ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

23.02.2024

«ՀԱՏՈՒԿ»-ԻՑ «ՌԱԶՄԱԿԱՆ»
Ուկրաինայում երկու տարվա մարտական գործողության դասերը


ՌՈՒՍԼԱՆ ՊՈՒԽՈՎ
Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ЦАСТ) տնօրեն
От «специальной» к «военной»
Уроки двух лет операции на Украине


Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ՝ СВО) երրորդ տարվա սկզբին կարելի է փաստել, որ 2022 թվականի փետրվարին սկսված իրադարձությունները, ինչպես վերջին հարուրամյակի ցանկացած մեծ պատերազմ, հանգեցրին քաղաքական և ռազմական ոլորտներում բազմաթիվ գաղափարների, տեսությունների և հեղինակությունների փլուզմանը։ Նախաձեռնողները, հիմնական մասնակիցները, ինչպես նաև բոլոր կողմերի դիտորդները ստացան և տեսան այն, ինչը չէին պլանավորել և չէին ակնկալում։

Երկու տարվա մարտական գործողությունները նշանացուցում են ռազմական գործում հեղափոխական փոփոխությունների ուրվագծերը, որոնք, հնարավոր է, կանխորոշեն պատերազմի և ռազմական արվեստի պատկերը ամբողջ XXI դարի համար:



Չկայացած «Дунай»-ը

Վերադառնալով սկզբին՝ կարելի է եզրակացնել, որ արշավի մտահղացումն իրականում նախատեսում էր նախևառաջ հատուկ, իսկ արդեն երկրորդ հերթին՝ ռազմական օպերացիայի իրականացում, և ենթադրում էր, որ խնդիրը հնարավոր է լուծել առանց լայնածավալ ռազմական օպերացիայի և կազմակերպված ռազմական դիմադրության։ Ապագա պատմաբանները կպատասխանեն, թե ինչու Մոսկվան հնարավոր համարեց այսպիսի սցենարի իրականացումը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինայի զինված ուժերը 2014 թվականից արդեն շարունակական «փոքր» պատերազմներ էր վարում Դոնբասում։ Պլանն ինքնին ճանաչելի էր: Ըստ էության, վերարտադրվեց 1968-ին Չեխոսլովակիա զորքեր մտցնելու խորհրդային պլանը, որը հայտնի էր որպես «Дунай» (Դանուբ) գործողություն: Այն համապատասխանում էր մտահղացման հիմնական տարրերին, ներառյալ մայրաքաղաքի օդանավակայանի գրավումը դեսանտային ուժերի կողմից, դրան հաջորդած օդադեսանտային ստորաբաժանումների տեղափոխումը այնտեղ՝ մայրաքաղաքը արգելափակելու, զրահատեխնիկայի ու մեքենայացված ստորաբաժանումների զանգվածային արագ երթերը դեպի խոշոր քաղաքներ՝ հետագայում «թեթև հետևակի», հատուկ նշանակության և հատուկ ծառայությունների ուժերով արգելափակելու և արագ «մաքրելու» համար:

«Дунай»-ի հանգամանքների տարբերությունը 2022 թվականի փետրվարյան գործողությունից միայն այն չէր, որ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունն ու զինված ուժերի հրամանատարությունը ցուցաբերեցին դիմադրություն։ «Дунай»-ը վարում էր Վարշավյան պայմանագրի կազմակերպության զորքերի հզոր մոբիլիզացված խմբավորումը, որը զգալիորեն գերազանցում էր Չեխոսլովակիայի Ժողովրդական բանակի ուժերին։ ՀՌԳ-ի նախաձեռնողները զորքեր ուղարկեցին մի պետություն, որը տարածքով շատ ավելի մեծ էր Չեխոսլովակիայից։ Սահմանափակ խմբավորման ուժերի կազմը գնահատվում էր մոտ 185 հազար մարդ (չնայած որ այն ընդգրկում էր ռուսաստանյան ցամաքային զորքերի և օդադեսանտային ուժերի մեծ մասը), կամ մոտ 140 գումարտակային մարտավարական խումբ։ Նույնիսկ հաշվի առնելով Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ժողովրդական հանրապետությունների ուժերի մոբիլիզացումը (ևս մոտ 110 հազար)՝ քանակապես զիջում էր Ուկրաինայի զինված ուժերին և ուժային կառույցներին, որոնք արդեն մասամբ մոբիլիզացվել էին: 2022թ. փետրվարի 23-ին Ուկրաինայում սկսված առաջնահերթ պահեստազորի զորահավաքը մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի զինուժը համալրեց Դոնբասում մարտական գործողությունների փորձ ունեցող 150 հազար զինծառայողով («Միացյալ ուժերի գործողություն» - «հակաահաբեկչական գործողության» (АТО) մասնակիցներ), ինչը ոչ միայն թույլ տվեց համալրել առաջնագծի հիմնական բրիգադները, այլև ուժերի հարաբերակցությունը լիովին անբարենպաստ դարձրեց Ռուսաստանի համար:

Այս պայմաններում ՀՌԳ-ի առաջին փուլի արդյունքը որոշվեց միայն ուժերի հարաբերակցությամբ: Ութ ուղղություններով ցրված ռուսասական խմբավորումները արագ կանգնեցվեցին, որոնք ստիպված եղան մարտերի մեջ ներքաշվել քանակապես գերազանցող հակառակորդի դեմ։ Հյուսիսում, ՀՌԳ ուժերի հիմնական հարվածային խմբավորումները Բելառուսի Պրիպյատի ճահիճներով և Ռուսաստանի Սումիի ու Չեռնիգովի մարզերով առաջ շարժվելով, հասան Կիև, սակայն չկարողացան արգելափակել (էլ չենք ասում՝ գրավել) այն և ոչ էլ կարողացան ապահովել իրենց ձգված հաղորդակցության ուղիները։ Գոստոմելում գտնվող դեսանտը կատաղի դիմադրության և հրետակոծության պայմաններում պլացդարմից վերածվեց ծուղակի։ Խարկովի ուղղությամբ գործող ուժերը կանգնեցվեցին Խարկովի մատույցներում և սահմանի մոտ։ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում հապճեպ զորակոչված և անբավարար սպառազինված ուժերի փորձերը՝ 2014 թվականից ի վեր խրամատավորված ուկրաինական ուժերին Դոնբասի մարտական շփման գծից հետ շպրտելու ջանքերը անհաջողությամբ պսակվեցին։ Ուկրաինական ՀՕՊ-ը ճնշելու անկարողությունը կտրուկ սահմանափակեց ռուսաստանյան ավիացիայի գործողությունների արդյունավետությունը ճակատային գծում և Ուկրաինայի օդային տարածքում՝ զրկելով ՌԴ ԶՈՒ-ին գլխավոր հաղթաթղթերից մեկից։

Ամենամեծ հաջողությունները ձեռք բերվեցին հարավում, որտեղ (և միայն այնտեղ), ըստ երևույթին, գոծել էին որոշակի «համաձայնությունները», աշխատել էին «քնած» գործակալներն ու Ռուսաստանի կողմնակիցները։ Դա թույլ տվեց Ղրիմից մուտք գործած զորքերին մի քանի օրվա ընթացքում, Ուկրաինայի զինված ուժերի նվազագույն դիմադրության պայմաններում, գրավել Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հարավային մասի տարածքները, արևելքում հասնել Մարիուպոլ, իսկ արևմուտքում՝ զարգացնել գրոհը դեպի Նիկոլաև և շրջանցելով այն՝ հյուսիսից փորձել շարժվել դեպի Օդեսա։ Սակայն Մերձսևծովյան տարածաշրջանի այս երկու գլխավոր մրցանակների ձեռքբերումը չստացվեց։ ՌԴ ՌԾՈՒ երեք եվրոպական նավատորմերից նախապես հավաքված դեսանտային նավերը՝ ծովային հետևակի ուժերով, կանգնեցվեցին ականների և Ուկրաինայի զորանոցում «անսպասելիորեն» հայտնված սեփական արտադրության «Նեպտուն» հականավային հրթիռների միջոցով։ Ցամաքում ուշքի եկած ուկրաինական զինուժը, Նիկոլաևի և Վոզնեսենսկիի մատույցներում, կանգնեցրեց հանկարծակիության գործոնի շնորհիվ առաջխաղացող ռուսաստանյան զորքերի առաջապահ ուժերը, մարտին դրանք հետ մղելով մինչև Խերսոնի և Նիկոլաևի մարզերի սահմանը։
«Ռուսաստանը ի հայտ բերեց, որ հսկայական ռազմաճակատում գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ՝ բազմաթիվ և լավ զինված հակառակորդի դեմ, որին օգնության էին հասել Արևմուտքի բոլոր տերությունները։ Նրանք աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառեցին ՌԴ նկատմամբ և սկսեցին զենքի զանգվածային և աճող մատակարարումներ Կիևին»։
Ի սկզբանե առավել խնդրահարույցը Կիևի ուղղությունն էր, որտեղ, փաստորեն, ՌԴ ԶՈՒ երկու ռազմական օկրուգների զորքերի խմբավորումները «մխրճվել» էին շրջակա անտառներում և ճահիճներում։ Բացակայում էր այդ խմբավորմների արդյունավետ կիրառման տեսանելի հեռանկարը, իսկ Կիևի ուժերի վերահսկողության տակ գտնվող Սումիի և Չեռնիգովի շրջանների միջով անցնող անտառային ճանապարհները գտնվում մշտական սպառնալիքի տակ: Կիևը գրավելու և նույնիսկ շրջափակելու կամ պաշարելու համար խմբավորման ուժերը բավարար չէին։ Մեծ հաշվով, միայն ուկրաինական հրամանատարության և զինուժի ծայրահեղ դանդաղկոտությունն ու նախաձեռնության բացակայությունը թույլ չտվեցին, որ Կիևի ուղղությամբ ռուսասական կողմը հայտնվի սուր ճգնաժամի պայմաններում։ Ավելի եռանդուն հակառակորդի դեպքում Կիևի մերձակայքում ռուսաստանյան զորքերին սպառնում էր 1920 թ. Վարշավայի կրկնությունը։

Գնահատելով իրադրությունը, ռուսաստանյան հրամանատարությունն արդեն 2022 թ. մարտի կեսերին որոշում կայացրեց զորքերը Կիևից հետ քաշելու վերբերյալ։ Մինչև ապրիլի 5-ը նրանք ամբողջությամբ հեռացան Կիևի, Սումիի և Չեռնիգովի շրջաններից և Խարկովի մարզի հյուսիսից։ Ըստ էության, այսքանով Ուկրաինայում վճռական նպատակներով արշավը կարելի էր ավարտված համարել, քանի որ դրա հիմնական նպատակն ակնհայտորեն Կիևի գրավումն էր։ Ստամբուլում խաղաղ բանակցությունների ժամանակ ռուսաստանյան ղեկավարությունը, բնականաբար, զորքերի դուրսբերումը ներկայացրեց որպես «բարի կամքի քայլ»: Ըստ ամենայնի, հենց այս «քայլը», այլ ոչ թե Բորիս Ջոնսոնի ինտրիգը, հանգեցրեց ստամբուլյան բանակցությունների տապալմանը: Բանակի նահանջը հակառակորդի մայրաքաղաքից երբեք չի ծառայել խաղաղության փոխզիջումային տարբերակ։

Հյուսիսային ուղղությունից ռուսաստանյան զորքերի դուրսբերումը Կիևը համարեց դիմադրության քաղաքականության հաղթանակ և այն ընկալեց որպես շրջադարձային կետ՝ որոշելով, որ կարող է հասնել ռուսաստանյան զորքերի լիակատար վտարմանը: Դա ամրապնդվեց արևմտյան հասարակական-քաղաքական և ռազմական աջակցության հսկայական ալիքով, որն իր գագաթնակետին հասավ 2022 թ. գարնանը: 2022 թ. մայիսի 9-ին ԱՄՆ Կոնգրեսը նույնիսկ օրենք ընդունեց Ուկրաինայի համար Lend-Lease մասին, որը տեսականորեն ամերիկյան ռազմական օգնության անսահմանափակ ծավալի հնարավորություն էր տալիս։ Արևմուտքը հավատացել էր մի շարք ռազմական և տնտեսական միջոցների օգնությամբ Ռուսաստանին «ռազմավարական պարտության» մատնելու հնարավորությանը, որը բարենպաստ պայմաններում կարող էր հանգեցնել Մոսկվայում իշխանափոխության։

Պատերազմից փոխզիջումային ելք գտնելու անհաջող փորձից և մի շարք ցավոտ հարվածներ ստանալուց հետո (ապրիլի 13-14-ը խորտակվեց Սևծովյան նավատորմի առաջատար «Մոսկվա» հրթիռակիր հածանավը), ռուսաստանյան կողմին մնում էր միայն շարունակել ռազմական արշավը՝ վերաիմաստավորելով նպատակներն ու հնարավորությունները։ Որքանով կարելի է դատել, նոր պլանը նախատեսում էր Ուկրաինայի հյուսիսից դուրս բերված զորքերը կիրառել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքի ամբողջական ազատագրման և, հնարավոր է, մասամբ, շրջապատելու Ուկրաինայի զինված ուժերը ձախ ափին։ Ենթադրաբար, այս նպատակներին հասնել հնարավոր էր մայիս-հունիս ամիսներին: 2022 թ. մարտի կեսերից հարձակումն իրականացվեց Իզյումի շրջանում, որն ուժեղացվեց ապրիլին: Նախնական պլանով, ըստ երևույթին, Սլավյանսկով Ուկրաինայի ԶՈՒ Սևերոդոնեցկի խմբավորման թիկունք հասնելն էր և ավելի հավակնոտ ու լայնածավալ հարձակումը դեպի Զապորոժիեի ուղղությամբ՝ հարավում ռուսաստանյան ուժերին ընդառաջ։ Հետագայում հարձակողական գործողություններ սկսվեցին Խարկովի մարզի և ԼԺՀ-ի ևս մի քանի ուղղություններով։ Սակայն ՌԴ ԶՈՒ-ն բախվեց ուժերի և միջոցների լուրջ անբավարարության։ Լրահամալրման դուրս բերված գումարտակային մարտավարական խմբերի մի մասի պատճառով, մինչև 2022 թ. ապրիլի կեսերը, ճակատային գծի ողջ երկայնքում ՌԴ ԶՈւ-ն ունեցել է հարյուր նոսրացած ԳՄԽ-ներից ոչ ավել, իսկ հյուսիսային ուղղությունից տեղափոխված ԳՄԽ-ները հերթով մտցնելով մարտի մեջ չէին պահովովում ուժերի անհրաժեշտ կուտակում։

Իսկ Ուկրաինայում 2022 թ. մարտին հայտարարվել էր զորահավաքի արդեն երրորդ ալիքը, որը տարածվել էր ռազմական ամբիոնների շրջանավարտների և նախկինում ժամկետային ծառայություն չանցած անձանց վրա, ինչը ապրիլի կեսերին Ուկրաինայի զինուժի թվաքանակը հասցրեց 400 հազար մարդու՝ չհաշված ուսումնական զորամասերը, իսկ մայիսի վերջին՝ 600 հազարի։ Այսպիսով, Ուկրաինայի զինված ուժերը ձեռքբերեցին զգալի քանակական առավելություն ՌԴ զինուժի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և ՄՌԿ-ի միացյալ խմբավորման նկատմամբ, և ռուսական հարձակումն, փաստորեն, իրականացվեց քանակապես գերազանցող հակառակորդի դեմ:

Ռազմական գործողությունների առաջին փուլի կարևոր գործոնը 2022 թ. մարտի 2-ից մինչև մայիսի 16-ը Մարիուպոլի համար պայքարն էր։ Քաղաքի պաշարումը դարձավ այս հակամարտության ապագա «դիրքայնացման» նախադրյալը և կաշկանդեց «դաշնակից ուժերի» 30-հազարանոց խմբավորումը՝ հիմնականում կանխորոշելով հարավում ՌԴ ԶՈՒ հաջողությունների կամ Դոնեցկի մերձակայքում հարձակողական գործողությունների զարգացման անհնարինությունը։ Իսկ Իզյումի ուղղությամբ ՌԴ ԶՈՒ-ի հարձակումը, ուժերի գերակայության բացակայության պատճառով, նույնպես դանդաղ ու ծանր ընթացավ և արդյունքում շրջապատման փոխարեն պարզապես հասավ նրան, որ հակառակորդին ուղղակի «դուրս մղեց» միայն մարտավարական մակարդակում։ 2022 թ. մայիսի սկզբին ռուսաստանյան ուժերը բախվեցին լուրջ դժվարությունների և կորուստների՝ փորձելով անցնել Բելոգորովկայի մոտ գտնվող Սևերսկի Դոնեց գետը: Պարզվեց, որ այս պատերազմի պայմաններում ուժերի և միջոցների զանգվածային կենտրոնացման «ավանդական» մեթոդները չեն աշխատում: 2022 թ. հուլիսի սկզբին Լիսիչանսկի գրավումից հետո ռուսաստանյան հարձակումը սպառվեց։ Լուգանսկի շրջանի (ԼԺՀ) և Խարկովի շրջանի արևելյան մասի գրեթե ամբողջ տարածքը գրավված էր, սակայն Ուկրաինան պահպանեց Դոնեցկի շրջանի (ԴԺՀ) մեծ մասը։ Չհաջողվեց հասնել նույնիսկ Սլավյանսկին և Կրամատորսկին։ Այս արշավն արյունաքամ արեց ՌԴ ԶՈՒ ուժերը, որոնք հիմնականում մնացին որպես խմբավորում, որը մտել էր Ուկրաինա 2022 թ. փետրվարին։ Մինչդեռ Ուկրաինան սկսեց «մշտական մոբիլիզացիա»՝ ձեռք բերելով ավելի ու ավելի շոշափելի քանակական առավելություն։


Ճանապարհ դեպի դիրքայնություն

2022 թ. գարնան վերջին և ամռան սկզբին ռազմական գործողությունների որոշիչ գործոն դարձավ արևմտյան սպառազինության և տեխնիկական միջոցների հոսքը Ուկրաինա։ Ուկրաինայի զինված ուժերում ի սկզբանե ծառայության դրվեց Արևմուտքի հետախուզական վիթխարի հնարավորությունները, որոնք ապահովեցին գերազանցությունը հետախուզության և նպատականշման (целеуказание) հարցում։ Սա հատկապես վերաբերում էր տիեզերական հետախուզությանը, որը տրամադրվեց արևմտյան ռազմական հետախուզական արբանյակների համալիրի և արբանյակային գեոպատկերման բազմաթիվ առևտրային ընկերությունների կողմից: Սա էլ իր հերթին հնարավորություն տավեց շարունակաբար և գրեթե իրական ժամանակում վերահսկել մարտական գործողությունների գոտին և Ռուսաստանի Դաշնության տարածքը:

Իլոն Մասքի SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետի «համընդհանուր» համակարգը արագորեն դարձավ մարտական կառավարման և տվյալների փոխանցման առանցքային համակարգ, ինչով ուկրաինական զինուժը «թռիչք գործեց» 21-րդ դար: Starlink-ը ունակ է գործել ցանկացած կետում, բաշխել հոսքային տեղեկատվությունն անհատ սպառողների հսկայական քանակին, պահպանել ինտերնետ կապը շարժման ընթացքում և ցանկացած հեռավորության վրա կառավարել տրանսպորտային միջոցները։ Starlink-ը զինվորականներին տրամադրեց հնարավորություններ, որոնք նույնիսկ ԱՄՆ զինուժն ակնկալում էր ստանալ 2030-ականների կեսերից ոչ շուտ։ Արբանյակի նեղ ուղղորդված կապի ալիքի շնորհիվ այն իրականություն դարձրեց ցանկացած «միավորի» (unit) միացում ցանցին ցանկացած վայրում, առցանց վիդեո հոսքերի փոխանակում, իրական ժամանակում հազարավոր բաժանորդների միջև տվյալների փոխանակման համար մարտական chat-երի և կառավարման այլ համակարգերի ստեղծում, կապի բարձր գաղտնիություն, Wi-Fi-ի միջոցով յուրաքանչյուր մուտքի կետում մարտավարական հաղորդակցության համար ցանցեր մատակարարելու ունակություն: Փաստորեն, Starlink-ին միանալու դեպքում յուրաքանչյուր մարտական «միավոր» և յուրաքանչյուր կրակային միջոց վերածվում էր ցանցայինի՝ ձեռք բերելով իրական ժամանակում թիրախանշման, ուղղորդման և ճշգրտման հնարավորություններ և բարձր ճշգրտության զենքի ներուժ:

Վերը նշված հետախուզական, թիրախանշման, կապի, կառավարման և տվյալների փոխանցման ցանցակենտրոն միջոցների հետ համատեղ, 155 մմ ժամանակակից հեռահար հրետանին և 2022 թ. հունիսից կիրավող 90 կմ հեռահարությամբ GMLRS բարձր ճշգրտության ռեակտիվ արկերով HIMARS և MLRS ցամաքային հրթիռային համակարգերը թույլ տվեցին ուկրաինական կողմին 2022 թ. երկրորդ կեսին ձեռք բերել կրակային գերակայություն և բարձր ճշգրտության հեռահար հարվածի հնարավորություն՝ զգալիորեն բարդացնելով ՌԴ զինված ուժերի վիճակը։

2022 թ. ամռանը GMLRS հրթիռներով HIMARS-ների կիրառման հիմնական արդյունքը ոչ այնքան հարվածներն էին շտաբներին և զինամթերքի պահեստներին, որքան զորամասերի ռեզերվների տեղակայման վայրերի խոցումն էր։ Ռուսասական կողմը ստիպված էր ռեզերվները հետ քաշել դեպի վերահսկվող տարածքի խորքը, իսկ մասամբ՝ նույնիսկ ՌԴ տարածք։ ՌԴ զինված ուժերի ընդհանուր պակասը և Ուկրաինայի զինուժի քանակական գերակայությունը նախադրյալ հանդիսացավ 2022 թ. սեպտեմբերին Խարկովի մարզում ուկրաինական հաջող հարձակման համար։ Չկարողանալով արագ և արդյունավետորեն մարտի մեջ մտցնել դուրս բերված ռեզերվները՝ ռուսական կողմը լքեց Խարկովի շրջանի արևելյան հատվածը և ռեզերվային ուժերի միջոցով պաշտպանական գիծ կառուցեց ԼԺՀ-ի արևմտյան սահմանին, որտեղ էլ կասեցվեց ուկրաինական արշավը: Այստեղ ձևավորեց հյուսիսային ճակատային գիծը, որը մինչ օրս առկա:

Ուկրաինայի առաջին իրական ռազմական հաջողությունը Մոսկվային կանգնեցրեց հակառակորդի առկա ներուժի և խմբավորման թվաքանակի անհամապատասխանության հիմնախնդիր լուծման առջև։ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված էր 2022 թ. սեպտեմբերի 21-ին, հետխորհրդային շրջանում առաջին անգամ, դիմել մասնակի զորահավաքի՝ զորակոչելով ավելի քան 300 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, cart-blanche էր տրվել «Wagner» ՄՌԿ-ի կտրուկ քանակական աճին, որն իրականում սկսել է վերածվել զուգահեռ բանակի, այդ թվում՝ բանտարկյալների զանգվածային հավաքագրման շնորհիվ։ 2023 թ. հունվարին «Wagner»-ի մարտիկների քանակը հասել է 50 հազարի։

Այս միջոցների նախաձեռման արդյունավետությունը զգացվեց միայն 2022 թ. վերջին: Իսկ մինչ այդ ռուսական զորքերը դասավորված էին ձգված «բարակ կարմիր գծով»։ Իսկ 2022 թ. աշնանը իր համար ուժերի բարենպաստ հարաբերակցության գագաթնակետին հայտնված Ուկրաինան եզակի հնարավորություն ստացավ ռուսական կողմին հասցնել մի շարք նշանակալի պարտություններ՝ լայնածավալ քաղաքական էֆեկտով։

Ուկրաինան կարող էր կամ շարունակել հարձակողական գործողություններն արդեն ԼԺՀ-ի տարածքում, կամ փորձել հարավում բեկում իրականացնել Զապորոժյեից դեպի Ազովի ծով՝ կտրելով ռուսական ուժերը Խերսոնի շրջանում և հասնելով Ղրիմի հյուսիսային մաս։ Անհասկանալի է, թե ի՞նչու Կիևը հրաժարվեց իր համար նման շահավետ ուղղություններից՝ արդյո՞ք դա զգուշավոր և պասիվության հակված ուկրաինացի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի cunctator-ությունն էր, թ՞ե, ըստ մի շարք նոր տեղեկությունների, ամերիկացիների ճնշման հետևանք, քանի որ նրանք թերահավատորեն էին վերաբերվում ուկրաինական զինված ուժերի՝ այդպիսի լայնածավալ գործողություններ ձեռնարկելու կարողությանը։ Վճռական նպատակներով հարձակման փոխարեն, ուկրաինական կողմը նպատակադրեց առավել սահմանափակ և միևնույն ժամանակ քաղաքականապես շահավետ խնդիր՝ դուրս մղել ռուսական ուժերը Ուկրաինայի միակ տարածաշրջանային կենտրոն՝ Խերսոնից, որը Ռուսաստանը գրավել էր ռազմական գործողությունների սկզբում:

Դնեպրի ստորին արևմտյան ափին գտնվող ռուսական զորքերի մատակարարումը իրականացվում էր մի քանի կամուրջներով, որոնք դարձել էին GMLRS բարձր ճշգրտության հրթիռների հարվածների թիրախ: Միաժամանակ 2022 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների Խերսոնի ուղղությամբ ռուսական դիրքերի վրա ուկրաինական գրոհները նվազ արդյունավետ էին և ուղեկցվում էին զգալի կորուստներով՝ հետզհետե վերածվելով դիրքային փակուղու առաջին ծավալուն ցուցադրման, որն ամբողջությամբ դրսևորվեց հաջորդ տարի։ Այնուամենայնիվ, իր դերն էր խաղացել հրթիռային հարվածներով Դնեպրի կամուրջների վնասումը։ Խուսափելով մատակարարման ճգնաժամից՝ Ուկրաինայում ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման նորանշանակ հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի նախաձեռնությամբ ռուսաստանյան հրամանատարությունը որոշում կայացրեց թողնել Խերսոնը և զորքերը հետ քաշել Դնեպրի աջ ափից: Նահանջն իրականացվեց երկու օրվա ընթացքում՝ կազմակերպվածության և գաղտնիության բարձր մակարդակով ու գրեթե առանց կորուստների։

Ուկրաինայի համար Խերսոնի ազատագրումը, որն իրականացվեց առանց մարտերի, բերեց խոշոր ռազմաքաղաքական հաջողություն՝ կտրուկ բարձրացնելով նրա արժեթղթերը Արևմուտքում: Արևմուտքը եզրակացրեց, որ եթե Ուկրաինային ցուցաբերվի լայնածավալ ռազմական օգնություն, ապա նա կկարողանա ինքնուրույն դուրս մղել ռուսական զորքերին՝ առնվազն մինչև 2022 թ. փետրվարի 24-ը։ 2022 թ. վերջից Ուկրաինային մատակարարված արևմտյան ռազմական «օգնությունը» սկսեց կտրուկ աճել, ներառյալ տանկերի և ՀՄՄ-ների անդրանիկ մատակարարումները։ Արևմուտքում նաև մեկնարկեց ուկրաինական տասներկու բրիգադների ուսուցման և վերապատրաստման ծրագիրը։ Ստանալով անձնակազմի և տեխնիկայի խոշոր համալրում, Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը սկսեց զինված ուժերի մարտական ներուժի և թվաքանակի կուտակում, ներառյալ նոր միավորումների ձևավորումը։ 2023 թ. գարնանը Ուկրաինայի պաշտպանական ուժերի անձնակազմի (ԶՈՒ և այլ ուժային կառույցներ) քանակը գերազանցեց մեկ միլիոնը, իսկ մարտական բրիգադներինը՝ հարյուրը։

Մասնակի զորահավաքից և պայմանագրային զինծառայողների ներհոսքի ավելացումից հետո, ռուսական հրամանատարությունը նույնպես կատարեց ուժերի համալրում և ձեռնամուխ եղավ նոր կազմավորումների ձևավորմանը՝ հայտարարելով, որ նախատեսում է ապագայում ՌԴ ԶՈՒ թվաքանակը հասցնել մեկուկես միլիոն զինծառայողի: Ըստ ամենայնի, հիմք ընդունելով զորահավաքի արդյունքները՝ 2022-2023 թթ. ձմռանը Մոսկվան տատանվում էր Ուկրաինայում «լավատեսական-հարձակողական» և «զգուշավոր-պաշտպանական» ռազմավարության տարբերակների միջև։ «Լավատեսական-հարձակողական» տարբերակի փորձարկումն արտահայտվեց Սոլեդար-Բախմուտի ուղղությամբ (նոյեմբերից) հարձակման ժամանակ, որտեղ հիմնական հարվածող ուժը հանդիսանում էր «Wagner» ՄՌԿ-ն։ 2023 թ. հունվարի 10-ին գրավվեց Սոլեդարը, մինչև մայիսի 20-ը տևած կատաղի մարտերից հետո՝ Բախմուտը։

Գրեթե վեց ամիս ձգվող ռուսական հարձակումն ուղեկցվեց ծանր մարտերով՝ փոքր տարածքային առաջընթացով և գրավյալ քաղաքների գրեթե ամբողջական ոչնչացմամբ։ Դա ցույց տվեց մարտական գործողությունների նոր պատկերը, որն ավելի ու ավելի դիրքային բնույթ էր կրում: 2023թ. ձմռան վերջին և գարնան սկզբին ռուսական կողմը փորձեց մի շարք տեղական հարձակումներ իրականացնել Դոնբասում՝ Դոնեցկի մերձակաքում, Մարիինկայում, Ուգլեդարում, բայց դրանք վերածվեցին համառ դիրքային մարտերի և ունեցան աննշան արդյունքներ կամ նույնիսկ ավարտվեցին անհաջողությամբ, ինչպես Ուգլեդարում։

Այս ամենը, հօգուտ 2023 թ. պաշտպանական արշավի ռազմավարության, ռուսական հրամանատարությանը հանգեցրեց վերջնական և ամենառացիոնալ ընտրությանը՝ հենվել դիրքային պաշտպանության վրա։ 2023 թ. վաղ գարնանից ռազմաճակատի ռուսական կողմում ծավալվեց դաշտային դիրքերի և ամրաշինությունների ցանցի լայնածավալ շինարարություն, որն անվանվեց «Սուրովիկինի գիծ»: Միաժամանակ տեղի ունեցավ ռեզերվների կուտակում։ Զորքերը համալրելու համար պլանավորվեց տարվա ընթացքում բանակը համալրել 420 հազար պայմանագրային զինծառայողով, որոնց առաջարկվեց բարձր դրամական բավարարում։


Ուկրաինան կորցնում է իր վերջին հնարավորությունը

2023 թ. սկզբին Ուկրաինան, սկզբունքորեն, ուներ հարձակողական գործողություններում հաջողության հասնելու զգալի շանսեր։ Ռուսական բանակը մարտական գործողությունների գոտում զգում էր ոչ միայն անձնակազմի (զորահավաքի ներգործությունը նոր էր նկատվում), այլև ռազմական տեխնիկայի պակաս: Արդեն 2022 թ. ամառ-աշուն ժամանակահատվածում ռուսական կողմը պահեստային բազաներից սկսել էր զանգվածաբար դուրսբերել տանկերի, զրահատեխնիկայի և հրետանու 1950-1960-ականների հնացած նմուշները, որոնք հրաշքով վերապրել էին հետխորհրդային ժամանակների «սեփականաշնորհումը»: Բայց դա միայն մասամբ էր շտկում իրավիճակը։ Համաձայն անցյալ տարվա կեսերին Discord սոցիալական ցանցի միջոցով ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության (DIA) ֆայլերի աղմկահարույց արտահոսքի, 2023 թ. փետրվարի 28-ի դրությամբ մարտական շփման գծում ռուսական զորքերն ունեին 419 տանկ, 2928 զրահապատ մեքենա և 1209 հրետանային համակարգ։ Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի սպառազինությունում առկա էր 809 տանկ, 3498 զրահապատ մեքենա և 2331 հրետանային համակարգ։ Ռուսական կողմը նաև զինամթերքի լուրջ պակաս է ունեցել։

Այսպիսով, ըստ երևույթին, 2023 թ. առաջին երեք ամիսները Ուկրաինայի զինված ուժերի համար ուժերի լավագույն հարաբերակցության և ռուսական բանակի մարտական ներուժի ամենամեծ անկման ժամանակն էր։ Սակայն, Ուկրաինայի ղեկավարությունը անընդհատ հետաձգում էր հարձակման մեկնարկը՝ սպասելով արևմտյան ռազմական տեխնիկայի առավելագույն քանակի ժամանմանը և Արևմուտքում նոր բրիգադների պատրաստման ավարտին: Հակառակ կողմը ձեռքերը ծալած նստած չէր, և ուժերի հարաբերակցությունը սկսեց փոխվել։ Բայց արևմտյան տեխնիկայի և «արևմտյան մեթոդների» մոգությունն այնքան մեծ էր, որ ուկրաինացիներին օժտեց հակառակորդի նկատմամբ ինքնավստահություն և անտեսման զգացում ձեռք բերել։

Անցան մարտ, ապրիլ, մայիս ամիսները, և միայն հունիսի սկզբին ուկրաինական ուժերը վերջապես անցան ակտիվ գործողությունների։

Թեև շատերը Ուկրաինայի զինված ուժերից (ավելի շուտ՝ նրանց արևմտյան ծրագրավորողներից) ակնկալում էին ինչ-որ ոչ ստանդարտ և ստեղծարար քայլեր, ուկրաինական հրամանատարությունը հունիսի 4-ից հարձակումն իրականացրեց առավել ակնհայտ և օպերատիվ-ռազմավարական առավել հաջողություն խոստացած ուղղությամբ՝ Զապորոժյեից դեպի հարավ դեպի Ազովի ծով, որտեղ ռուսական կողմը լավագույնս էր պատրաստվել։ Հարավում ուկրաինական հարվածի բաժանումը երկու ուղղությունների՝ Օրեխովից պայմանականորեն դեպի Մելիտոպոլ և Վրեմևսկոից պայմանականորեն դեպի Թեմրյուկ ու Բերդյանսկ, դեռ կարելի էր հասկանալ։ Բայց միևնույն ժամանակ, ուկրաինական զինուժը սկսեց գրոհել հյուսիսում բոլորովին առանձին, երրորդ ուղղությամբ՝ փորձելով վերադարձնել Բախմուտը: Այնտեղ ներգրավված էին առավել փորձառու բրիգադներից մի քանիսը, մինչդեռ հարավում հիմնական ներդրումը կատարում էին Արևմուտքում վերապատրաստված նոր ձևավորված բրիգադները: Հարավային գլխավոր ուղղության և Բախմուտի միջև ուժերի ցրման իմաստը անհասկանալի մնաց ինչպես դիտորդների, այնպես էլ, դատելով ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրություններից, Պենտագոնի կուրատորների համար:
«Ուկրաինական հրամանատարությունը ստեղծել էր հետաձգված նախապատրաստությունների, օպերատիվ և ռազմավարական հանկարծակիության բացակայության, ուժերի փոշիացման և հակառակորդի նկատմամբ անտեսման կախարդական կոկտեյլ»։
Տեսականորեն այս ամենը կարող էր հարթեցվել առաջնագծում մարտավարական հաջողություններով, սակայն դա էլ չստացվեց։ Դիրքայնությունը դրսևորվել էր ամբողջ ծավալով՝ հարձակողական շարասյուներն ու զրահատեխնիկայի կազմավորումները ականադաշտերում մխրճվելով, կուտակվում և դառնում էին ՀՏԿՀ-ների, հրետանու ու ԱԹՍ-ների ջարդի օբյեկտներ։ Չնայած հարձակման գոտում ուկրաինացիների գերազանցությանը՝ շնորհիվ հետախուզական և նպատականշման արևմտյան օգնության և գերճշգրիտ զենքի առկայության, նրանք չկարողացան հասնել արդյունավետ կրակային գերազանցության և ճնշել ռուսական հրետանին: Արդյունքում, հարավում հարձակումը վերածվեց ռուսական դիրքերի դանդաղ ու արյունալի «կրծոտմանը», իսկ արդեն հունիսի երկրորդ կեսից ուկրաինացիները դադարեցին հույսը դնել գովաբանված արևմտյան զրահատեխնիկայի վրա և անցան զուտ հետևակային գրոհային գործողություններին՝ փոքր ստորաբաժանումների ուժերով։

Օրեխովոյի ուղղությամբ Ռաբոտինո բնակավայրը, որն ըստ ուկրաինական պլանի պետք է գրավվեր հարձակման առաջին օրը՝ հաջողվեց գրավել միայն օգոստոսի վերջին։ Սեպտեմբերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կարողացան առաջ շարժվել Ռաբոտինոյից ևս մի քանի կիլոմետր հարավ-արևելք, ինչից հետո հարձակումը վերջնականապես ուժը կորցրեց: Դեպի արևելք՝ Վրեմևսկի ուղղությամբ, ուկրաինացիները հունիսին կարողացան կտրել այսպես կոչված Վրեմևսկի ելուստը, որը մի քանի կիլոմետրով մխրճված էր իրենց դիրքերում, բայց հաջորդ երեք ամիսներին նրանց հաջողվեց առաջ շարժվել միայն 2-3 կմ դեպի հարավ։ Ամռան վերջին Ուկրաինայի զինուժը կատաղի մարտերում կարողացավ «ճկել» առաջնագիծը Բախմուտից մի քանի կիլոմետր դեպի հարավ, բայց ոչ մի շրջապատման և, առավել ևս, քաղաքի գրավման մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Հակառակ տարածված կարծիքի, «Սուրովիկինի գիծը» գործնականում դեր չխաղաց հարավում ուկրաինական հարձակումը հետ մղելու գործում: Շատ դեպքերում ուկրաինացիները պարզապես չհասան դրան, բացառությամբ Ռաբոտինոյից հարավ-արևելք գտնվող մեկ հատվածի։

Ուկրաինային չօգնեց նաև այդքան սպասված ներքաղաքական ցնցումը Ռուսաստանում, որը պայմանավորված էր հունիսի 23-24-ին բռնկված «Wagner» ՄՌԿ-ի խռովությամբ։ Իրենց ուզածն այնքան էլ չհասկացող «Wagner»-ի ղեկավարների անմիտ ելույթն արագ «փչվեց» և, ինչպես միշտ նման դեպքերում, հանգեցրեց ռուսական իշխանությունների համախմբմանն ու դիրքերի ամրապնդմանը։
«Ուկրաինայի համար 2023 թ. ամառային հարձակման ձախողումը դարձավ հիմնարար ռազմաքաղաքական ճգնաժամի ախտանիշ, որը ցույց տվեց Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի իրական միջոցների և ռեսուրսների բացակայությունը»։
Հենց այս ըմբռնումը պատճառ դառձավ, որ արևմտյան երկրները տատանվեն ռազմական օգնության ծավալների հարցում։ Եթե 2022 թվականի արշավի արդյունքները Կիևին տվեցին Արևմուտքում ռազմաքաղաքական վստահության մեծ վարկ, ապա 2023 թվականի արշավը զգալիորեն զրկվեցին դրանից։ Նույնիսկ արևմտյան նոր լայնածավալ ռազմական մատակարարումների դեպքում 2022-2023թթ. սահմանագծի ուժերի բացառիկ շահավետ հարաբերակցությունն այլևս երբեք չի կրկնվի։

2023 թվականին ուկրաինական հարձակողական գործողությունների վերջին ակորդը (և, ինչպես կարելի է դատել, որն առաջին հերթին ձեռնարկվեց Արևմուտքին գոնե ինչ-որ հաջողություններ ցույց տալու համար) հանդիսացավ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Դնեպրի ստորին հատվածի ձախ ափում փոքր դեսանտային ուժերի իջեցումը, ինչը թույլ տվեց ձևավորել մի քանի փոքր պլացդարմներ։ Այդ հենակետերը, սակայն, օպերատիվ տեսանկյունից փակուղային էին, քանի որ վերարտադրվեց այն նույն դիրքայնությունը, որը կաշկանդում ու կաթվածահար էր անում մնացած ճակատը։


Փակուղում

2023 թ. ամռան ուկրաինական հարձակման ձախողման մեկ այլ ասպեկտ էր ՌԴ ուժերը զգալիորեն «աղալու» և հյուծելու անկարողությունը։ Ռուսական բանակը պահպանեց հիմնական ուժերն ու ռեզերվները, ինչը ռազմաճակատում հնարավորություն տվեց անցնել ակտիվ գործողությունների։ Արդեն 2023 թ. հուլիսի սկզբին ռուսական զորքերը հարձակում ձեռնարկեցին հյուսիսում՝ Կուպյանսկի ուղղությամբ, ձգտելով հետ գրավել 2022 թ. սեպտեմբերին կորցրած տարածքների մի մասը։ Թեև հաջողությունները չնչին էին, 2023-ի աշնանից ի վեր, երբ ուկրաինական հարձակողական գործողությունների մարեցին, ռուսական ուժերը մի շարք հարձակումներ ծավալեցին գրեթե ամբողջ ճակատով, արագորեն ստիպելով Ուկրաինայի զինված ուժերին կորցնել նախաձեռնությունը և անցնել պաշտպանության։

2023 թ. հոկտեմբերի սկզբից ի վեր ռուսական հարձակումներից ամենանշանակալին ուղղված էր Ավդեևկային՝ Դոնեցկի արևմտյան արվարձանին, որն Ուկրաինայի զինված ուժերը ամուր պահում էին 2014 թվականից ի վեր։ Նույնիսկ այնտեղ ձեռք բերված հաջողությունը, տարբեր հատվածներում շարունակվող ռուսաական հարձակումների հետ մեկտեղ, ցույց է տալիս դիրքայնությունը վճռականորեն հաղթահարելու գործում միջոցների բացակայությունը։ Այնուամենայնիվ, ռուսական կողմը ՀՌԳ գոտում լայնածավալ ճնշում էր գործադրում ուկրաինական դիրքերի վրա մարտական գործողությունների գծի գրեթե ամբողջ երկայնքով, իսկ մի շարք ուղղություններում մարտավարական ճգնաժամային իրավիճակներ էր ստեղծում։ Ամենայն հավանականությամբ, հակառակորդին «բազմաթիվ վերքեր հասցնելու» ակտիվ ռազմավարությունը կոչված էր հյուծելու Ուկրաինայի զինված ուժերը և նախադրյալներ ստեղծելու ուկրաինական ճակատը «խարխլելու» և ավելի էական հաջողությունների հասնելու համար։ Սակայն այս ռազմավարությունը բավականին թանկ է ՌԴ ԶՈՒ-ի համար կորուստների և ռեսուրսների ծախսման առումով, և կարող է հանգեցնել ուժերի չափազանց հյուծման։ Իր հերթին, դա գոնե մասամբ նախաձեռնությունը կրկին կփոխանցի ուկրաինական կողմին, ինչի վրա, հավանաբար, այժմ կառուցվում են Կիևի հաշվարկները։

Խորը դիրքայնությունը, զուգորդված երկու կողմերի ուժերի պակասի հետ, 2024-ին նրանց դատապարտում է երկարատև դիրքային պայքարի։ Երկու կողմերն էլ, ինչպես ցույց տվեց պայքարը մեկ տարի շարունակ, անկարող են մարտավարական հաջողությունները վերածել օպերատիվի։ Այժմ ՌԴ ԶՈՒ-ն նախաձեռնությունը պահում է ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով, իսկ ուկրաինական զինուժն անցել է ռազմավարական պաշտպանության, որն առայժմ բավականին կայուն է և ոչ մի տեղ հնարավորություն չի տալիս ռուսական զորքերին հասնել մարտավարական հաջողություններից ավելինի։ Ուկրաինական զորքերը պահպանում են նաև զգալի ռեզերվներ, ներառյալ 2023 թվականին ստացված արևմտյան ծանր ՍՌՏ հիմնական մասը, և ակնկալում են ստանալ F-16 կործանիչ ինքնաթիռները։ Միևնույն ժամանակ, ռազմական օգնության հետագա ծավալների վերաբերյալ քաղաքական անորոշությունը (առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կողմից) հնարավորություն չի տալիս Կիևին 2024 թ. համար հստակ պլաններ կազմել և նրան ստիպում է սպասողական ռազմավարություն որդեգրել։ Ուկրաինայի զինված ուժերի համար հիմնական խնդիրը ոչ այնքան զենքի և զինամթերքի պակասն է, որքան քաղաքական դրդապատճառներով Ուկրաինայի ղեկավարության դժկամությունը՝ 25 տարեկանից ցածր արական բնակչության լիարժեք զորահավաք ծավալել (այժմ դրան ենթակա են միայն 30 տարեկանից բարձր անձինք)։

2024 թվականին ՌԴ զինված ուժերի ներուժը նույնպես մեծապես պայմանավորվելու է երկրի ղեկավարության պատրաստակամությամբ՝ նոր զորահավաքային միջոցառումներ անցկացնելու, քանի որ պայմանագրային զինծառայողների հաշվին համալրման հնարավորությունը նվազում է։

2024 թ. սկզբին երկու կողմերն էլ, ըստ երևույթին, համադրելի ուժեր ունեն ռազմաճակատում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ՀՌԳ գոտում» կա ավելի քան 600 հազար մարդ, ուկրաինական և արևմտյան գնահատականները ցույց են տալիս մոտավորապես 400-450 հազար մարդ: Ուկրաինական պաշտոնական աղբյուրները, այսպես կոչված, ուկրաինական պաշտպանության ուժերի քանակը միչև 2023 թվականի վերջը գնահատել են մոտավորապես 1,1 միլիոն մարդ, այդ թվում՝ մինչև 800 հազարը Ուկրաինայի զինված ուժերում։ Ռազմաճակատում, ըստ ամենայնի, ուկրաինացի և ռուս մարտիկների թվաքանակը հավասար է։
«Ընդհանուր առմամբ, որքան կարելի է դատել, երկու կողմերի ցամաքային զորքերը գտնվում են կազմակերպման, սպառազինության, պատրաստության, հրամանատարական կազմի, մշակույթի, բարոյական վիճակի և այլնի նույն կամ համեմատելի մակարդակում՝ որոշակի իմաստով ներկայացնելով «մեկ ժողովուրդ»»:
Երկու կողմերն էլ մարտական գործողություններ են վարում մոտավորապես նույն ոճով և, ըստ երևույթին, կորուստների համադրելի մակարդակով:


Առաջիկա հեռանկարները

Ե՛վ պատերազմող կողմերը, և՛ Արևմուտքը պատրաստ չեն խաղաղ կարգավորման: Ստեղծվում է ռազմաքաղաքական իրավիճակ, որը նման է 1951-1953թթ. Կորեական պատերազմի դիրքային շրջանին, որի ելքը, ըստ ЦАСТ-ի մի շարք գրառումների և մեկնաբանությունների, ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմի դեպքում, կանխատեսվել էր դեռևս 2021 թվականին և 2022 թվականի սկզբին։ Դիրքային փակուղին կարելի է հաղթահարել կամ զորքերի կտրուկ ավելացմամբ՝ հակառակորդի նկատմամբ բազմակի քանակական առավելություն ստանալու շնորհիվ, կամ ռազմատեխնիկական գերազանցության հաշվին, առաջին հերթին՝ խոցման բարձր ճշգրտության միջոցների քանակի և ներուժի զգալի աճով։ Երկուսն էլ, ամենայն հավանականությամբ հակամարտող կողմերի համար մոտ ապագայում անհասանելի կլինեն:

Սա անխուսափելի է դարձնում երկարատև պատերազմը համեմատաբար կայուն ճակատի պայմաններում՝ կորեական կամ իրանա-իրաքյան ոճով։ Այն տևելու է տարիներ՝ ոչ թե հակառակորդին փոխզիջումների պարտադրելու հույսով, այլ ավելի շուտ նրա երկրում ներքին փոփոխությունների ակնկալիքով, որոնք կհանգեցնեն քաղաքական դիրքորոշման փոփոխության։ 1953-ին Կորեական պատերազմի ավարտը, նույնիսկ status quo-ի պայմաններում, հնարավոր դարձավ միայն Իոսիֆ Ստալինի մահից հետո: Ըստ այդմ, Ուկրաինայի և Արևմուտքի համար փոփոխությունների պայմանը այս կամ այն ձևով Վլադիմիր Պուտինի իշխանությունից հեռանալն է (ինչը տեսանելի ապագայում չափազանց քիչ հավանական է), մինչդեռ Ռուսաստանի ղեկավարությունը, ըստ երևույթին, հույսեր է կապում 2024 թ. նոյեմբերին կայանալիք ընտրություններում ԱՄՆ-ում հնարավոր իշխանափոխության հետ։ Այդ պատճառով Մոսկվան, ամենայն հավանականությամբ, մտադիր է ռազմական գործողությունները շարունակել առնվազն մինչև 2025 թվականը, և հնարավոր է, դրանից հետո՝ Ուկրաինայի նկատմամբ հզոր ռազմական գերազանցության հասնելու ակնկալիքով։

2023 թ. ուկրաինական հարձակման ձախողումից հետո պարզվեց, որ Ուկրաինան և Արևմուտքը հայտնվել են առանց պատերազմի հստակ ռազմավարության։ Հարձակման հիմնական նպատակը Ռուսաստանի Դաշնությունում ներքաղաքական ճգնաժամի ստեղծումն էր, իսկ առավելագույնը՝ Մոսկվայում վարչակազմի փոփոխությունը։ Ըստ էության, Ուկրաինան և Արևմուտքը jackpot-ի վրա խաղադրույք կատարեցին դեռևս 2022 թ. գարնանը, որն այդպես էլ չստացվեց, և հիմա պարզ չէ, թե ինչ անել հետո։ Ուկրաինայի և Արևմուտքի համար, ըստ էության, ընտրություն կա երկու տարբերակի միջև՝ երկար ժամանակ շարունակել «Պուտինի դեմ պատերազմը»՝ անորոշ հեռանկարով և էսկալացիայի մշտական սպառնալիքով, կամ համաձայնել կորեական օրինակով զինադադարին՝ status quo-ի պայմանով։ Երկու տարբերակներն էլ, ըստ էության, առաջարկում են իրական խաղաղ կարգավորումը հետաձգել միչև հետպուտինյան դարաշրջան՝ «Մոսկվայում ավելի իրատեսական ղեկավարության» հույսով: Վլադիմիր Զելենսկին, ուկրաինական վերնախավի մեծ մասը և Արևմուտքը դեռևս մերժում են հրադադարի «կորեական» տարբերակը։ Դա նշանակում է, որ 2024 թվականին կողմերը մտադիր են «պատերազմին ևս մեկ հնարավորություն տալ» և շարունակել ուժերի փորձարկումն արդեն դիրքային պայքարի պայմաններում՝ ռեսուրսային հնարավորությունների և քաղաքական կամքի սթրես-ստուգման միտումով։

Ռազմաճակատում փակուղու և հակառակորդի վրա առաջին հերթին քաղաքական ճնշում գործադրելու ձգտման պայմաններում մեծ ուշադրություն կհատկացվի միմյանց թիկունքային օբյեկտների վրա քաղաքականապես զգայուն և քարոզչական նշանակալի հարձակումներին՝ ավելի ու ավելի շարժվելով դեպի «քաղաքների պատերազմ»՝ Իրանա-իրաքյան պատերազմի ոգով։ Այս միտումը հստակ նկատելի է ուկրաինական կողմի մոտ, այդ թվում՝ Արևմուտքից հեռահար զենքի մշտական պահանջների տեսքով։ Այնպես որ, կարելի է ակնկալել, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերը և քաղաքացիական ենթակառուցվածքի վնասները կմեծանան։

Ռուսական ռեսուրսները նշանակալի են, բայց հնացած տանկերի, հրետանային համակարգերի և արկերի արտադրության և վերանորոգման պարզ աճը չի ապահովի ռազմական հաջողություն, այլ միայն պատերազմը կվերածի մշտականի՝ ազգային հարստության բազմամյա հսկայական ծախսերով և վաղ թե ուշ զարգացող բացասական հասարակական-տնտեսական ու ներքաղաքական հետևանքներով: Բեկումանը կարելի է հասնել միայն զինված ուժերը հագեցնելով պատերազմի ժամանակակից միջոցներով, հիմնականում՝ գերճշգրիտ ու ԱԹՍ, ինչպես նաև հետախուզական, նպատականշման և ՌԷՊ միջոցներով: Սա սովորական խնդիր չէ թե տեխնոլոգիական, թե ռազմարդյունաբերական տեսանկյունից։ Ռուսաստանին դժվար թե կարողանա գլուխ հանել էժանագին և պալիատիվ քաղաքական, ռազմական ու արդյունաբերական լուծումներով։ 2022 թ. փետրվարի 24-ին մեկնարկած արմատական «stress test»-ը համակարգը պետք է անցնի մինչև վերջ։


Հրապարակվել է 04/03/24
Թարմացվել է 04/03/24