ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ
Հայերը գրեթե մենաշնորհել են «ամենա» սահմանումը՝ ինչպես գովազդվող նվաճումների, այնպես էլ թերությունների մասով։ Բայց տեսնենք, թե ինչ է ասել իր ժողովրդի, ազգային բնավորության և քաղաքական համակարգի մասին գերմանական Երկրորդ կայսրության հիմնադիր իշխան Օտտո ֆոն Բիսմարկը։
Նա ով նախկինում չտեսնված քայլեր և հնարքներ էր կիրառել դիվանագիտության և ներքին քաղաքականության ոլորտում, հանդիսանալով պահպանողական և հետադիմական։
Նա ով դիվանագետ էր, ներքուստ ավելի կարգապահ և կառուցվածքային էր, քան ժամանակակից պրուսական գեներալիտետի մեծ մասը:
Նա հին կարգի պահապանն էր, ով աջակցում էր կրթության առավել ժամանակակից համակարգին:
Նրան չէին սիրում ոչ ձախերը, ոչ աջերը, ոչ էլ նույնիսկ յուրայինները, որոնցից ոչ մեկը պատմության փորձությունը չանցավ, իսկ նա քրտնաջան աշխատանքով և սահմանափակ հնարավորություններով անշեղորեն հասավ իր նպատակներին:
Մեկուկես դար առաջվա դառը քննադատությունն այսօր բացարձակապես արդիական է մեր երկրի համար. պարզապես «երկաթե վարչապետը» չի հուսահատվել, հասկանալով մարդկային ցեղի թուլությունը և ընտրելով գործողությունը՝ բողոքին ու արդարացումներին։
Հիմա կարդացե՛ք, պարզապես «գերմ»-ը փոխարինելով «հայ»-ով՝ միգուց՞ե բավական է նվնվալ, և ժամանակն է անցնել գործի:



Օտտո ֆոն Բիսմարկ

ՄՏՔԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ

ОГИЗ – СОЦЭКГИЗ; Москва, 1940-1941

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Մարդու էությանը բնորոշ է այնպիսի հատկություն, որի շնոհիվ շփվելով այս կամ այն կարգերի հետ, հակված է զգալ և տեսնել առաջին հերթին փշերը, և ոչ թե վարդերը: Այդ փշերը նրան գրգռում են առկա իրողության դեմ։ (հ․ 1, էջ 8-10)

...արևմտյան տերություններին երկրպագելու ոգով …արքայադուստր Ավգուստան …զտարյուն գերմանուհի էր՝ մեզ բնորոշ ազգային հատկանիշներով, որն առավել ցայտուն արտահայտված էր "Das ist nicht weit her, taugt also nichts" («դրսից լավը չկա») ասացվածքում։ Չնայած Գյոթեի, Շիլլերի և Վեյմարի Ելիսեյան դաշտերի մյուս մեծ ստվերների, իր հոգևոր մակարդակով աչքի ընկնող այս նստավայրը զերծ չէր նախապաշարմունքներից, որոնք մինչ այժմ ծանրացած են մեր ազգային զգացողության վրա, կարծես ցանկացած ֆրանսիացի և, ամեն դեպքում անգլիացի, իր ծագման և իր ազգային պատկանելիության պատճառով, գերմանացու համեմատ ավելի բարձր կարգի արարած է, և կարծես Փարիզի և Լոնդոնի հասարակական կարծիքի գովասանքը մեր արժանիքների ավելի համոզիչ ապացույցն է, քան մեր սեփական ինքնագիտակցությունը: (հ. 1, էջ 87)

Կարելի էր կարծել, թե ցավագին, վատ կառավարումը երկար ժամանակ այնպես է տրամադրել ժողովուրդին իշխանության դեմ, որ աննշան քամու դեպքում բոց է բռնկվում: Ամեն քայլափոխին սայթաքելու մեղավորը մեր քաղաքական անհասությունն է։ Վերջին տասնչորս տարիների ընթացքում մենք ազգին սերմանել ենք քաղաքականության համը՝ չկարողանալով բավարարել նրա ախորժակը, և նա, հետևաբար, իր սնունդը փնտրում է աղբահորերում: (հ․ 1, էջ 177)

… Մեր մեջ չկան այնպիսի մարդիկ, ովքեր հաշվի չեն առել, որ իրենք ամեն ինչում՝ սկսած պատերազմ վարելուց մինչև շների մեջ լու բռնելը, ավելի լավ են հասկանում, քան պատրաստված բոլոր մասնագետները միասին վերցրած, մինչդեռ այլ երկրներում, այնուամենայնիվ, կան շատ մարդիկ, ովքեր ընդունում են, որ իրենք որոշ բաներից ավելի քիչ են հասկանում, բավարարվում են դրանով և լռում։ (հ․ 1, էջ 189)


ԲԱՆԱԿ

Թող Աստված օգնի մեզ: ...Համընդհանուր քայքայման գործընթացում ես կարող եմ անվանել միայն մեկ դիմադրողական մարմին՝ բանակ: Այն փտելուց պաշտպանելը խնդիր է, որը ես համարում եմ լուծելի, սակայն միայն որոշ ժամանակ։ Բանակն էլ կդառնա ժանտախտի զոհ, եթե գործի չդրվի, եթե վերևից չմատակարարվի կենսական օդի շիթը, բայց օրեցօր դա էլ է դժվարանում: (հ․ 1, էջ 179)


ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռազմական կարգապահությանը ոչ բավարար չափով ծանոթ քաղաքացիական պրուսական դիվանագետների շրջանակներում ես սովորաբար հանդիպել եմ քննադատության, ամեն ինչի իմացության, ընդդիմության և անձնական նեղացկոտության չափազանց մեծ հակվածությանը …հարուստ կամ օտար լեզուներին, հատկապես ֆրանսերենին պատահաբար տիրապետող անձանց թվից թեկնածուները հավակնում են հատուկ արտոնությունների և առավել հակված են ղեկավար ոլորտների ամենախստապահանջ քննադատությանը: Լեզուների իմացությունը, թեկուզ ավագ մատուցողի գիտելիքների չափով, մարդկանց առիթ էր տալիս իրենց համարել դիվանագիտական հառաջադիմության և հռչակ ձեռք բերելու կոչված։ (հ․ 1, էջ 3)

Դիվանագետի համար, ով ծառայություններ է մատուցում կառավարությանը, որտեղ նա հավատարմագրված է, մեծ է գայթակղությունը պահպանել իր դեմքը ծառայության և հասարակական մեջ: (հ․ 2, էջ 4)


ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱ

Եթե համեմատության համար հպանցիկ հայացք նետենք արդիականության ուղղությամբ, ապա պետք է նշենք, որ ժամանակին հույս ունեինք, որ տեղական ինքնակառավարման ներկայիս համակարգի ներդրումից հետո պետական հիմնարկները կազատվեն գործերի և պաշտոնյաների ավելցուկից։ Իրականում ճիշտ հակառակն ստացվեց: Սկսած գավառական խորհրդից մինչև գյուղական համայնքային կառավարում, նամակագրության ավելացման և վարչական ատյանների ու ինքնակառավարման մարմինների միջև շփման պատճառով պաշտոնյաների թիվը և նրանց բեռնվածությունը զգալիորեն աճեց։ Վաղ թե ուշ կգա ճգնաժամային պահը, երբ մենք կհայտվենք փշրված գրչության, իսկ ամենակարևորը՝ ստորադաս բյուրոկրատիայի բեռի տակ։ …Այդպիսով, «ինքնակառավարում» նշանակում է բյուրոկրատիայի կտրուկ ուժեղացում, պաշտոնյաների ու նրանց իշխանության բազմապատկում և մասնավոր կյանքի միջամտություն:

Հաճախ ես հանդես էի գալիս միայն նոր կարևոր օրենքների և կազմակերպությունների նկատմամբ իմ գործընկերների «գրասեղանային կանոնակարգման» հակվածության դեմ, քանի որ գիտեի, որ եթե ոչ իրենք, ապա նրանց խորհրդականները չգիտեն օրենքներ հորինելու սահմանները… (հ. 2, էջ 187)


ԱՆՁՆԱԿԱՆ - ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հասարակական կարծիքի արտահայտման համար այն ժամանակ ընդունվում էր «օրվա քամհարքը», որն առավել աղմկոտ էր հանդես գալիս մամուլում և խորհրդարաններում, բայց չէր արտացոլում ժողովրդի տրամադրությունները, մինչդեռ այդ տրամադրությունից էր կախված, թե արդյոք զանգվածները կարձագանքեն վերևից բնական խողովակներով եկող կոչերին։ …Քանի դեռ չկա այդպիսի (սովորաբար ոչ շուտ դրսևորվող) գործողություն, քանի դեռ խոշոր կենտրոններում աղմկում են միայն novarum rerum cupidi (փոփոխություններ փափագող) մարդիկ, ինչպես նաև զգացմունքների բուռն արտահայտմանը հակված մամուլն ու խորհրդարանը, - իրական քաղաքական գործչի համար ուժի մեջ է մնում Կորիոլանոսի1 նկատառումը ժողովրդական շարժումների վերաբերյալ՝ չնայած նա հաշվի չէր առնում տպագրական ներկը: (հ. 1, էջ 44)

...Ուղերձի նախագծում մեր ժամանակը կոչվում է մեծ. ես այստեղ ոչ մի մեծ բան չգտա, բացի անձնական փառասիրությունից, ոչ մի մեծ բան, բացի անվստահությունից, ոչ մի մեծ բան, բացի կուսակցական ատելությունից: Ահա մեծի երեք դրսևորում, որոնք, իմ ընկալմամբ, մեր ժամանակը պիտակավորում են որպես չնչին, և հայրենիքի հավատարիմ զավակների աչքում մթագնում ապագայի տեսլականը: (հ. 1, էջ 51)

...Պատգամավորների մեծամասնությունը ոչինչ չի կարդում և չի ուսումնասիրում, այլ գործող և իրենց շահերով առաջնորդվող խմբակցությունների ղեկավարներին հարցնում է, թե երբ գալ նիստին և ինչպես քվեարկել: Այս ամենը բնորոշ է մարդկային էությանը, և ոչ մեկին չի կարելի դատապարտել, որ նա անկարող է փոխել իր մաշկի գույնը: Միայն թե պետք չէ ինքնախաբությամբ զբաղվել, որ ներկայումս մեր օրենքներն ուսումնասիրվում ու պատրաստվում են այնքանով, որքանով դա անհրաժեշտ է, կամ գոնե, ինչպես դա եղել է… (հ. 2, էջ 248)

Կարող եմ միայն հայտարարել, որ ես վերագրում եմ խորհրդարանական խմբակցություններին՝ ինչպես նրանց պասիվ տարրերին, այնպես էլ կարիերիստներին, ովքեր առաջնորդել են իրենց հետևորդներին և նրանց քվեարկությունը, մեր ապագային վնաս հասցնելու ավելի ծանր մեղքը, քան իրենք են դա գիտակցում... Միայն առաջնորդները կարող են դատել, պատգամավորներից ով է գիտակցաբար գործում կայսրության նպատակներին թշնամաբար, իսկ ով ՝ մտքի տկարության պատճառով…։ (հ. 2, էջ 276)

Իսկ իրականում իմ տպավորությունն այնպիսին է, որ մեր խմբակցություններից յուրաքանչյուրն իր քաղաքականությունն է վարում, կարծես իրենցից բացի ոչ ոք չկա, իրենք իրենց մեկուսացնում են իրենց իսկ ստեղծած կղզում՝ հաշվի չառնելով հանրության շահերն ու արտերկում իրավիճակը։ Միաժամանակ, չի կարելի նույնիսկ ասել, որ քաղաքական պայքարի ասպարեզում խմբակցությունների յուրաքանչյուր առանձին անդամի համար խղճի և անհրաժեշտության խնդիր է հանդիսանում քաղաքական սկզբունքների և տեսակետների տարբերությունը: Խմբակցությունների անդամների մեծամասնությանը բնորոշ է տարբեր դավանանքների հետևորդների մեծամասնության պահվածքը՝ իրենց և մրցակցող համոզմունքների տարբերությունը ներկայացնելու խնդրանքի դեպքում նրանք հայտնվում են անախորժ իրավիճակի մեջ: Մեր խմբակցություններում բյուրեղացման իսկական կենտրոնը ոչ թե ծրագիրն է, այլ անձը՝ խորհրդարանական վարձկանը։

Նույն կերպ, որոշումները բխում են ոչ թե խմբակցությունների անդամների տեսակետներից, այլ առաջնորդի կամ ականավոր խոսնակի (ինչը սովորաբար համընկնում է) կամքից: Խմբակցության ղեկավարությանը կամ ճարպիկ խոսնակին դիմակայելու առանձին անդամների փորձը առընչված է այնպիսի դժվարությունների, քվեարկության ժամանակ պարտության, առօրյա մասնավոր կյանքի բարդացումների հետ, որ անհրաժեշտ է ունենալ շատ ինքնուրույն բնավորություն՝ ղեկավարության կարծիքի հետ չհամընկնող սեփական կարծիքը պաշտպանելու համար։ Իր հերթին, միայն բնավորությունը բավարար չէ, եթե այն չի զուգորդվում բավարար գիտելիքներով և աշխատունակությամբ: (հ․ 2, էջ 147-148)

...կամ էլ մեզ կղեկավարեն պրոֆեսորները, շրջանային դատավորները և գավառական շատախոսները... Հանրաճանաչության ուրվականի հետապնդումը … զրկեց մեզ Գերմանիայում և Եվրոպայում մեր դիրքերից։ Մենք չենք կարող վերականգնել այն, եթե տրվենք հոսանքի կամքին՝ հույս ունենալով միաժամանակ կառավարել այն … (հ․ 2, էջ 4)

Դուք կարծում եք, որ «գերմանական հասարակական կարծիքում», պալատներում, թերթերում և այլուր, կա ինչ-որ մի բան, որը կարող է աջակցել մեզ և օգնել միասնության և գերիշխանության հասնելու մեր քաղաքականությանը: Ես դա համարում եմ հիմնարար մոլորություն, ֆանտազիայի արդյունք: Մենք կուժեղանանք ոչ թե պալատների և մամուլի վրա հիմնված քաղաքականությամբ, այլ զինված ձեռքի մեծապետական քաղաքականությամբ։ Մենք ուժերի ավելցուկ չունենք, որպեսզի վատնենք այն կեղծ ճոռոմախոսության ուղղությամբ … (հ․ 2, էջ 5)

Դրանով մենք ընդունում էինք, որ կարիք ունենք այլ տերությունների վկայագրի, որպեսզի մեզ մեծ տերություն զգանք… Revelation (հայտնությունը), որ Պրուսիան մեծ տերություն է, ժամանակին ճանաչվել է Եվրոպայի կողմից, երկար տարիների փոքրոգի քաղաքականության արդյունքում թուլացավ, և ի վերջո հայտնվեց ողորմելիի դերում…(հ․ 1, էջ 199-200)

Հետադարձ հայացք նետելով այս իրադարձություններին՝ ես դրանց մեջ տեսնում եմ տխուր ապացույց այն բանի, թե անազնվության և հայրենասիրության լիակատար կորստի ինչ սահմանների է հասցնում մեզանում քաղաքական կուսակցությունների կուսակցական ատելությունը։ Նման բան կարող է տեղի ունենալ այլուր, բայց ես չգիտեմ մեկ այլ երկիր, որտեղ միասնական ազգային զգացումը և ընդհանուր հայրենիքի հանդեպ սերն այսքան թույլ խոչընդոտ են կուսակցական կրքերի խրախճանքին…

Կուսակցությունները միմյանցից տարբերվում են ոչ այնքան ծրագրերով ու սկզբունքներով, որքան այն անձերով, որոնք վարձկանի պես կանգնած են նրանցից յուրաքանչյուրի գլխին և փորձում են հավաքագրել այդ առաջնորդի կամ առաջնորդների հետ իշխանության գալու հույս ունեցող պատգամավորների ու կարիերիստ լրագրողների հնարավորինս մեծ շքախումբ։ Խմբակցությունները փոխադարձ պայքարի և թշնամանքի դրդող սկզբունքային ծրագրային տարբերություններն այնքան ուժեղ չեն, որպեսզի հիմնավորեն այդ խմբակցությունների միջև կրքոտ պայքարը… (հ․ 2, էջ 4)

Պետություն, որը կառավարում են ագահները, novarum rerum cupidi (փոփոխություններ փափագողները) և դատողությունից զուրկ զանգվածներին խաբելու առավելագույն կարողություն ունեցող հռետորները, այդպիսի պետությունը միշտ դատապարտված է լինելու արագ զարգացման, ինչն անխուսափելիորեն ծանր վնաս է պատճառելու այնպիսի ծանրաշարժ զանգվածին, ինչպիսին պետական ընդհանրությունն է։ (հ․ 2, էջ 56)


___________
  1. Գնեուս Մարկիուս Կորիոլանոսը վտարանդի հեղափոխական գործչի նախատիպն է նկարագրված Շեքսպիրի «Կորիոլանի ողբերգություն» գրքում։ Կորիոլանոսը հռոմեական քաղաքական վերնախավին պատկանող պատրիկ - զորավար էր։ Նա սխրանքներ էր գործել Հռոմի անունից, սակայն, միաժամանակ, արիստոկրատական հակաժողովրդավարական արհամարհանքի կրողն էր ժողովրդի՝ պլեբեյների նկատմամբ, ովքեր պահանջում էին իրենց իրավունքները պատրիցների դեմ ներքաղաքական պայքարում։ Ժողովրդական տրիբունների ինստիտուտի միջոցով պլեբեյները հյուպատոս ընտրելու փոխարեն Կորիոլանոսին վտարում են Հռոմից։ Կորիոլանոսը ներծծվում է ատելությամբ իշխանության բոլոր ինստիտուտների և իր հայրենիքի՝ Հռոմի նկատմամբ և դաշնակցում է Հռոմի թշնամիների հետ: Ի դեպ, նույնիսկ նրա անունը «Կորիոլան» տրվել էր ի պատիվ Կորիոլիում տարած հաղթանակի, այն զորքերի նկատմամբ հաղթանակի, որոնց այժմ նա գլխավորում էր Հռոմի դեմ արշավում: Հաղթանակը մոտ էր, սակայն քաղաքի ծայրամասում նրա առջև են դուրս գալիս մայրը, կինն ու որդին։ Նրանց հետ զրուցելուց հետո Կորիոլանոսը հաշտություն է կնքում Հռոմի հետ։ Սակայն նոր ընկերները չեն ներում Կորիոլանոսին և սպանում են նրան։



Հրապարակվել է 12/05/23
Թարմացվել է 05/06/23