"Մտքեր և հուշեր"–ը գրել է Realpolitik-ի նվիրյալ ջատագովը և դրանք հատուկ հետաքրքրությամբ ընթերցվում է այն ժամանակաշրջաններում, երբ Եվրոպայի պատմությունը կերտվում է մարտադաշտերում, այլ ոչ թե թղթի վրա կամ վիրտուալ տիեզերքում: Իշխան Բիսմարկի հուշագրություններից առավել ցայտուն մեջբերումների երրորդ, վերջին մասում՝ մի քանի դիտողություն արտաքին քաղաքական պատրանքների մասին և 19-րդ դարի երկրորդ կեսի գերտերությունների բնութագիրը:
Օտտո ֆոն Բիսմարկ
ՄՏՔԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
ОГИЗ – СОЦЭКГИЗ; Москва, 1940-1941
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ
...Արդեն անցյալ հարյուրամյակում վտանգավոր էր ապավինել պայմանագրի տեքստի պարտադիր ուժին, եթե փոխվեին այդ պայմանագրի կնքման հանգամանքները։ Ներկա պահին դժվար թե մեծ կառավարությունն ամբողջությամբ կիրառի իր երկրի բոլոր ուժերը՝ օգնելու մեկ այլ բարեկամ [երկրին], եթե դա կառաջացնի ժողովրդի պարսավանքը... (Հ. 2, էջ 221)
Մեծ տերությունների միջև բոլոր պայմանագրերի ամրությունը պայմանական է դառնում, հենց որ «գոյապայքարում» այն փորձության է ենթարկվում: Ոչ մի մեծ ազգ երբեք չի դրդվի իր գոյությունը զոհաբերելու պայմանագրի հավատարմության զոհասեղանին, եթե ստիպված լինի ընտրություն կատարել մեկի կամ մյուսի միջև: Ultra posse nemo obligatur (ոչ ոք պարտավոր չէ անել ավելին, քան հնարավոր է) դրույթը չի կարող չեղարկվել պայմանագրի որևէ կետով: Նույն կերպ, պայմանագրով անհնար է ապահովել դրա ուժերի գործադրման աստիճանը, հենց որ պայմանավորվող կողմի սեփական շահերը դադարի համապատասխանել ստորագրված տեքստին և դրա նախկին մեկնաբանությանը: (Հ. 2, էջ 223)
Նվաճողական ձգտումները բնորոշ են Անգլիային, Հյուսիսային Ամերիկային, Ռուսաստանին և այլոց ոչ պակաս, քան նապոլեոնյան Ֆրանսիային։ Բավարար ուժի և առիթի առկայության դեպքում նույնիսկ միապետություններից ամենաօրինապաշտին հազիվ թե կզսպի համեստությունը կամ արդարասիրությանը: (Հ. 1, էջ 130)
Եվրոպական թղթախաղում մենք պետք է պահպանենք վերջին քայլի իրավունքը, և ոչ մի անհամբերություն, պետության հաշվին ոչ մի հաճկատարություն, ոչ մի ունայնություն կամ դաշնային սադրանք չպետք է ժամանակից շուտ ստիպի մեզ անցնել սպասման փուլից գործողության փուլին. այլապես plectuntur Achivi (վայ աքեացիներին): (Հ. 2, էջ 241)
ԱՎՍՏՐԻԱ
Ոչ ոք չի կարող կանխատեսել Ավստրիայի ապագա ճակատագիրը երկարատև և բնական պայմանագրերի համար անհրաժեշտ վստահությամբ։ Նրա զարգացման դերակատարող գործոնները նույնքան բազմազան են, որքան ժողովուրդների խառնուրդը: Վերջինիս քայքայիչ և երբեմն պայթուցիկ ազդեցությանը միանում է հաշվառմանը ոչ ենթակա այն ազդեցությունը, որը կրոնական տարրերը ի վիճակի են ունենալ առաջնորդող անհատների վրա: Ոչ միայն պանսլավոնականությունը և Բուլղարիան կամ Բոսնիան, այլև սերբական, ռումինական, լեհական, չեխական հիմնախնդիրները և, նույնիսկ հիմա, իտալական հարցը Տրիենտում, Տրիեստում և Դալմաթիայի ափին կարող են բյուրեղացման կետեր դառնալ ոչ միայն ավստրիական, այլև եվրոպական ճգնաժամերի... (Հ. 2, էջ 226)
ԱՆԳԼԻԱ
Երկու հարևան ժողովուրդների դարավոր պայքարի համաշխարհային-պատմական ելքը վտանգված էր, և վտանգը սպառնում էր, որ այն կխեղաթյուրվեր պատմականորեն չարդարացված անձնական … ազդեցություններով, որոնք հիմնված են ոչ թե քաղաքական փաստարկների, այլ դեռևս հուզական տպավորությունների վրա, որոնք գերմանացիների հոգիներում դեռ առաջանում են Անգլիայից ներմուծվող մարդկության և քաղաքակրթու-թյան մասին արտահայտություններով: Չէ որ Ղրիմի պատերազմի ժամանակ Անգլիայից մի քարոզ եկավ, ըստ որի հանուն «քաղաքակրթության փրկության» մենք պարտավոր էինք զենք վերցնել հօգուտ Թուրքիայի։ (Հ. 2, էջ 103)
Իրադարձությունների և շահերի փոփոխական ընթացքի մեջ ցանկացած մեծ տերության քաղաքականությունը միշտ փոփոխական է: Անգլիական քաղաքականությունը, առավել ևս, կախված է այն փոփոխություններից, որոնք, միջին հաշվով, յուրաքանչյուր 5-10 տարին մեկ, սովորաբար տեղի են ունենում խորհրդարանի և կառավարության աշ;ատակազմում: (Հ. 3, էջ 117)
...Միևնույն ժամանակ, ես առաջնորդվում էի այն համոզմամբ, որ, ճիշտ է, մեզ համար շատ կարևոր է Անգլիայի բարեկամությունը, բայց ավելի կարևոր է Գերմանիայի բարեկամությունն անգլիացիների համար որոշակի պայմաններում:
...Անգլիան պատկանում է այն ճակատագրական տերությունների թվին, որոնց հետ չի կարելի կապել ոչ միայն հավերժական դաշինք, այլև որոնց վրա նույնիսկ հաստատ հույս դնել չի կարելի, քանի որ այս երկրում բոլոր քաղաքական հարաբերությունների հիմքերը ավելի փոփոխական են, քան բոլոր այլ պետություններում: (Հատոր 3, էջ 118)
...Անգլիան չի ցանկանում ընդունել մեր ծովային առևտրի կամ նավատորմի զարգացումը և խանդով է վերաբերվում մեր արդյունաբերությանը:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Նյութապես ավելի ուժեղ եմ համարել Ռուսաստանի հետ (Verbindung) դաշինքը։ (Հ. 2, էջ 212)
Նման իրավիճակում «Շաբաթաթերթի» կուսակցությունը, ինչպես երբեմն անվանում էին այդ խումբը, տարօրինակ երկակի խաղ խաղաց։ ....Որպես նպատակ, որին պետք է ձգտեր Պրուսիան, որպես Եվրոպայի առաջնահերթ մարտիկի՝ Ռուսաստանի մասնատումն էր. բալթյան նահանգները (ներառյալ Պետերբուրգը) Պրուսիային և Շվեդիային փոխանցելով, Լեհաստանի Հանրապետության ամբողջ տարածքը առանձնացնելով իր ամենալայն սահմաններում, մնացած մասի մասնատմամբ Մեծ և Փոքր Ռուսաստանների (Великороссию и Малороссию), չնայած առանց այդ էլ մալոռոսների գրեթե մեծ մասը հայտնվում էր Լեհաստանի Հանրապետության առավել ընդլայնված տարածքում: ... այդպիսի լուծումն անհնար էր Պրուսիայի, Պոզնանի և նույնիսկ Սիլեզիայի նահանգներում, որոնք կբավարարեին Լեհաստանին՝ չխախտելով բուն Պրուսիայի ամբողջականությունը: (Հ. 1, էջ 79-80)
...ես սկսեցի ապացուցել, որ մենք ինքներս բացարձակապես պատճառ չունենք պատերազմելու Ռուսաստանի հետ, և որ Արևելյան հարցում որևէ շահ չունենք, որը կարդարացներ նման պատերազմը կամ նույնիսկ Ռուսաստանի հետ մեր վաղեմի բարեկամական հարաբերությունները զոհաբերելու անհրաժեշտությունը։ Ընդհակառակը, Ռուսաստանի դեմ ցանկացած հաղթական պատերազմում մեր մասնակցությունն, որպես հարևանի, առանց հիմնավոր պատճառի իր վրա հարձակվելու համար, կառաջացներ ոչ միայն վրեժխնդրության մշտական ցանկություն, այլև միաժամանակ մեր առջև կդներ բավականին ռիսկային խնդիր, այն է՝ լեհական հիմնախնդրի լուծումը Պրուսիայի համար ընդունելի ցանկացած ձևով: (Հ. 1, էջ 82)
...չհանդիսանալով ռուսական քաղաքականության պաշտպան՝ ես, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ մեր վաղեմի խաղաղ հարաբերությունները վտանգելու հանուն որևէ ոչ պրուսական շահերի հիմքեր չտեսա, և Պրուսիայի հնարավոր քայլերը Ռուսաստանի դեմ հանուն մեզ խորթ շահերի համարեցի որպես արևմտյան տերությունների հանդեպ մեր վախի և Անգլիայի հանդեպ խոնարհ բարեպաշտության ապացույց: (Հ. 1, էջ 93)
...մենք պետք է ուրախ լինենք, որ մեր դրության և պատմական զարգացման պայմաններում Եվրոպայում հանդիպում ենք տերություններ, որոնց հետ քաղաքական դաշտում չունենք ոչ մի մրցակցային շահ, և ցայսօր այդպիսի տերությունների թվին է դասվում Ռուսաստանը։ ...Ռուսաստանի հետ մենք երբեք կարիք չենք ունենա պատերազմելու, եթե միայն լիբերալ հիմարությունները կամ դինաստիական սայթաքումները չխեղաթյուրեն դրույթները: (Հ. 1, էջ 163)
Կարծում եմ, որ Գերմանիայի համար օգտակար կլիներ, եթե ռուսներն այս կամ այն կերպ, ֆիզիկապես կամ դիվանագիտորեն հաստատվեին Կոստանդնուպոլսում և ստիպված լինեին պաշտպանել այն: ... Եթե Ռուսաստանը զբաղեցնի Կոստանդնուպոլիսը, ապա Անգլիայի նկատմամբ նրա ներկայիս դիրքերը կարող են բարելավվել: Ռուսաստանը պակաս վտանգավոր կլինի Ավստրիայի և Գերմանիայի համար, քանի դեռ կտիրի Կոստանդնուպոլիսին: (Հ. 2, էջ 239-240)
Գերմանիայի և Ռուսաստանի միջև խաղաղությանն ուղղակի սպառնալիքը հազիվ թե հնարավոր լինի այլ կերպ, քան արհեստական սադրանքի... (Հ. 2, էջ 193)
Ռուսաստանի և Պրուսիա-Գերմանիայի միջև չկան այնպիսի ուժեղ հակասություններ, որոնք կարող են հանգեցնել հարաբերությունների խզման և պատերազմի պատճառ դառնալ: Բայց ռուսական պետական համակարգի պայմաններում անձնական դժգոհությունը կամ ոչ արհեստավարժ քաղաքականությունը բավարար է, որպեսզի այդ առավելությունը վերանա նույն հեշտությամբ, որով կայսրուհի Ելիզավետան, Ֆրիդրիխ Մեծի սրամտությունների և վիրավորական արտահայտությունների պատճառով, միացավ մեր դեմ ֆրանկո-ավստրիական դաշինքին: (Հ. 2, էջ 228)
…Համենայն դեպս, ռուսական ազատագրական քաղաքականության առաջնեկը՝ հույները, հիասթափություն բերեցին Ռուսաստանին, թեև դեռ ոչ վերջնական։ ...Շատ ժամանակ պահանջվեց, մինչև ռուսական կառավարությունը պատշաճ եզրակացություններ կատարեց այս կրիտիկական արդյունքից: Rudis indigestaque moles (հում չմարսված զանգված)՝ Ռուսաստանը չափազանց ծանրակշիռ էր քաղաքական բնազդի յուրաքանչյուր դրսևորմանը հեշտությամբ արձագանքելու համար։ Նրանք շարունակում էին ազատագրել, և ռումինացիների, սերբերի ու բուլղարացիների դեպքում կրկնեցին նույն արդյունքը, ինչ հույների հետ: Այս բոլոր ցեղերը պատրաստակամորեն ընդունեցին ռուսական օգնությունը թուրքերից ազատվելու համար, սակայն, ազատություն ձեռք բերելով նրանք չնդունեցին ցարին որպես սուլթանի իրավահաջորդ։ ...Ազատագրված ժողովուրդները ոչ թե երախտապարտ են, այլ պահանջկոտ, և կարծում եմ, որ ներկայիս իրատեսական ժամանակաշրջանում ռուսական քաղաքականությունն Արևելյան հարցերում կառաջնորդվի ավելի շատ տեխնիկական, քան ֆանտաստիկ բնույթի նկատառումներով։ Արևելքում ուժերի զարգացման համար նրա առաջին գործնական անհրաժեշտությունը Սև ծովի ապահովումն է: (Հ. 2, էջ 243)
մահացող Վիլհելմ կայսրը)… անսպասելիորեն դառնալով դեպի ինձ՝ «դու»-ով դիմեց. «Դու միշտ պետք է կապ պահպանես ռուս կայսրի հետ, նրա հետ վիճելու կարիք չկա»: (Հ. 2, էջ 251)
Հրապարակվել է 19/06/23
