ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
Արգելվում է ռադիոեթերում հնչեցնել.- գաղտնիք պարունակող տեղեկություններ,
- կոչումներ, պաշտոններ, անուն ազգանուններ, ռազմական մասնագիտություններ,
- զորամասերի համարներ և տեղակայման վայրեր,
- օբյեկտների, մարդկանց գտնվելու վայրեր…
ՀԻՇԵՔ՛ թշնամին միշտ լսում և հետևում է ձեզ
Կախված անալոգային կամ թվային հաղորդման գաղտնագրման արձանագրության տեսակից, գաղտնագրված տեղեկատվության վերծանումը տևում է մի քանի րոպեից մինչև շաբաթներ և ամիսներ: Մի շարք գործակալություններ այժմ մշակում են արհեստական բանականության վրա հիմնված համակարգ, որը կարող է ինքնուրույն վերծանել գաղնագրված ռադիոհաղորդումները: Տվյալ համակարգը պետք է զգալիորեն արագացնի գաղտնալսված ռադիոհաղորդումների վերծանումը, ինչը ռադիոհետախուզությունն ավելի արդյունավետ կդարձնի։Ժամանակակից պայմաններում, եթերում միաժամանակ հեռարձակվում են հսկայական թվով ռադիոհաղորդումներ՝ հեռուստատեսությունից, ռադիոյից, ազդանշաններ բջջային հեռախոսներից, դրոններից և դյուրակիր ռադիոկայաններից: Կան նաև ռադիոհաճախականությունները ճնշելու, անհրաժեշտ հաճախականությունների վրա տեղեկատվություն չպարունակող աղմուկ/ազդանշան առաջացնող հատուկ սարքեր, որոնց տիրույթում ոչ մի ռադիոսարք ի վիճակի չէ տեղեկատվություն ստանալ, կամ փոխանցել ռադիոկապի ուղիներով: Ժամանակակից պատերազմում էական դեր է հատկացված ԱԹՍ-ների միջոցով ռադիո-մոնիտորինգային և ոչ-գծային հայտնաբերիչ (детектор) համալիրների գործածմանը, որոնց նպատակն է տեղանքի և ընդերքի (որոշակի խորության) սկանավորման միջոցով հայտնաբերել ռադիոալիք, էլեկտրամագնիսական իմպուլս, ձայն, ջերմություն, շարժ, խոռոչներ/թունելներ ընդերքում: Դրանք կարողանում են հատնաբերել նույնիսկ առանձին կիսահաղորդչներ (ռադիոդետալներ): Հնարավորություն են տալիս վերծանել և նույնականացնել՝ ինչպես նաև տեղորոշել, և անհրաժեշտության դեպքում նաև չեզոքացնել գործուն, կամ անգործուն վիճակում գտնվող ցանկացած սարք:
Հետևաբար. հարաբերական գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելու համար, եթերում պետք է հաղորդակցվել՝ օգտագործելով նախապես սահմանված/պայմանավորված ծածկագրերով, որոնք պարբերաբար պետք է փոփոխվեն: Դրանք կարող են լինել թվեր կամ բառեր, որոնք չեն բացահայտում իրական գործողությունը, ուղղությունը, վայրը կամ անձին: Որպես կողմնորոշիչ երբեք չպետք է նշվեն առանձին կանգնած շինությունը, վրանը, ծառը, քարը, աղբյուրը... դրանք նույնպես պետք է փոխանվանվեն ծածկանուններով: Նաև կարևոր է ունենալ նախապես համաձայնեցված պահեստային ռադիոհաճախականություններ և անհրաժեշտության դեպքում անցնել դրանց: Հնարավորինս սահմանափակել էլեկտրոնային սարքերի օգտագործումը մարտական իրավիճակներում և զերծ մնալ հատուկ գործողությունների ժամանակ էլեկտրոնային սարքերի օգտագործումից:
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Պայմանականորեն, ռադիոհաղորդակցումը բաժանվում է 3 մասի՝ կապի հաստատում, տեղեկության/հրամանի/հրահանգի փոխանցում և կապի ավարտ:Կապի հաստատում. Կապի ենք կանչում «36»-ին և հայտնում ենք մեր ազդականչը (позывной)՝ «17»:
Օրինակ. «36»-ի հետ կապ հաստատելու համար հարկավոր է սեղմած պահել PTT ստեղնը, սպասել 0,5-1 վայրկյան և ասել. «36-ը, 17-ին», խոսքի ավարտից հետո սպասել 0,5-1 վայրկյան և բաց թողնել PTT ստեղնը: «36»-ը պետք է պատասխանի «17, 36-ը կապի է, կամ 36-ը լսում է, կամ 36-ն ընդունում է»:Տեղեկության/հրամանի փոխանցում/ստացում. Կապը հաստատելուց հետո փոխանցում ենք հրամանը/տեղեկությունը։ Հաղորդագրությունները պետք է լինեն հակիրճ և առարկայական, բառերն արտասանվեն հստակ և ընկալելի ընդունող կողմի համար: Խուսափեք բարդ և երկարատև մենախոսություններից:
PTT ստեղնը սեղմելուց հետո, մյուս ռադիոկայաններին անհրաժեշտ է միջինում 0,5-1 վայրկյան ժամանակ կապի ազդանշանը ստանալու համար:
Կապի ավարտ. Հաղորդակցման ավարտին յուրաքանչյուր կողմը պարտադիր պետք է հաստատի, որ տեղեկատվությունն ամբողջությամբ ընդունվել է՝ «ընդունեցի», «հասկացա»... և «կապի ավարտ», «կապի վերջ»...
* * *
Կապի դուրս գալ միայն եթերն ազատ լինելու ժամանակ: Ռադիոհաղորդակցությունից հետո անմիջապես անցնել ընդունման (բաց թողնել PTT ստեղնը), որպեսզի ազատեք եթերը այլ անձանց աշխատանքի համար:ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
Ինչպես ցանկացած տեխնիկական սարք, դյուրակիր ռադիոկայանը նույնպես պահանջում է պատշաճ շահագործում: Յուրաքանչյուր սարք ունի օպտիմալ աշխատանքային ռեժիմ, որում այն պետք է օգտագործվի (կարդացեք ձեր ռադիոկայանին կից շահագործման ուղեցույց-ձեռնարկը):Օգտվեք միայն ձեր ռադիոկայանի հետ համատեղելի և գործածվող ռադիոհաճախականությունների տիրույթին համապատասխան ալեհավաքից: Ռադիոկապի հեռահարությունը կախված չէ՛ ալեհավքի երկարությունից, այն կախված է ռադիոկայանի՝ հաղորդիչի ելքային հզորությունից և ընդունիչի զգայունությունից, տվյալ ռադիոկայանին համապատասխան ալեհավաքի գործածումից, և իհարկե տեղանքից: Սակայն, պետք է նշել. որքան հեռահար ալիքներ է արձակում ռադիոկայանը, այնքան թշնամու համար ավելի հեշտ է որսալ ռադիոհաղորդագրությունները և տեղորոշել ռադիոկայանի գտնվելու վայրը:
Խուսափեք մարտկոցների՝ թերի լիցքաթափման-լիցքավորման փուլերից: Հիշեք, որ սարքի ինտենսիվ շահագործումը տաքացնում է մարտկոցը, իսկ ցուրտ եղանակին այն շատ ավելի արագ է լիցքաթափվում, ուստի կարևոր է ունենալ պահեստային մարտկոց:
ԱԶԴԱԿԱՆՉ
Յուրաքանչյուր մարտիկ պետք է ունենա բացառիկ ազդականչ (позывной): Այն պետք է համապատասխանի մի շարք պահանջների.- Խորհուրդ է տրվում ընտրել կարճ՝ մինչև 3-6 տառ պարունակող մականուն/կեղծանուն, կամ երկնիշ թվային ազդականչ, որի հնչյունաբանությունը պետք է հնարավորինս ընկալելի լինի վատ կապի դեպքում: Այն պետք է լինի հեշտ արտասանվող և հիշվող, դա կարող է նկարագրել, բնութագրել մարտիկին, նրա վարքագիծը, զբաղմունքը, սակայն հնարավորինս չբացահայտի այն կրողին: Մարտական առաջադրանք կատարելիս ցանկալի է ընտրել նոր ազդականչ, որը դեռ եթերում չի հնչել։
- Ազդականչը չ՛պետք է բաղկացած լինի երկու, երեք բառերից, այն չ՛պետք է լինի զինտեխնիկայի, զինատեսակի, ռազմական օբյեկտի, մարտիկի մասնագիտացման, տեղանքի քարտեզում նշված օբյեկտի անվանում, դրանք կարող են անորոշություն առաջացնել ռադիոհաղորդակցությունների ժամանակ: Մի ընտրեք ազդականչ, որը համահունչ է արդեն գործածվող այլ ազդականչերին:
- Խուսափեք եռանիշ թվային ազդականչերից. «103», «124»… դրանք օգտագործվում են այլ նպատակներով:
Հրապարակվել է 17/12/23