեն և ովքեր կարող էին արագ լուծել խնդիրները և արագորեն ինստիտուցիոնալացնել կազմակերպության փոփոխությունները:

2023-ի Բանակը բախվում է համանմանություն ունեցող շրջադարձային կետի՝ վերիմաստավորելու TRADOC-ի կատարելագործման և ազգային ուսումնական կենտրոններում զինվորների և սպաների ստացած մասնագիտական ռազմական կրթությունը: Օդացամաքային մարտերի հայեցակարգը, որ մշակվել է Դատաստանի օրվա պատերազնի ժամանակ (ակտիվ պաշտպանության ձախողված փորձարկումից հետո) այժմ կարող է փոխակերպվել ցամակային մարտերի՝ օգտագործելով արհեստական բանականությունը, ինչի մասին վկայում է ռուս-ուկրաինական պատերազմը և հիմնականում անօդաչու կամ հեռակառավարվող օդանավավարման ցամաքային մարտական մեքենաների ապագան։

Բանակը պետք է վերանայի իր ուսումնական համակարգը՝ հիմնական դասընթացներից մինչև ռազմական ակադեմիաներ, և ուսուցումը կենտրոնացնի իրական մարտական գործողություններում ձեռք բերված նոր փորձի վրա՝ այն ներառելով ուսումնական գործընթացներում և մարտադաշտի նմանակումներում։ Չնայած արդիականացումը հաճախ կենտրոնանում է առաջընթացի նյութական կողմի վրա, հիմնական բեռը նյութական մասի ինտեգրումն է դոկտրինի, կազմակերպման, վերապատրաստման, կառավարման, անձնակազմի և ենթակառուցվածքների հետ: Պատերազմի արագ փոփոխվող բնույթի տեմպերին հետևելու համար TRADOC-ը պետք է առաջնորդի այս նախաձեռնությունը հենց հիմա՝ իրական ժամանակում հարմարեցնելով ուսուցումն ու պատրաստումը: Թեև ճգնաժամը նորարարության համար օգտակար աղբյուր է, ԱՄՆ Բանակը պետք է ապահովի այդ արագ փոփոխությունների յուրացումը այնպես, որ դրանք անմիջապես ներառվեն դոկտրինում, իրականացվեն վերապատրաստման ընթացքում և հյուսված լինեն զինվորների մշտական տեղակայման վայրերի ու մարտական գործողությունների ամենօրյա ծառայությանում:

Ուկրաինայի զինված ուժերը արյունով դասեր են քաղում, որոնք ոչ միայն պահպանում են իրենց ազատությունը, այլև կարող են օգնել ԱՄՆ Բանակին զսպել և, անհրաժեշտության դեպքում, վարել և հաղթել ապագա պատերազմները՝ ավելի քիչ կյանքեր և ռեսուրսներ ծախսելով : Անպատվաբեր է պատշաճ ուշադրություն չդարձնել այդ զինվորների զոհողությանն ու գեներալ Դեփյույի հիշատակին։

Աղբյուրների ցանկ

Bradley, Jay. “Fires in the Ukraine War.” Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023.

Chadwick, Steve. “MDO and the Ukrainian War.” Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023.

Dukes, Brian. “Senior Leader Resilience and Replacement.” Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023.

Grabchak, Volodymyr, and Myra Naqvi. “Ukrainian History and Perspective.” Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023.

Huffman, Clay. “Intelligence in the Ukraine War.” Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023.



___________
  1. Andrew S. Grove, Only the Paranoid Survive: How to Exploit the Crisis Points That Challenge Every Company (New York: Currency Doubleday, 1996), 32.
  2. John A. Nagl, “Why America’s Army Can’t Win America’s Wars,” Parameters 52, no. 3 (Autumn 2022): 7–19, https://press.armywarcollege.edu/parameters/vol52/iss3/3/
  3. Romie L. Brownlee and William J. Mullen III, Changing An Army: An Oral History of General William E. DePuy, USA Retired Center for Military History Publication (CMH Pub) 70-23 (Carlisle, PA: United States Military History Institute, 1988), 182–85, 188–89, https://history.army.mil/html/books/070/70-23/CMH_Pub_70-23.pdf.
  4. Brownlee and Mullen, Changing an Army, 189.
  5. Jim Garamone, “Potential for Great Power Conflict ‘Increasing,’ Milley Says,” DOD News, U.S. Department of Defense (website), April 5, 2022, https://www.defense.gov/News/News-Stories/Article/Article/2989958/potential-for-great-power-conflict-increasing-milley-says/.
  6. John Grady and Sam LaGrone, “CJCS Milley: Character of War in Midst of Fundamental Change,” USNI News (website), December 4, 2020, https://news.usni.org/2020/12/04/cjcs-milley-character-of-war-in-midst-of-fundamental-change.
  7. US Army general officer discussion with Ukrainian battalion commander, early 2003, relayed to the authors.
  8. C. Todd Lopez, “Future War Requires ‘Disciplined Disobedience,’ Army Chief Says,” Army (website), May 5, 2017, https://www.army.mil/article/187293/future_warfare_requires_disciplineddisobedience_army_chief_says.
  9. Jamon K. Junius, “Mission Command in the Ukraine War” (Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023).
  10. Brian Dukes, “Senior Leader Resilience and Replacement” (Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023); and Dennis Sarmiento, “Medical Implication of the Ukrainian War” (Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023).
  11. Headquarters, Department of the Army (HQDA), Sustainment Operations, Field Manual (FM) 4-0 (Washington DC: HQDA, July 2019), 4-4.
  12. Department of Defense (DoD), Casualty Status (Washington, DC: DoD, May 22, 2023), https://www.defense.gov/casualty.pdf.
  13. Stephen K. Trynosky, “Paper TigIRR: The Army’s Diminished Strategic Personnel Reserve in an Era of Great Power Competition” (Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023), 22.
  14. Trynosky, “Paper TigIRR,” 20.
  15. Kent Park, “Was Fifty Years Long Enough? The All-Volunteer Force in an Era of Large-Scale Combat Operations” (Strategic Research Paper, US Army War College, June 2023).
  16. Jay Bradley, “Fires in the Ukraine War” (Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023).
  17. Schuyler Moore and Mickey Reeve, “U.S. Central Command Holds a Press Briefing on Their Employment of Artificial Intelligence and Unmanned Systems” (transcript), U.S. Department of Defense (website), December 7, 2022, https://www.defense.gov/News/Transcripts/Transcript/Article/3239281/us-central-command-holds-a-press-briefing-on-their-employment-of-artificial-int/.
  18. Deb Amos, “Open Source Intelligence Methods Are Being Used to Investigate War Crimes in Ukraine,” PBS Newshour (website), June 12, 2022, https://www.npr.org/2022/06/12/1104460678/open-source-intelligence-methods-are-being-used-to-investigate-war-crimes-in-ukr.
  19. Clay Huffman, “Intelligence in the Ukraine War” (strategic research paper, US Army War College, Carlisle, PA, 2023).
  20. Charles McEnany, “Multi-Domain Task Forces: A Glimpse at the Army of 2035,” Association of the United States Army (website), March 2, 2022, https://www.ausa.org/publications/multi-domain-task-forces-glimpse-army-2035.
  21. Jesse L. Skates, “Multi-Domain Operations at Division and Below,” Military Review (January-February 2021), 68–75, https://www.armyupress.army.mil/Journals/Military-Review/English-Edition-Archives/January-February-2021/Skates-Multi-Domain-Ops/.
  22. Steve Chadwick, “MDO and the Ukrainian War” (Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023).
  23. Volodymyr Grabchak and Myra Naqvi, “Ukrainian History and Perspective” (Strategic Research Paper, US Army War College, Carlisle, PA, 2023).



Հրապարակվել է 09/12/23
Թարմացվել է 09/12/23