ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ՈՒՍԱՊԱՐԿ (ՏՈՒ)
Մեր իրականությունում Տագնապային Ուսապարկը պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում, դա կօգնի հնարավորինս արագ հեռանալ պատերազմական գոտուց, տարհանվել անբարենպաստ սեյսմիկ ու հրդեհային գոտիներից։ Այն պետք է պարունակի այն ամենը, ինչը կօգնի գոյատևել մի քանի օր:Սակայն, սույն հոդվածում խոսքը լինելու է այն անձանց պատրաստվածության մասին, ովքեր պատերազմի դեպքում կմասնակցեն զորահավաքին, կկամավորագրվեն, կամ արդեն անդամագրվել են որևիցե աշխարհազորային միավորման:
Վերոհիշյալ անձիք ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն՝ հրահանգ ստանալու դեպքում արագ վերցնել ՏՈւ-ն ու անցնել նախապես պայմանավորված նշանակման վայր (հավաքակայան):
Տագնապային Ուսապարկի ընդհանուր պարունակությունը կարող է ճշգրտվել անհատական կարիքներին համապատասխան, սակայն հիմնական միջուկն անփոփոխ է: Ընդհանուր առմամբ, սա միջին չափի ուսապարկ է, որը պետք է ներառի իրերի անհրաժեշտ նվազագույն փաթեթը։ Շատ կարևոր է ընտրված իրերի քաշը, ծավալը և որակը:
Տագնապի դեպքում անհրաժեշտ իրերի ցանկը.
- Փաստաթղթեր: Կարևոր է Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթղթեր, ինչպիսիք են՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, առկայության դեպքում՝ նաև զինվորական գրքույկ: Այս ամենը խնամքով փաթեթավորվում է անջրանցիկ-վակումային տոպրակի մեջ և պահվում մատչելի տեղում։
- Կապի միջոցներ: Ուսապարկում ունենալ առանց GPS-ի, մարտկոցի մեծ հզորությամբ, ստեղնաշարային հասարակ հեռախոս և տարբեր օպերատորների մի քանի SIM քարտեր:
- Լապտերներ: Միջին և թույլ լուսատվությամբ մեկական լապտերներ։ Եթե դրանց մարտկոցները վերալիցքավորվող չէն, ապա պարտադիր է ունենալ նաև պահեստային մարտկոցներ:
- Լիցքավորիչ(ներ): Մի մոռացեք, որ ձեր էլեկտրական սարքերը լիցքավորման կարիք ունեն: Սովորական լիցքավորիչներից բացի, նախընտրելի է ունենալ 8000-20000mAh հզորության Հոսանքի Կուտակիչ (PowerBank): Հնարավորության դեպքում՝ նաև 16 վատ և ավել հզորության արևային լիցքավորիչ:
- Գործիքներ, վերանորոգման հավաքածու: Բազմաֆունկցիոնալ Multitools գործիքների հավաքածու: Մետաղալար-սղոց (Rope/Cable Saw) – սա ադամանդե փոշեպատ լար է, որը թույլ է տալիս հեշտությամբ կտրել բազմաթիվ նյութեր՝ փայտ/ծառ, պլաստիկ, ալյումին և այլն:
Մեկուսիչ ժապավեն և ամրանավորված կպչուն ժապավեն (изолента, армированный скотч), սոսինձ՝ կոշիկի և այլ իրերի վերանորոգման համար:
Թելերի, ասեղների և մի երկու կոճակի առկայությունը Ձեզ կազատի անհարմար իրավիճակներից: Որոշ երկրների բանակներում՝ զինվորներին տրամադրվում են վերանորոգման անհատական հավաքածուներ: Կան զինվորական հագուստի արտադրողներ, որոնք վնասված հագուստի նորոգման համար առաջարկում են նույն կտորից, ինքնասոսնձվող վրադիրներ (URP): - Մարտական դանակ: Առաջին հերթին, դանակը պետք է կատարյալ տեղավորվի Ձեր ձեռքում: Հետևաբար, դանակի բռնակը պետք է լինի անատոմիական և ամուր՝ առանց ավելորդ ելուստների, կեռիկների և սուր անկյունների: Այն պետք է համապատասխանի Ձեր ձեռքի չափին և մատների դիրքին, պետք է լինի հնարավորինս կոմպակտ և ոչ շատ ծանր: Հուսալի է համարվում, երբ դանակի շեղբը չ՛ծալվող է, և կոթի հետ ամբողջական պողպատից է:
- Պարաններ (պարակորդ): Պարակորդ 550 լարը (paracord – parachute cord) թեթև և շատ ամուր նեյլոնե լար է, միջինում ունի 3,2 մմ տրամագիծ և կարող է դիմակայել 250 կգ բեռին, չի փտում և արագ չորանում է, բավականին արդյունավետ է տարատեսակ խնդիրներ լուծելու համար: Կարող է օգտագործվել թակարդների, ցանցաճոճերի, վրանների և ժամանակավոր կացարանների կառուցման համար: Միջուկի թելերը կարող են օգտագործվել որպես ձկնորսական լար: Ձգված պարակորդի կտորը կարող է օգտագործվել որպես սղոց, որով կարող եք կտրել տարբեր հյուսվածքներ, փափուկ նյութերից առարկաներ, պլաստիկե ձեռնաշղթաներ... և այլն: 20-30 մետր պարակորդը ցանկալի է լինի յուրաքանչյուր ուսապարկի մեջ:
- Առաջին բուժ-օգնության հավաքածու: տես ԴԱՇՏԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՒՓԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՑԱՆԿԸ::
- Համազգեստ: Մինչև վերջին պահը երբեք հայտնի չի լինում, թէ որ տարածաշրջանում, կամ ինչ պայմաններում կհայտնվեք: Այդ իսկ պատճառով պետք է միշտ պատրաստ լինել տարբեր իրավիճակներին արագ արձագանքելուն: Անկախ եղանակային պայմաններից, միշտ ձեզ հետ ունեցեք բոլոր եղանակներին համապատասխան հագուստներ: Պահեստային գուլպաներն ու ներբանները երբեք ավելորդ չեն լինի:
- Կարեմատ, քնապարկ, անձրևոց-թիկնոց: Քնապարկ Դուք կստանաք հավաքակայանում, սակայն հիգենայի կանոնների պահպանման համաձայն ցանկալի է ունենաք Ձեր անհատական քնապարկը, կամ առնվազն Ձեզ հետ ունեցեք ներդիր-սավան:
- Քողարկման միջոցներ: Անհատական քողարկման ցանց(եր): Ջերմամեկուսիչ ծածկոց(ներ)՝ ինչը, բացի իր բուն նպատակից, քողարկման ցանցի, կամ անձրևոց-թիկնոցի հետ համատեղ, կօգնի քողարկվել ջերմատեսիլ սարքերից:
- Հիգիենայի պարագաներ: Չնայած իրավիճակի ցանկացած բարդությանը, հիգիենան պետք է պահպանվի։ Անկախ նրանից, որ տղամարդիկ ունեն իրենց հիգիենան, իսկ կանայք իրենցը՝ օճառը, սրբիչը, հիգենիկ թաց և չոր անձեռոցիկը անհրաժեշտ նվազագույնն է բոլորի համար։ Կան` ոտքերի և մարմնի խնամքի և պաշտպանման համար նախատեսված տարբեր փոշիներ, սակայն սխալված չեք լինի, եթե օգտվեք մանկական հիգենիկ փոշուց: Մոծակների խայթոցներից, տզերից և այլնից խուսափելու համար ցանկալի է ունենալ հակավանող միջոցներ։
- Սնունդ: Միշտ պատրաստ եղեք սննդի ապահովման խաթարումների դեպքերին: Պահեստային սննդի առկայությունը երբեք ավելորդ չի լինում: Կարևոր է որոշել այն ապրանքները, որոնք օգտակար կլինեն երկարատև Մարտական երթերի (марш-бросок) ժամանակ: Արտակարգ իրավիճակների դեպքում ավելի լավ է ձեզ հետ վերցնել միայն առաջին անհրաժեշտության՝ բարձր սննդայնությամբ հարուստ սննդատեսակներ, օրինակ. կրեկեր կամ չոր հաց (сухарики), քաղցրավենիք - շոկոլադե սալիկներ, հալվա, չրեղեն, չամիչ, ընդեղեն, թեյ, սուրճ, աղ, շաքար...:
- Ջուր: Երթերի ժամանակ լավագույն լուծումներից մեկն է 2-3 լիտրանոց camelback-ը, իսկ դադարների ժամանակ կարող եք օգտվել ցանկացած հերմետիկ փակվող պլաստիկե, կամ մետաղյա տարայից: Ավելոդ չի լինի ունենալ անհատական ջրի ֆիլտր և/կամ ջուր աղտահանող հաբեր:
- Դաշտային սպասք: Երբեք հայտնի չէ՝ դաշտային սպասք տեղաբաշման վայրում կլինի, թե ոչ։ Իհարկե մարտական դանակը տարբեր իրավիճակներում կօգնի Ձեզ, սակայն ճիշտ կլինի ունենալ անհատական սնվելու պարագաների նվազագույն հավաքածու՝ ծալովի պատառաքաղ-դանակ-գդալի հավաքածու և չժանգոտվող մետաղից բաժակ։
- Կրակ վառելու միջոցներ: Միշտ Ձեզ հետ ունեցեք կրակ վառելու հավաքածու` կրակայրիչ, ջրադիմացկուն լուցկի, չոր վառելիքի հաբեր (сухой спирт/сухое горючее)։
