ՃԿՈՒՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Վերջին մարտական գործողություններում քաղաքականության, քաղաքական խաղերի, առասպելների և լեգենդների դերը
ԲՐՅՈՒՍ ԱՅՎԱՐ ԳՈՒԴՄՈՒՆԴՍՈՆ
Pliant Purposes
1970 թականների վերջին՝ Կլաուզևիցով համատարած հրապուրվածության ժամանակ, շատ փորձագետներ, անկեղծորեն թե ոչ, պնդում էին, որ պատերազմի փիլիսոփայի աշխատություններում Politik բառն անգլախոս ընթերցողները պետք է ընկալեն որպես «քաղաքականություն»: Կարծում եմ, որ դա ծառայել է երկու նպատակի. նախ, դա թույլ է տվել անգլախոս աշխարհում բոլոր շահագրգիռ կողմերին հեռանալ «քաղաքականություն» բառի հետ ասոցացվող անփույթ պաշտոնյաներից։ Երկրորդ, դա օրինականացրել է այն մարդկանց դերը, ովքեր, չնայած հազիվ էին տարբերակում անֆիլադը դեֆիլադից, այնուհանդերձ գիտեին, թե ինչպես հասնել պատվավոր պաշտոնների և ազդեցության՝ վերլուծական կենտրոններում, ռազմական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև նախարարների ու հրամանատարարության աշխատակազմերում:
Այս սահմանմանումը, իհարկե, բավականաչափ ճշմարտություն է պարունակում: Ի վերջո, ես միանգամայն համոզված եմ, որ Ամերիկայի սիրելի պրուսացի տեսաբանը, անձրևոտ երեքշաբթի օրը, երբեք ընտրողներին չի ուղեկցել դեպի ընտրատեղամասեր: Ավելին, կան դեպքեր, ինչպիսին, օրինակ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը, երբ նպատակների և միջոցների միջև հարաբերակցությունը, կարծես արտացոլում էր քաղաքական խանութպաների կողմից հաստատված պարզ հիերարխիան: (Պրն. Ալիևը, ով երբեք ստիպված չէր Բալթիմորի քաղաքային խորհրդում տեղ ստանալու համար հույն ձևանալ, հավանաբար, հեշտությամբ էր ցուցանում իր զինվորներին հստակ, կեղծված և դյուրին նպատակ):
Գազայում ամեն ինչ այլ է. պրն Նեթանյահուն երկու քվեարկող զանգվածների (որոնցից շատերը զինվորականներ են) միջև պետք է ընտրի ուղի՝ նրանց ովքեր առաջնորդվում են Հիսուս Նավինի գրքով, և նրանց (ինչպես համազգեստավորների, այնպես էլ քաղաքացիականների), ովքեր նախընտրում են չվարվել իրենց ֆալաֆելի սիրահար հարևանների հետ այնպես, ինչպես Իսահակը վարվեց Ագարայի և Իսմայելի հետ: Այսպիսով, իր գեներալներին միանշանակ «որպեսզի» տալու փոխարեն, Նեթանյահուն պետք է ձևացնի, թե ձգտում է մեկ նպատակի՝ միաժամանակ փորձելով հասնել մեկ այլ նպատակի:
Մասնավորապես նույն կերպ, Ուկրաինայում պրն Պուտինի հետապնդած աշխարհաքաղաքական նպատակները, որոնք անպայման ընդլայնվում կամ կրճատվում են՝ կախված մարտերի արդյունքից, փոփոխվում են այնքան հաճախ, որ դրանք հնարավոր չէ կանոնակարգել համահունչ ձևով: Օրինակ՝ քարտեզի վրա ցանկալի վերջնական վիճակը գծելու փոխարեն, նա իր մտադրություններն արտահայտեց իր վարչակարգին բնորոշ առասպելականության լեզվով։ Այլ կերպ ասած, երբ Պուտինը սահմանեց իրականացնել «հատուկ ռազմական գործողություն»՝ «ապանացիֆիկացում», նա այն վերածեց XXI-րդ դարի չարագործների դեմ պայքարի Ռուսաստանի տարօրինակ միաձուլող առասպելի, որում բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակը НКВД-ի (ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ) օգնությամբ փրկեց ուղղափառ քրիստոնեությունը։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների քաղաքական նպատակները առասպելների դաշտ տեղափոխելը Պուտինին գործողությունների ազատություն է տալիս, երբ խոսքը վերաբերում է շահութաբերությանը, որը բնորոշ է նրա վարած պատերազմի տեսակին։ Իրոք, եթե «Ազով» գնդի նշանավոր անդամների ազատ արձակումը (2022 թվականին գերիների փոխանակման արդյունքում) համարենք ինչ-որ նշան, ապա Պուտինին քիչ է հետաքրքրում իրական մարդկանց վերացումը, որոնք History Channel-ի վիկինգների մասին հաղորդումների ռուս և ոչ ռուս որոշ հեռուստադիտողներին հիշեցրել են նացիոնալ-սոցիալիստների իրական ոհմակ։
Իհարկե, լինում են դեպքեր, երբ «մենք պայքարում ենք նացիստների դեմ» կարգախոսը ազդեցություն է ունենում իրական աշխարհում։ Այսպես, հունվարի 1-ին ռազմական օբյեկտի փոխարեն երկու ԱԹՍ հարվածել են Ստեփան Բանդերայի alma mater ԲՈՒՀ-ին…
ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԸ
Պուտինի և Մոլտկեի պայքարը հնարավորության սահմաններին հասնելու համար
ԲԻԳ ՍԵՐՋ
The End of Cabinet War
... Պրուսացիները իրականացրեցին պատերազմ վարելու իրենց պլատոնական իդեալը՝ 1870 թվականին մի քանի շաբաթվա ընթացքում շրջապատելով թշնամու հիմնական ուժերը, ոչ թե մեկ, այլ երկու անգամ: Այն դարձավ գերմանական kiesselschlacht-ի կամ շրջապատման ճակատամարտի նախատիպը, որը հաջորդ յոթ տասնամյակներում հանդիսացավ բոլոր գործողությունների վերջնական նպատակը…:
... Այնուամենայնիվ, գերմանական ռազմական հաստատությունում ոչ բոլորն էին Ֆրանսա-պրուսական պատերազմը համարում իդեալական: Շատերին սարսափեցրել էր Սեդանից հետո տեղի ունեցածը։ ...Բոլոր կանոնների համաձայն Մոլտկեի գլուխգործոցը պետք է վերջ դներ պատերազմին։ Ֆրանսիացիները կորցրին և՛ մարզված դաշտային բանակները, և՛ պետության ղեկավարին՝ ստիպված լինելով զիջել Պրուսիային Էլզասն ու Լոթարինգիան:
Դրա հետևանքով տապալվեց Նապոլեոն III-ի կառավարությունը և հռչակվեց Ազգային կառավարություն, որն անմիջապես հայտարարեց փաստացի տոտալ պատերազմ։ Նոր կառավարությունը լքեց Փարիզը՝ հայտարարելով Levee en Masse՝ զանգվածային զորակոչ, որը հիշեցնում էր Ֆրանսիական հեղափոխության ժամանակների պատերազմները, երբ 21-ից 40 տարեկան բոլոր տղամարդիկ զորակոչվում էին բանակ:
Ֆրանսիան ծնկի բերելու փոխարեն պրուսացիները գտան արագ մոբիլիզացվող ազգի, որը վճռական էր կենաց-մահու պայքարելու: Ֆրանսիական արտակարգ իրավիճակների կառավարության զորակոչային հմտությունը ապշեցուցիչ էր. մինչև 1871 թվականի փետրվարը նրանք հավաքագրել և զինել էին ավելի քան 900 000 մարդու:
Բարեբախտաբար պրուսացիների համար դա այդպես էլ չվերածվեց իսկական ռազմական աղետի։ Նորաստեղծ ֆրանսիական ստորաբաժանումները վատ էին սպառազինված, հանդերձավորված և պատրաստված (հատկապես այն պատճառով, որ փորձառու սպաների մեծ մասը գերեվարվել էր պատերազմի առաջին փուլում): Ֆրանսիական նոր զանգվածային բանակների մարտունակությունը թույլ էր, և Մոլտկեին հաջողվեց համակարգել Փարիզի գրավումն ու պրուսական զորքերի արշավն ամբողջ Ֆրանսիայով, որի ընթացքում ջախջախվեցին ֆրանսիական նոր բանակի ստորաբաժանումները:
Ճգնաժամը կանխվեց, պատերազմը պսակվեց հաղթանակով։ Թվում է, թե Բեռլինում ամեն ինչ կարգի՞ն էր:
Ոչ այնքան: Մինչ շատերը շնորհավորում էին միմյանց լավ կատարված աշխատանքի համար, մյուսները սարսափած էին պատերազմի երկրորդ փուլից և ֆրանսիական զորահավաքային ծրագրից: Զարմանալիորեն, Մոլտկեն պատկանում էր երկրորդ թիմին։
Մոլտկեն պատերազմի իդեալական ձևը համարում էր այն, ինչ գերմանացիներն անվանում են Kabinettskriege (գրասենյակային պատերազմ)՝ սահմանափակ պատերազմներ, որոնք գերակշռում էին XVI-XIX–րդ դարերում։ Դրանց յուրահատկությունը պետությունների արհեստավարժ զինվորականների և նրանց արիստոկրատ ղեկավարության միջև հակամարտությունն էր՝ ոչ մի զանգվածային զորակոչ, ոչ մի սարսափելի անապատի վերացված երկիր, ոչ մի ազգայնականություն կամ զանգվածային հայրենասիրություն…
Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում, ընդհակառակը, պատերազմ էր, որը սկսվեց որպես Kabinettskriege և վերածվեց Volkskriege-ի՝ ժողովրդական պատերազմի, և այդպիսով կասկածի տակ դրեց սահմանափակ գրասենյակային պատերազմի ամբողջ հայեցակարգը: Ինչպես արտահայտվեց Մոլտկեն.
«Անցել են այն ժամանակները, երբ դինաստիական նպատակներով արհեստավարժ զինվորների փոքր բանակները պատերազմի էին մեկնում քաղաք կամ գավառ նվաճելու համար, իսկ հետո ձմեռելու համար բնակավայրեր էին փնտրում կամ խաղաղություն կնքում: Մեր օրերի պատերազմները ամբողջ ժողովուրդներին զենք վերցնելու կոչ են անում …»
Ըստ Մոլտկեի՝ Volkskriege-ի միակ պատասխանը «ոչնչացման պատերազմն» էր։ Մոլտկեն միանշանակ ցեղասպանություն չի առաջարկել։ Նա նկատի ուներ Ֆրանսիայի ռեսուրսների բազայի ոչնչացմանը ավելի մոտ մի բան՝ պետության կազմաքանդումը, նրա նյութական հարստության ոչնչացումն ու նրա գործերի վերահսկումը։
Այնուամենայնիվ, Մոլտկեի հիմնական մտավախությունը, որ սահմանափակ պատերազմը տևական վնաս չի պատճառի Ֆրանսիային որպես սպառնալիք, արդարացված էր: Ֆրանսիացիներից ընդամենը մի քանի տարի պահանջվեց իրենց զինված ուժերը ամբողջությամբ վերականգնելու համար: Մինչև 1875 թվականը Մոլտկեն և նրա շտաբը հաշվարկեցին, որ հնարավորությունների պատուհանը փակվել է, և Ֆրանսիան լիովին պատրաստ էր նոր պատերազմի:
Մինչդեռ, ռազմական տեսանկյունից, պրուսական իստեբլիշմենտի (հասարակության վերնախավի) շատ ներկայացուցիչներ վախեցած էին Ֆրանսիայի հաջողությունից՝ հավատալով, որ Պրուսիայի հաղթանակը հնարավոր էր միայն այն պատճառով, որ Ֆրանսիայի զորահավաքը իմպրովիզացված էր՝ չունենալով զենք և պատրաստվածու¬թյուն: Մի ազգ, որը պատրաստ էր զորակոչել և զինել միլիոնավոր տղամարդկանց բազմակի զորակոչի միջոցով, անհրաժեշտ նյութատեխնիկական և ուսումնական ենթակառուցվածքով, գրեթե անհնար կլիներ հաղթել, պնդում էին նրանք, և դա կասկածի տակ էր դնում պրուսական պատերազմի ողջ համակարգը:
Գաղափարն այնքան կարևոր էր, որ Մոլտկեն թոշակի անցնելուց առաջ ռայխստագում իր վերջին ելույթի մեծ մասը նվիրեց այս թեմային: Մասնավորապես նա ասեց հետևյալը.
«Kabinettskriege-ի դարաշրջանը անցյալում է. այն ամենը, ինչ մենք այժմ ունենք, Volkskriege-ն է, և ցանկացած խոհեմ կառավարություն կվարանի սանձազերծել այս տեսակի պատերազմ՝ իր բոլոր անթիվ հետևանքներով... Եթե այնուամենայնիվ պատերազմն սկսվի... ոչ ոք չի կարող գնահատել դրա տևողությունը կամ գուշակել, թե երբ է այն ավարտվելու... Ոչ մի պետություն չի կարող մեկ կամ երկու արշավների ընթացքում այնքան ամբողջությամբ ոչնչացվել, որպեսզի իրեն պարտված ճանաչի և ստիպված լինի ընդունել խաղաղության դաժան պայմանները»:
Այս ամենն անվերջ հետաքրքիր է ռազմական պատմության երկրպագուներին և նրանց, ովքեր ուսումնասիրում են մարդկության պատերազմ վարելու արյունալի փորձը: Սակայն մեր նպատակների համար հետաքրքիր է 1870 թվականի վերջի Մոլտկեի և Բիսմարկի բանավեճը: Մոլտկեն հստակ տեսնում էր Ֆրանսիայի հայրենասիրական թշնամանքի զարթոնքը և կարծում էր, որ սահմանափակ պատերազմը անարդյունք կլինի, քանի որ երկարաժամկետ հեռանկարում այն էապես չի թուլացնի Ֆրանսիան՝ անձեռնմխելի թողնելով վրեժխնդիր թշնամուն: Այս հաշվարկն ըստ էության ճիշտ էր, և Ֆրանսիան կարողացավ հզոր ռազմական ջանք գործադրել Առաջին աշխարհամարտում: Ընդհակառակը, Բիսմարկը հանդես էր գալիս սահմանափակ նպատակներով պատերազմի օգտին, ինչը համահունչ էր Գերմանիայի ներքաղաքական իրավիճակին: Առանց չափազանցության կարելի է ասել, որ երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների նկատմամբ ներքաղաքական պայմաններին նախապատվություն տալու որոշումը Գերմանիային զրկեց համաշխարհային տիրապետության հնարավորությունից և հանգեցրեց աշխարհամարտերում պարտության:
Ակնհայտ է, որ ասվածը թույլ քողարկված պատմական անալոգիա է։
2022 թվականին ներխուժելով Ուկրաինա Ռուսաստանը սկսեց Kabinettskriege-ը և հայտնվեց Volkskriege-ին ավելի մոտ իրավիճակում: Ռուսաստանի գործելաոճը և ռազմական նպատակներն անմիջապես հասկանալի են դառնում XVII-րդ դարի պետական գործիչի համար: Ռուսաստանի պրոֆեսիոնալ բանակը փորձեց պարտության մատնել ուկրաինական պրոֆեսիոնալ բանակին և հասնել սահմանափակ տարածքային նվաճումների (Դոնբասի և Ղրիմի իրավական կարգավիճակի ճանաչում): Այն անվանվեց «հատուկ ռազմական օպերացիա»։
Փոխարենը, ուկրաինական պետությունը որոշեց, ինչպես Ֆրանսիայի ազգային կառավարությունը, կենաց-մահու պայքար մղել: Բիսմարկի՝ Էլզասն ու Լոթարինգիան հանձնելու պահանջին ֆրանսիացիները պարզապես ասացին «Ոչ մի պատասխան չի լինի, բացի Guerre a Outrance-ից՝ պատերազմ մինչև վերջ»: Պուտինի Kabinettskriege-ն՝ սահմանափակ նպատակներով սահմանափակ պատերազմը վերածեց ազգային պատերազմի:
Սակայն, ի տարբերություն Բիսմարկի, Պուտինը նախընտրեց տեսնել Ուկրաինայի հզորացումը։ Իմ ենթադրությունը, և սա ընդամենը ենթադրություն է, այն է, որ 2022 թվականի աշնանը զորահավաք հայտարարելու և վիճելի ուկրաինական տարածքները միացնելու Պուտինի որոշումները հավասարազոր էին ուկրաինական Volkskriege-ի լուռ համաձայնությանը:
Մոլտկեի և Բիսմարկի բանավեճում Պուտինը որոշեց հետևել Մոլտկեի օրինակին և ոչնչացման պատերազմ սանձազերծել։ Մենք կրկին շեշտում ենք՝ ոչ թե ցեղասպանության պատերազմ, այլ պատերազմ, որը կոչնչացնի Ուկրաինան՝ որպես ռազմա¬վարա¬կան հզոր միավորի։ Սերմերն արդեն ցանվել են, և պտուղները սկսում են բողբոջել։ Ուկրաինական մարդաթափման պատճառներն են մարտադաշտերում հյուծվածությունը և տարեց քաղաքացիական անձանց զանգվածային արտագաղթը, ավերված տնտեսությունն և պետությունը, որն ինքն իրեն խժռում է, քանի որ հասնում է իր ներուժի սահմանին։
Դրա համար կա մի մոդել՝ ճակատագրի հեգնանքով, հենց Գերմանիան: Երկրորդ աշխարհամարտից հետո որոշվեց, որ Գերմանիային, որը պատասխանատու էր երկու սարսափելի հրդեհների համար, պարզապես չպետք է թույլ տրվի գոյատևել որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ։ ...ոչ աննշան բռնազավթում, ոչ էլ վերաձևված սահման։ Փոխարենը Գերմանիան ոչնչացվեց։ Նրա հողերը բաժանվեցին, նրա ինքնակառավարումը վերացավ: Նրա ժողովուրդը գտնվում էր անդրաշխհարյան ուժասպառության մեջ, քաղաքական ձևն ու կյանքը դարձավ հաղթողի խաղալիքը: Ահա թե ինչ էր ուզում անել Մոլտկեն Ֆրանսիայի հետ։
Պուտինը չի պատրաստվում աշխարհառազմավարական առումով անձեռնմխելի թողնել Ուկրաինան, որը կձգտի վերադարձնել Դոնբասը և վրեժխնդիր լինել, կամ դառնալ ՆԱՏՕ-ի հզոր առաջնային բազա…
Կլաուզևիցը զգուշացրել էր Volkskriege-ի վտանգների մասին գրելով, որ.
«Այժմ պատերազմը դրսևորվեց իր ողջ անթաքույց դաժանությամբ։
Պատերազմը վերադարձվում է այն մարդկանց, ովքեր մինչ այժմ դրանից առանձնացվել էին պրոֆեսիոնալ բանակների միջոցով. պատերազմը գցեց իր կապանքները և հատեց նախկինում անհնարին թվացող սահմանները»:
Հրապարակվել է 13/01/24
