«ՄՈՏՏԻ» ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Ուսանելի է փոքր ուժերով հակառակորդի զորքերի շարասյունների վրա հարձակվելու և հնարավորինս մեծ վնաս հասցնելու նպատակով)
Կազմեց պահեստի փոխգնդապետ Ա.Ամիրզադյանը, ՊաՀԱԿ
«Մոտտի» մարտավարությունը1 մարտական գործողություններ վարելու պարտիզանական մարտավարություն է, որն ակտիվորեն կիրառվել էր ֆինների կողմից խրհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում: Այն բաղկացած էր քանակական առումով հակառակորդի գերազանցող խմբավորումն առանձին մեկուսացված խմբերի բաժանումով, նրանց կտրելով միմյանցից և հիմնական ուժերից, որին հաջորդել էր մեթոդական ոչնչացումը։ «Մոտտի» մարտավարության ամենաբնորոշ առանձնահատկությունն այն էր որ փոքր, շարժական խմբերի ուժերով նրանք հարձակվում էին հակառակորդի տարակենտրոնացված ստորաբաժանումների վրա (պարզ ասած՝ շարասյուների վրա) և մեծ վնաս պատճառելով հաղորդակցություններին, կանգնեցնում կամ անշարժացնում էին հակառակորդին։
Այս սկզբունքը հայտնի էր վաղ ժամանակներից։ Մ.թ. 9 թվականին քերուսկների2 առաջնորդ Արմինիուսը3, օգտվելով այն հանգամանքից, որ Պուբլիուս Քվինտիլիուս Վարայի հրամանատարությամբ Տևտոբուրգյան անտառ մտած հռոմեական լեգեոնները ձգվել և կազմել էին երկար շարասյուն, ամբողջովին ջախջախեց հռոմեական զորաբանակը, որը մինչ այդ համարվում էր անպարտելի:
Բայց հենց ֆիններն էին, որ միաժամանակ օգտվեցին և՛ ռազմական գործողությունների թատերաբեմի բնույթից (ձյունածածկ հարթավայրեր, անտառներ ու ճահիճներ), և՛ հակառակորդի ուժերի տեղաշարժի կազմակերպման սխալ հաշվարկներից (տեղաշարժ մեքենայացված շարասյուներով): Իրենց նպատակներն իրագործելու համար ֆինները գործողություններին ինտենսիվորեն ներգրավեցին բարձր շարժունակություն ունեցող դահուկային ջոկատներ։
Մարտավարության էությունը
Մարտավարության էությունն այն է, որ հակառակորդի զգալի թվային գերազանցության պայմաններում խուսափել դիրքային մարտական գործողություններից և, ընդհանրապես, մարտակարգերում տեղակայված հակառակորդի խոշոր ուժերի հետ ցանկացած հանդիպումներից։ Այլ կերպ ասած, հնարավորինս խուսափել հակառակորդի կողմից պարտադրված ուղղակի մարտական բախումներից։ Միևնույն ժամանակ, նրանք ինտենսիվորեն պետք է գործեյին հակառակորդի ձգված և ապակենտրոնացած ուժերի դեմ թիկունքում և հաղորդակցություններում՝ հարձակվելով կանգնած (տեղակայված) կամ շարասյուններով շարժվող հակառակորդի վրա և պարտադիր բացահայտելով հակառակորդի հրամանատարական ու մատակարարման կետերի գտնվելու վայրերը՝ անհապաղ ոչնչացնեյին դրանք:
Ավելի պարզ «Մոտտի»-ի մարտավարությունը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.
- հայտնաբերել,
- կտրել,
- ոչնչացնել հակառակորդին
1939 թվականի դեկտեմբերի վերջին Սուոմուսալմիի մերձակայքում ԽՍՀՄ 163-րդ հրաձգային դիվիզիայի ջախջախման ուրվագիծը
Գործողությունների հաջորդականությունը
Ֆինն պարտիզանները շարասյունների վրա հարձակվելիս մշակել էին գործողությունների հետևյալ հաջորդականությունը.
- ականային լիցքի պայթեցմամբ, գնդացրի կամ դիպուկահարի միաժամանակյա կրակով շարքից հանվում են հակառակորդի շարասյան գլխամասային և շարափակող մեքենաները, ընդ որում ընտրվում է ճանապարհի այն հատվածը, որտեղ ֆիզիկապես անհնար է կամ զգալիորեն դժվար է շրջանցումը կամ վայրեջքը,
- դիպուկահարները ոչնչացնում են առաջին հերթին հակառակորդի վարորդներին, հրամանատարներին, կապավորներին ու դաշտային խոհանոցները, որից հետո շարասյունն անշարժացվում է, դառնում է անկառավարելի և հիմնական ուժերի հետ կապից կտրված,
- այն բանից հետո, երբ շարասյան կապը, տեղաշարժը և կառավարումն ապահովող զինծառայողները ոչնչացված էին, պարտիզանները, առանց շտապելու, շարունակում էին ջախջախել շարասյունը մինչև դրա ամբողջական ոչնչացումը կամ կամավոր գերի հանձնվելը (խորհդա-ֆիննական պատերազմի ընթացքում ֆիննական պարտիզանների շրջանում գործում էր գերիներ չվերցնելու դրույթը, ինչի կապակցությամբ հիմնական ուժերից կտրված խորհրդային ստորաբաժանումները հաճախ ոչնչացվում էին մինչև վերջին զինվորը): Այստեղից էլ գործողությունների մարտավարության անվանումը՝ «Մոտտի (տառացիորեն. «գերաններ») - այսպես էին ֆինները անվանել խոհրդային ստորաբաժանումները, որոնք նրանք կանգնեցրել, անշարժացրել էին, իսկ հետագայում համակարգված ոչնչացրել:
Հարկ է նշել, որ ձմեռային պատերազմի պայմաններում ֆինները չէին շտապում իրենց վրա վերցնել շարասյունում մնացած զինվորների ոչնչացումը, նրանք միայն հոգ էին տանում, որ ոչ ոք չկարողանա լքել շարսյունը և ոչ ոք չկարողանա օգնության հասնել նրանց: Հաշվի առնելով ծանր սառնամանիքները և մատակարարման բացակայությունը, ինքստինքյան այդ հարցը լուծվում էր հօգուտ ֆինների: Դրանից հետո, Կարմիր բանակի հիմնական ուժերի կողմից որևէ աջակցության բացակայության պատճառով, ֆինները պարզապես խլեցին խորհրդային հրետանին, տանկերը, բեռնատարներն ու այլ ՍՌՏ կամ ոչնչացրին այն ամենը ինչ հնարավոր չէր վերցնել:
Գաղափարի հետագա զարգացումը
Ինչպես նշում է ամերիկացի ռազմական տեսաբան Ուիլյամ Շենոնը, սպիտակ ֆինների կողմից հաջողությամբ փորձարկված մարտավարությունը, հետագայում, խորհրդային զորքերի դեմ պայքարելիս որդեգրել էին աֆղան մոջահեդներն ու չեչեն անջատողականները։ Պարտիզանական պատերազմի այս մարտավարությունն ինչ-որ չափով վերափոխվեց քաղաքային մարտերի պայմաններում, որտեղ չեչեն դաշտային հրամանատարները կիրառեցին նռնականետորդ-գնդացրորդ-դիպուկահար մարտական եռյակի կողմից կազմակերպվող դարանակալումների պրակտիկան: Նռնականետորդները խոցում էին զրահապատ տեխնիկան, դիպուկահարները՝ սպաներին, իսկ գնդացրորդը ստեղծում էր կրակային պատնեշ ռուսական ստորաբաժանումների պատասխան կրակի գոտուց եռյակի կազմակերպված ելքի համար:
Այսպիսի մարտավարությունն անջատողականներն օգտագործել են ոչ միայն Գրոզնիում, այլև դաշտային պայմաններում դաշնային ուժերի հետ բախումների ժամանակ, և մասնավորապես 1995-ի մարտի կեսերին չեչենական Աուլ և Ստարի Ատագի բնակավայրերի տարածքում 324-րդ գնդի 1-ին և 3-րդ մոտոհրաձգային գումարտակների հարձակման ժամանակ: Դա շատ առումներով հնարավոր դարձավ հրաձգային զենքի և հակատանկային նռնականետերի նոր տեսակների ի հայտ գալով, և, հետևաբար, համեմատած ձմեռային պայմանների հետ շարասյան գլխամասային ու շարափակող մեքենաները շարքից դուրս հանելը զգալիորեն պարզեցվեց, ինչը ֆինների մոտ բացակայում էր: Այն ժամանակ ֆիններն ապավինում էին կամ իրենց դիպուկահարների հրաձգային հմտություններին, կամ կառավարվող պայթեցման լիցքեր տեղադրելու ժամանակ ճշգրիտ հաշվարկին։
___________
- «Մոտտի» մարտավարությունը (ֆին. Motti-վառելու համար անտառափայտ հավաքելու մեթոդ, որի դեպքում գերանները չեն պահվում կույտերով, այլ հաշվարկի հարմարության համար կանոնաշաբ դարսվում են 1 մ3 ծավալով)՝ մարտական գործողությունների վարման պարտիզանական մարտավարություն: Тактика «Мотти»
- Քերուսկիները (գերմ.՝ Cherusker, լատ. Cherusci, Հուն. Χηρούσκοι, Χαιρουσκοί) հին գերմանական Արևելյան խմբին պատկանող ցեղերից մեկն էր: Քերուսկի
- Արմինիուս (լատ. Arminius (մ.թ.ա.16 - մ.թ.21 թվական): Ինչպես հայտնում է Հին Հռոմեական պատմիչ Տակիտոսը, Արմինիուսը գերմանական քերուսկ ցեղի առաջնորդ Սեգիմերի որդին էր։ Տակիտոսի վկայությամբ՝ Մ.թ. 4 թվականից Արմինիոսը դառնում է քերուսկներից կազմված օժանդակ զորքերի հրամանատար, ուսումնասիրում է լատիներենը և հռոմեական ռազմական գործը (Тацит, «Анналы», II 10)։ Ընդ որում, նրան հաջողվել է արժանանալ հեծյալի կոչմանը և դառնալ Հռոմի քաղաքացի: Арминий
- Ծանոթագրություն. 1939 թվականի նոյեմբերի 30-ին 163-րդ հրաձգային դիվիզիան՝ հրամանատար Ա.ի. Զելենցովի հրամանատարությամբ, հատելով ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի սահմանը, Ուխտա գյուղի (այժմ՝ Կալևալա) մոտակայքում սկսեց շարժվել դեպի արևմուտք՝ Սուոմուսալմիի ուղղությամբ։ Խորհրդային ուժերի դեմ կանգնած էր միայն սահմանի պահպանության կորպուսի 15-րդ գումարտակը։ Ֆինն սահմանապահներին հաջողվեց որոշակիորեն նվազեցնել խորհրդային զորքերի հարձակման տեմպը: Արդեն դեկտեմբերի 7-ին 163-րդ հրաձգային դիվիզիան հասավ Սուոմուսալմի։
Այդ ժամանակ Ֆինլանդիայի զինված ուժերի հրամանատար Կառլ Գուստավ Մանհերհայմը մի քանի հազար զինվոր ուղարկեց այդ շրջան՝ գնդապետ Յալմար Սիիլասվուոյի գլխավորությամբ, որին հաջողվեց շրջապատել 163-րդ հրաձգային դիվիզիան։
Դրանից հետո Խորհրդային հրամանատարությունը հրաման տվեց 44-րդ հրաձգային դիվիզիան ուղարկել շրջափակված 163-րդ դիվիզիային օգնության:
1939 թվականի դեկտեմբերի 20-ին 44-րդ հրաձգային դիվիզիայի առաջապահ ջոկատները, որոնք ուժեղացված էին զրահատանկային բրիգադով, ԽՍՀՄ-ից մտան Ռաատսկայա ճանապարհ և սկսեցին շարժվել դեպի Սուոմուսալմի, որտեղ գտնվում էր շրջապատված 163-րդ հրաձգային դիվիզիան։
Իր կազմում ունենալով ավելի քան 15 հազար մարդ, ավելի քան 40 տանկ, 120 դաշտային հրանոթ, հարյուրավոր բեռնատարներ և 4500 ձի, դիվիզիան չորս մետրից պակաս լայնությամբ ճանապարհին ձգվել էր 20 կիլոմետր: Օգտվելով այս հանգամանքից, ֆիններն արգելափակեցին Խորհրդային սահմանի մոտ գտնվող Ռաատսկայայի ճանապարհը՝ զրկելով Կարմիր բանակի ուժերին Խորհրդային տարածք նահանջելու հնարավորությունից: Այնուհետև շեշտակի հարվածներով դիվիզիան բաժա¬նեցին վեց «կաթսաների», որից հետո սկսեցին համակարգված ոչնչացնել նրանց: Հունվարի 7-ին դիվիզիայի առաջխաղացումը վերջնականապես դադարեցվեց։
Այդ ժամանակ Ա. Զելենցովը, չսպասելով 44-րդ հրաձգային դիվիզիայի ստորաբաժանումների մոտեցմանը, որոշում կայացրեց ինքնուրույն դուրս գալ շրջապատումից։ Շարժվելով հյուսիս-արևելյան ուղղությամբ և կորցնելով անձնակազմի մոտ 30%-ն ու ՍՌՏ-ի զգալի մասը՝ դիվիզիայի մնացորդները, սառույցի վրայով հաղթահարեցին Կիանտայարվի լիճը հասան խորհրդային սահմանին:
Արդյունքում. Սուոմուսալմիից Ռաատա տանող ճանապարհին ֆինները գրավեցին 43 տանկ, 71 դաշտային հրանոթ, 260 բեռնատար մեքենա, 29 հակատանկային թնդանոթ և ավելի քան հազար ձի։ 44-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Ա.Վինոգրադովը, շտաբի պետ, գնդապետ Օ.Վոլկովը և քաղաքական բաժնի պետ գնդային կոմիսար Ի.Պախոմենկոն, ովքեր լքել էին դիվիզիան ճակատա¬մարտի վճռական պահին, ռազմական տրիբունալի կողմից 1940 թվականի հունվարի 11-ին դատա¬պարտվեցին գնդակահարման: Битва при Суомуссалми
Հրապարակվել է 19/09/23
