Շատերը կհամարեն, որ անցյալի փորձը տեղին է անցյալի համար, չէ որ ապրում ենք 21-րդ դարում, ամեն ինչ նախկինի պես չէ։ Այս կերպ դատողներն իսկապես չպետք է Բիսմարկ կարդան: Հաղթանակին հասնում են «երկաթով և արյունով», ասում էր մի մարդ, ով կարողանում էր ժամանակակիցներից ավելի լավ մտածել: «Երկաթե վարչապետի» պես հաղթողներին ատում են թուլամորթները, իսկ մյուսներին մնում է սովորե՜լ ու սովերե՜լ…
Օտտո ֆոն Բիսմարկ
ՄՏՔԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
ОГИЗ – СОЦЭКГИЗ; Москва, 1940-1941
ԱՆՁՆԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՄՔ
Իմ պատմական համակրանքը մնացել է իշխանության կողմում։ (Հ. 1, էջ 1)
...Մարդկանցով հիանալու իմ հակումը թույլ է զարգացած, և աչքերս այնքան տարօրինակ են դասավորված, որ ես ավելի լավ եմ տեսնում թերությունները, քան առավելությունները: (Հ. 1, էջ 113)
Ես հավատացյալ քրիստոնյա եմ, բայց վախենում եմ, որ իմ կրոնական համոզմունքներում կարող էի շեղվել ճշմարիտ ուղուց, եթե Աստծո հետ հարաբերվելիս կաթոլիկների նման սահմանափակվեի քահանայի միջնորդությամբ: (Հ․ 3, էջ 16)
Պարտքի մասին իմ ըմբռնումը թույլ չի տալիս ինձ, կամ այլոց արդարացնել՝ արտաքին քաղաքականության ոլորտում ծառայողական պարտականությունները կատարելիս օտարերկրյա տերությունների և անձանց հանդեպ համակրանքի և հակակրանքի դրսևորումները, քանի որ դրանում թաքնված է անհավատարմության սաղմը միապետի, կամ այն երկրի նկատմամբ, որին մենք ծառայում ենք, հատկապես, եթե դրանից է կախված գոյություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները և խաղաղության ժամանակ համաձայնության պահպանումը: Այստեղ, իմ կարծիքով, դադարում է ցանկացած քաղաքականություն, այլ գործում է պարզապես անձնական կամայականություն։
Հայրենիքի շահերը ստորադասել ուրիշի հանդեպ սիրո, կամ ատելության անձնական զգացմունքներին, իմ համոզմամբ, նույնիսկ թագավորն իրավունք չունի ... (Հ. 1, էջ 113-114):
Իմ վերաբերմունքը օտարերկրյա կառավարությունների նկատմամբ որոշվում է ոչ թե քարացած հակակրանքներով, այլ միայն Պրուսիայի համար այստեղից բխող հնարավոր օգուտով, կամ վնասով։ Զգացմունքային քաղաքականությունը փոխադարձության չի արժանանում, այն բացառապես պրուսական առանձնահատկություն է։ Յուրաքանչյուր այլ կառավարություն իր գործողություններում առաջնորդվում է միայն իր սեփական շահերով, անկախ նրանից, թե որքան է փորձում դրանք ծածկել իրավական, կամ զգացմունքային պատճառաբանությամբ: Մեր զգացմունքների արտահոսքը ողորմորեն ընդունվում և շահագործվում է: Ըստ այդմ նրանք նույնիսկ շնորհակալություն չեն հայտնում մեզ, այլ պարզապես ընդունում են որպես դյուրահավատի [dupe]:
Ու՞մ կողմն եմ ես՝ ռուսների, թե արևմտյան տերությունների հարցին, միշտ պատասխանել եմ, որ կանգնած եմ Պրուսիայի կողքին և արտաքին քաղաքականության ոլորտում իդեալական եմ համարում նախապաշարմունքների բացակայությունը, օտարերկրյա պետությունների և նրանց կառավարիչների համակրանքից, կամ հակակրանքից անկախ գործելակերպը: ... ես անձամբ նույն գոհունակությունը կստանամ, ում դեմ էլ շարժվեն մեր զորքերը՝ ֆրանսիացիների, ռուսների, անգլիացիների, թե ավստրիացիների դեմ, միայն թե ինձ ապացուցեն, որ դա է պահանջում պրուսական առողջ և լավ մտածված քաղաքական շահերը։ Բայց խաղաղ ժամանակ ես սեփական ուժերի անհեթեթ խաթարում եմ համարում դժգոհություն առաջացնելը, կամ դրան աջակցելը՝ դրա հետ չկապելով որևէ գործնական քաղաքական նպատակ։ Ծիծաղելի եմ համարում ռիսկի ենթարկել իմ ապագա որոշումների և դաշինքների ազատությունը փոխադարձության չհանդիպող անորոշ համակրանքների համար և գնալ միայն բարության և love of approbation [հավանության ծարավի] նման զիջումների… Եթե այժմ չենք կարող ակնկալել համարժեք ծառայություն, ապա պետք է ձեռնպահ մնալ դրանից՝ այդպիսի համաձայնագրի օբյեկտ օգտագործելու դեպքը կներկայանա, հնարավոր է, ավելի ուշ: (Հ. 1, էջ 124):
Իմ հարգանքը, այսպես կոչված, հասարակական կարծիքի նկատմամբ, այսինքն՝ բանախոսների և թերթերի կողմից ստեղծված աղմուկի նկատմամբ, երբեք առանձնապես մեծ չի եղել, բայց ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այն էլ ավելի ցածր է ընկել երկու դեպքերի արդյունքում, որոնք ես համեմատեցի վերևում (Հ. 2, էջ 11):
Նույնիսկ այն դեպքում, երբ մեր զգացմունքները վիրավորվում են, մենք պետք է առաջնորդվենք ոչ թե սեփական դժգոհությամբ, այլ օբյեկտիվ կարգի նկատառումներով։ (Հ. 2, էջ 65)
Ես երբեք չեմ կորցրել հումորի զգացումը, նույնիսկ կյանքիս ամենալուրջ պահերին: (Հ. 3, էջ 97)
Ունայնությունն ինքնին հիփոթեք է, որը պետք է հանվի դրանով բեռնված մարդու կարողություններից՝ որպեսզի պարզվի այն մաքուր եկամուտը, որը մնում է որպես նրա ունակությունների օգտակար արդյունք: (Հ. 3, էջ 99):
ՊԱՏԵՐԱԶՄ
Բուխարիի մոտ նստած գրասենյակային, կամ պալատական գործչին դժվար չէ մոդայիկ միտումներին համահունչ մարտական շեփոր հնչեցնել և ամբիոնից ամպագոռգոռ ելույթներ ունենալ՝ լուծումը թողնելով ձյան մեջ արյունահոսող հրացանակիրին: Դրանից ավելի հեշտ բան չկա, բայց վայ այն պետական գործչին, ով այդ պահին չի հոգում պատերազմ վարելու այնպիսի հիմք գտնելու ուղղությամբ, որը պատերազմից հետո էլ դեռ կպահպանի իր նշանակությունը: (Հ. 1, էջ 52)
...Միևնույն ժամանակ, ես բոլորովին չեմ վախենում պատերազմից՝ ճիշտ հակառակը, ու միաժամանակ անտարբեր եմ հեղափոխականների, կամ պահպանողականների ցանկացած հռետորաբանության նկատմամբ, ընդհանրապես: (Հ. 2, էջ 6)
...ես համոզված էի, որ նույնիսկ հաղթական պատերազմների համար կարելի է պատասխանատվություն կրել միայն այն դեպքում, եթե դրանք պարտադրված են, և պետք չէ նախախնամության խաղաքարտերին այնքան նայել, որպեսզի սեփական հաշվարկներով կանխագուշակել պատմական զարգացումը։ Միանգամայն բնական է, որ բանակի գլխավոր շտաբում ոչ միայն ավելի երիտասարդ, նախանձախնդիր սպաները, այլև փորձառու զորավարները կարիք ունեն գործում դրսևորելու և պատմությանը ցուցադրելու իրենց հրամանատարության տակ գտնվող զորքերի մարտունակությունն ու դրանք ղեկավարելու սեփական կարողությունը։ Ափսոսանքի է արժանի բանակում ռազմական ոգու այս ազդեցության բացակայությունը։ Ժողովուրդների խաղաղ բարգավաճման օրինական շահերից ելնելով այն զսպելը պետության քաղաքական, այլ ոչ թե ռազմական վերնախավի պարտականությունն է: (Հ. 3, էջ 87)
...Ռազմական առումով մեր կաշկանդվածության մեղքը … թաքնված էր անպլանայնության, թեթևամիտության և ժլատության այն խառնուրդի մեջ, որով…վարվում էր մեր քաղաքականությունը՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ոլորտներում։ Ռազմական ոլորտում, սակայն, այն այնպիսի բնույթ էր կրում, որ ձեռնարկվող միջոցառումները հիմք էին տալիս ենթադրելու, որ բարձրագույն ոլորտներում՝ Բեռլինում, ընդհանրապես հաշվի չէին առնում հրատապ հարցերի լուծումը պատերազմի կամ գոնե ռազմական պատրաստության ճանապարհով։ Չափից դուրս շատ են զբաղվում հասարակական կարծիքի, ելույթների, թերթերի և սահմանադրական քաշքշոցներով …արտաքին քաղաքականության ոլորտում ամուր ծրագրեր կազմելու և գործնական նպատակներին հասնելու համար։
Այն ժամանակվա պրուսական քաղաքականության հիմնական սխալն այն էր, որ նրանք հնարավոր էին համարում լրագրողական, խորհրդարանական և դիվանագիտական հմտությունների միջոցով հասնել այն հաջողությունների, որոնք կարող էին ձեռք բերվել միայն պայքարով կամ դրան պատրաստ լինելով։ Ակնկալվող հաջողությունները կարծես պարտադրված էին մեր առաքինի համեստությանը՝ որպես վարձատրություն այն հռետորական գործունեության համար, որում դրսևորվոում էր մեր «գերմանական ոգին»: Դա հետագայում անվանեցին «բարոյական» հաղթանակ։ Հույսն այն էր, որ ուրիշները կանեն մեզ համար այն, ինչը մենք ինքներս չէինք համարձակվում անել: (Հ. 1, էջ 55)
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐ ԵՎ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐ
Դաշինքը ենթադրում է այս, կամ այն դրթապատճառ, որոշակի նպատակ: (Հ. 1, էջ 185)
... անկասկած, շատ կարևոր է հետևյալ հանգամանքը: Մենք ոչ մեկի հետ դաշինք չենք կազմում և ոչ մի արտաքին քաղաքականություն չենք վարում՝ հենց ակտիվ [քաղաքականություն]։ Մենք սահմանափակվում ենք միայն նրանով, որ վերցնում ենք մեր բանջարանոց նետված քարերը և մեր ուժերի ներածին չափով մաքրում մեզ վրա թափվող կեղտը: (Հ. 1, էջ 114)
...Դաշինքները շահերի և մտադրությունների համայնքի արտահայտությունն են: Ես չգիտեմ, թե արդյոք մեր քաղաքականությունը այժմ պարունակում է գիտակցված նպատակներ ու մտադրություններ, բայց գիտեմ, որ ուրիշները կհիշեցնեն մեզ մեր իսկ շահերի մասին։ Իսկ մենք առայժմ կարող ենք դաշինքի հույսը դնել միայն նրանց հետ, ում շահերն առավել բազմազան են խաչասերվում և նույնիսկ բախվում մեր շահերին... (Հ. 1, էջ 115)
Իսկ ինչու՞ որևէ մեկը պետք է գործի մեր օգտին Նեյենբուրգի հարցում և պաշտպանի մեր շահերը։ Հնարավոր՞ էր մեզանից ինչ-որ բան ակնկալել որպես ծառայության վարձատրություն, կամ այլ կերպ վախենալ մեզանից: Թող ուրիշները մեզանից ակնկալեն, որ մենք քաղաքականության մեջ կգործենք միայն համընդհանուր արդարության զգացումից, կամ հաճոյանալու ցանկությունից ելնելով, մենք իրավունք չունենք դա ակնկալել ուրիշներից։ (Հ. 1, էջ 116)
Մեր ներքին դրության վրա նրա սեփական թերություններն արտացոլվում են հազիվ թե ավելի ծանր, քան արտասահմանում մեր հեղինակության կորստի և մեր քաղաքականության բացարձակ պասիվ դերի՝ բոլորին տիրացած ճնշող գիտակցությունը։ Մենք ունայն ազգ ենք, մեզ տխրեցնում է, երբ չենք կարող ոչնչով պարծենալ, և հանուն կառավարության, որը մեզ կշիռ է ստեղծում արտերկրում, մենք կարող ենք շատ բան հանդուրժել և շատ բան (նույնիսկ փող) զոհաբերել: Հաջորդը, կարող՞ եք տալ որևէ դաշնակցի անուն, որը կարող էր հուսադրել Պրուսիային, եթե գործը հասներ պատերազմին…, կամ ով ինչ-որ բան կաներ մեզ համար՝ ապավինելով մեր աջակցու¬թյանը կամ վախենալով մեր թշնամանքից: Մենք ամենաբարեսիրտ, ամենաանվնաս քաղաքական գործիչներն ենք, և, սակայն մեզ, ըստ էության, ոչ ոք չի վստահում: Մենք համարվում ենք անվստահելի ընկեր և անվտանգ թշնամիներ...: Ես չեմ խոսում ներկա պահի մասին, բայց կարող եք ինձ անվանել որևէ դրական ծրագիր (պաշտպանողական, որքան ցանկանում եք) կամ որևէ նպատակ մեր արտաքին քաղաքականության մեջ... (Հ. 1, էջ 117-118)
Ես գտնում էի, որ պատերազմն այնպիսին է, ինչպիսին այն եղել է՝ չափազանց լուրջ և վտանգավոր, որպեսզի այն պայքարում, որում վտանգված էր ոչ միայն մեր ազգային ապագան, այլև մեր պետության գոյությունը, մեզ թույլ տալ հրաժարվել որևէ օգնությունից գործերի կասկածելի շրջադարձի դեպքում։ (Հ. 2, էջ 98-99)
Հրապարակվել է 06/06/23
