ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՑ ՄԻՉԵՎ
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՄԱՍ ԱՌԱՋԻՆ  /  ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ


Հասարակության կենսագործունեության որ ոլորտ էլ դիտարկենք ամենուր ապատեղեկատվություն է՝ տեղական, տարածաշրջանային, քաղաքային մասշտաբներից մինչև գլոբալ աշխարհ: Ապատեղեկատվությունը վաղուց է ի հայտ եկել, բայց այն տոտալ է դարձել ժամանակակից լրատվամիջոցներում և հեռահաղորդակցության զարգացման ընթացքում։ Հեռուստատեսությունը, ռադիոն, ինտերնետն այսօր ապատեղեկատվություն են տարածում աշխարհի բոլոր անկյուններում։ Դուք ոչ մի տեղ չեք կարող թաքնվել: Նա ճնշում է և բռնի կերպով ստիպում հավատալ մի բանի, որին չեք ուզում հավատալ՝ իմանալով, որ դա սուտ է:

Ապատեղեկատվությունը լրջագույն վնաս է հասցնում հասարակության բոլոր շերտերին, տնտեսական գործունեության կազմակերպմանը և քաղաքականության իրացման գործընթացին. այն ուղղակիորեն կապված է քաղաքացիների, հասարակության, կառավարության, գործարար միջավայրի առօրյա կենսագործունեությանը։ Հանրային վնասը ներառում է սպառնալիք ազգային արժեքներին, քաղաքացիների բարօրությանն ու անվտանգությանը:

Սույն աշխատանքում անդրադարձ է կատարվել ոչ միայան ապատեղեկատվության ճանաչման և դրա դեմ անհատական պայքարի կանոններին, այլև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2022 թվականի մարտին ՀՀ վարչապետի աշխատակազմի քննարկմանը ներկայացրած «Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն 2023-2025թթ» նախագծին, որը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվի ՀՀ կառավարությունը հասարակության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցվելիս:

Ապատեղեկատվության տեսակներն են.
  • որոշակի անձի կամ անձանց (այդ թվում՝ մի ամբողջ ազգի) մոլորության մեջ գցելը;
  • մանիպուլյացիան (մեկ անձի կամ անձանց խմբի գործողություններ);
  • հասարակական կարծիքի ստեղծում ինչ-որ խնդրի կամ օբյեկտի վերաբերյալ:
Մոլորության մեջ գցելը ոչ այլ ինչ է, քան ուղղակի խաբեություն, կեղծ տեղեկատվություն տրամադրելը: Մանիպուլյացիան ազդեցության միջոց է, որի նպատակն է փոխել մարդկանց ընկալումը կամ վարքագիծը թաքնված, կեղծ կամ բռնի գործելակերպով: Առանձնացվում են մանիպուլյացիայի հետևյալ մակարդակները.
  • մանիպուլյատորի1 համար շահավետ արժեքների ամրապնդում մարդկանց գիտակցությունում (գաղափարներ, վերաբերմունք...);
  • որոշակի իրադարձության կամ հանգամանքի վերաբերյալ տեսակետների մասնակի փոփոխություն;
  • կենսական դրույթների արմատական փոփոխություն:
Հասարակական կարծիքի ստեղծումը ընտրված խնդրի նկատմամբ հասարակության մեջ որոշակի վերաբերմունքի ձևավորումն է:

Ապատեղեկատվությունը2 ճանաչելու համար անհրաժեշտ է տիրապետել գրագիտության մի քանի տեսակների: Սոցիալական մեդիագրագիտություն3: Ֆեյք տարածողները չեն փորձում ամբողջական տեղեկատվություն ստանալ, նրանք խոսում են ապրումների, հույզերի (էմոցիաների) մասին, որոնց մեջ ընկնելը հեշտ է։ Դա զենք է խորհելու և ներգրավվածությունից հրաժարվելու ունակության դեմ: Գիտական գրագիտություն4: Եթե դուք մեջբերում եք գիտական հոդված, համոզվեք, որ դա նախնական տպագրություն չէ: Նախնական տպումը գիտության և գիտական հայտարարությունների վաղ փուլն է: Այդպիսի հոդվածի թեզիսները դեռ չեն ստուգվել: Նույնիսկ եթե հրապարակումը ստուգվել է, պարզեք՝ արդյոք կատարվել են նմանատիպ ուսումնասիրություններ, և արդյոք հաստատվել են այն արդյունքները, որոնց մասին ցանկանում եք պատմել: Իտելկտուալ գրագիտությունը մեր բանականության ինքնազգաստությունն է խաբեության և մանիպուլյացիայի նկատմամբ, երբ մենք օգտագործում ենք որևէ կոնտենտ:

Հավանական ապատեղեկատվության դեմ հաջող պայքար մղելու համար անհրաժեշտ է.
  • տարբերակել փաստերն ու կարծիքները;
  • հասկանալ, ի վիճակի է արդյոք իրազեկողն իր զբաղեցրած դիրքով մուտք ունենալ հաղորդված փաստերին;
  • հաշվի առնել աղբյուրի սուբյեկտիվ (մեծամտություն, երևակայություն) բնութագրերը և դրա ենթադրյալ վերաբերմունքը ներկայացված հաղորդագրության նկատմամբ;
  • կիրառել տեղեկատվության կրկնօրինակ կապուղիներ;
  • բացառել բոլոր լրացուցիչ միջանկյալ օղակները;
  • հիշեք, որ հատկապես հեշտ է ընկալել այն ապատեղեկատվությունը, որը դուք ենթադրում եք կամ ցանկանում եք լսել:
Ապատեղեկատվության դեմ պայքարի կանոնները.
  1. Կարևորեք գլխավորը: Ինչ-որ հոդված կարդալուց կամ ինչ-որ մեկի աղմկահարույց պնդումները լսելուց հետո մտածեք այն մասին, թե ինչ են ուզում ձեզ համոզել և ինչ են ձեզ հաղորդում, ապա ուշադրությամբ նայեք մանրամասներին: Անիմաստ է վիճել առ այն, թե քանի մարդ է զոհվել ճամբարներում, եթե ձեր ընդդիմախոսի բնակարանը զարդարված է բռնապետի դիմանկարներով: Որոշ ժամանակ մոռացեք փոխաբերությունների և հռետորական հնարքների մասին։ Առանձնացնելով ուրիշի արտահայտության փաստացի բովանդակությունը՝ դուք դեռ չեք կարող որոշել դա ճիշտ է, թե սխալ։ Բայց առանց այս քայլի հաստատ գործը գլուխ չի գա:
  2. Ուշադրություն դարձրեք հեղինակության մեջբերումներին և հղումներին: Հիշե´ք, Նյուտոնի կարծիքը հեղինակավոր չէ քվանտային մեխանիկայի հարցերում, ձեր տատիկի անունը հեղինակավոր չէ միջազգային քաղաքականության հարցերում, և նույնիսկ ամենատաղանդավոր մաշկաբանը դժվար թե բավականաչափ հասկանա կլիմայագիտությունից, որպեսզի գլոբալ տաքացման վերաբերյալ նրա պնդումներն արժանի լինեն անվերապահորեն հավատալու:
    Ոչ պակաս տարածված հնարք է ընտրովի մեջբերում կատարելը:
    Դարվինը «Տեսակների ծագումը» գրքում գրել է. «Անկեղծ ասած միանգամայն անհեթեթ կարող է թվալ այն ենթադրությունը, որ բնական ընտրության միջոցով կարող էր ձևավորվել աչքը իր բոլոր անկրկնելի գյուտերով՝ ֆոկուսային հեռավորությունն ու թափանցող լույսի քանակը կարգավորելու, գնդաձև և քրոմատիկ շեղումը շտկելու համար»։ Բայց այս ամենը նա գրել էր միայն նշված պնդման անհեթեթությունն անմիջապես վիճարկելու համար։
    Հանդիպելով կասկածելի մեջբերմանը ստուգեք այն համատեքստի հետ: Միգուցե այնտեղ բոլորովին այլ բան էր նկատառվում։
  3. Ուշադիր եղեք «ծղոտե խրտվիլակների» և անհատականության անցման նկատմամբ: Մարդիկ միշտ ձգտում են իրենց ընդդիմախոսներին ներկայացնել անբարենպաստ լույսի ներքո: Եթե ինչ-որ մեկը հանդես է գալիս մարիխուանայի օրինականացման օգտին, նրա ընդդիմախոսններն կասեն, որ նա ձգտում է հասնել թմրանյութերի անսահմանափակ հասանելիության և, որ այն կխարխլի հասարակության բարոյականության հիմքերը (չնայած դրանք բոլորովին էլ նույնը չեն): «Ծղոտե խրտվիլակ» հնարքը հատկապես լավ է աշխատում, եթե ծանոթ չեք այն փաստարկներին, որոնք մերժում է հակառակորդը: Ձեզ ավելի հեշտ կլինի համոզել, որ այնտեղ պարզապես ոչ մի լավ բան չկա:
    Եթե դա էլ չի գործում, պատրաստվեք անհատականության անցմանը: Երբ ինչ-որ մեկին, խելամիտ փաստարկներ ներկայացնելու փոխարեն, հիմար կամ ապուշ են անվանում, դուք պետք է զգուշանաք: Պիտակավորում են միայն նրանք, ովքեր չեն կարող որևէ իմաստալից բան հակադրել ընդդիմախոսի պնդումներին։ Ձեզ պետք է հետաքրքրի ոչ թե այն, թե ինչ տեսք ունի մարդը և որտեղից է նա գալիս, այլ հարցի փաստացի կողմը։
  4. Հիշե´ք, բազմաթիվ մասնավոր դեպքերը դեռ ապացույցներ չեն: Եթե ձեզ ասում են, որ գլոբալ տաքացումը հորինվածք է՝ նկատի ունենալով սաստիկ ցրտահարություններն ու ձնաբքերը, որոնք տեղի էին ունեցել անցյալ ձմռանը որոշ քաղաքներում, ապա պատճառ կա կասկածելու փաստարկի ճիշտությանը: Նույն կերպ հոմեոպաթիայի5 արդյունավետությունը չի ապացուցվում նրանով, որ ինչ-որ մեկի մորաքույրն ապաքինվել է հրաշք «ծծակների» շնորհիվ։ Յուրաքանչյուր կանոն ունի բացառություններ:
    Ապացուցելով իրենց տեսակետը՝ մարդիկ հաճախ փորձում են շրջել այս համամասնությունը և բացառությունը ներկայացնել որպես կանոն։
    Եթե դա այդպես է, ապա դուք պետք է զգույշ լինեք և այդ համամասնությունը գլխիվայր վիճակից վերադարձնեք բնական վիճակի:
  5. Դրանից հետո չի նշանակում դրա հետևանքով: Եթե նախաճաշել եք վարսակի շիլա, իսկ ճաշի ժամանակ տկարացել եք, դժվար թե վարսակի շիլաին վերագրեք պաթոգեն հատկություններ: Մինչդեռ, դա այն է, ինչ անում են մարդիկ, ովքեր դիմում են post hoc ergo propter hoc հնարքին: Նման մտածելակերպ ունեցող մարդկանց ժամանակին ծաղրել է միջնադարյան բանաստեղծ Ջեֆրի Չոսերը «Վանքի կապելլանի պատմությունը» գրքում. Շանթիկլեր անունով աքաղաղը հավատում էր, որ արևը նորից ու նորից է ծագում, որովհետև նա է արթնացնում նրան իր երգով։
    Մի շփոթեք ժամանակավոր կապը պատճառահետևանքային կապի հետ:
  6. Մի ապավինեք կեղծ հավասարակշռությանը և անտեղի բազմակարծությանը: Տեսակետների բազմազանությունը, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել քաղաքականությունը կամ գեղագիտությունը, միշտ չէ, որ տեղին է, երբ խոսքը վերաբերում է փաստերին: Հակադիր կարծիքների միջև հավասարակշռություն ձեռք բերելու ձգտումը հաճախ հանգեցնում է ձախողման. «ռացիոնալության և խելահեղ անհեթեթության միջև հավասարակշռության կետը... խելահեղ բարբաջանք է»: Եթե կլիմայագետների 98% - ը վստահ է գլոբալ տաքացման իրականությանը, ապա տեղին չէ նրանց տեսակետին այնքան ուշադրություն դարձնել, որքան այս երևույթը հերքողներին, որոնք շատ ավելի քիչ են մասնագետների շրջանում:
  7. Ինտուիցիան (ներըմբռնումը)6 հաճախ խաբում է մեզ: Եթե «վեցերորդ զգայարանը» ձեզ հուշում է խնդրի ճիշտ լուծման մասին, հիմքեր գտեք դրանում կասկածելու համար: Երբեմն ինտուիցիան իսկապես չի խաբում (երբ դուք շրջանցում եք մութ նրբանցքը կամ նետվում եք դարպասի անկյուն որպեսզի հետ մղեք արձակված ֆուտբոլի գնդակը), բայց ռացիոնալ վեճի դեպքում դա ձեր օգնականը չէ: Եթե դուք վիճում եք այն մասին, թե ինչ է տեղի ունենում, ապա պետք է զգույշ լինեք: Ձեզ անհրաժեշտ են փաստեր և տրամաբանական փաստարկներ, այլ ոչ թե կանխազգացումներ, որոնք կարող են տանել ձեզ անցանկալի ուղղությամբ:
  8. Կասկածեք ձեր սեփական օբյեկտիվությանը: Մարդիկ հաճախ ուշադրություն են դարձնում միայն այն տեղեկություններին, որոնք հաստատում են իրենց մոտ ձևավորված համոզմունքները: Եթե վստահ եք, որ լավ և խելացի մարդ եք ու կյանքում հաջողության կհասնեք, և եթե ձեր մայրն էլ է այդպես մտածում, ապա ավելի հաճախ կլսեք նրա կարծիքը, քան այն ղեկավարի, ով ձեզ քննադատում է:
    Հաստատման այսպիսի կողմնակալության հիման վրա գործում են բազմաթիվ նախանշաններ և սնահավատություններ:
    Եթե ինչ-որ մեկը կոտրել է խեցամանը, և դրանից հետո վեճ է սկսվել, ապա այս փաստը լավ է հիշվելու, մինչդեռ նախկինում կոտրված խեցամանների դեպքում, երբ այս կամ այն պատճառով վեճեր չեն առաջացել՝պարզապես հիշողությունից կանհայտանան:
    Ճիշտ եզրակացության հասնելու համար հարկավոր է հաշվի առնել փաստերի ամբողջությունը, և ոչ միայն դրանցից ամենասիրվածն ու հաճելին:
  9. Հետևեք խաղի կանոններին և դրանց խախտումներին: Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը խնդրում է ձեզ ապացուցել, որ մարդիկ առաջացել են մարդանման կապիկներից: Այս դեպքում դուք կարող եք ներկայացնել միջանկյալ ձևի մնացորդները, օրինակ՝ ավստրալոպիտեկինը: Բայց ընդդիմախոսը կարող է հարցնել ձեզ, իսկ որտե՞ղ է կապիկի և ավստրալոպիտեկի միջև միջանկյալ ձևը (ինչպես նաև ավստրալոպիտեկի և մարդու միջև): Դուք կարող եք նոր ապացույցներ ներկայացնել այնքան, որքան ցանկանում եք, միևնույն է դա չի բավարարի համառ ընդդիմախոսին: Երկու ձևերի միջև միշտ կարող եք տեղադրել ևս մեկ օղակ: Նույն սկզբունքով է գործում «բացատների աստված» («бог пробелов») տրամաբանական սխալը, երբ անհայտը բացատրվում է ինչ-որ միստիկական (առեղծվածային) պատճառներով։
    Եթե մենք ինչ-որ բան չգիտենք, դա չի նշանակում, որ այն սկզբունքորեն անճանաչելի է: Ամենայն հավանականությամբ, պարզապես պետք է մի փոքր սպասել:
  10. Օգտագործեք գիտական մտածողության մեթոդներ: Գիտական մեթոդը, որի հիմքը դրվել է 17-րդ դարում, առայժմ զգալի ծառայություն է մատուցել մարդկանց (կյանքի տևողության բարձրացում, բազմաթիվ հիվանդությունների բուժում, սովի կանխարգելում, ժամանցի ավելացում և այլն): Բայց չգիտես ինչու մարդիք քամհարում են այն՝ համոզված լինելով, որ մենք արդեն գիտենք, թե ինչպես կարելի է բանականորեն դատել: Մինչդեռ բանական մտածողությունը հեռու է ակնհայտից:
    Գիտնականները ըմբռնում են աշխարհը օգտագործելով դեդուկցիայի և հիփոթեզի մեթոդը: Նախ անհրաժեշտ է հնարավորինս շատ տեղեկություն հավաքել ձեզ հետաքրքրող երևույթի մասին, այնուհետև ձևակերպել վարկած, որը թույլ է տալիս բացատրել այն, այնուհետև հիպոթեզի հիման վրա կատարել կանխատեսում:
    Կանխատեսումը հաստատելու կամ հերքելու համար այն պետք է ենթարկվի ստուգման՝ հիմնվելով նոր դիտարկումների և փորձերի վրա: Սա, իհարկե, դանդաղ գործընթաց է, ուստի այն մեզ հաճախ չի բավարարում։ Բայց ճիշտ արդյունքները քիչ թե շատ երաշխավորված են։




___________
  1. Մանիպուլյատորը մեր դեպքում անձն է կամ անձինք են, ովքեր փորձում են ստերի, կեղծիքների և ցինիզմի միջոցով, դիմացինի վնասի հաշվին, ազդել նրա մտքերի, զգացմունքների և վարքի վրա՝ ի շահ իրեն, ընդ որում, դա իրականանում է, քանի որ դիմացինը չի գիտակցում, որ այդ կերպ փորձում են ազդեցություն ունենալ իր վրա:
  2. Ապատեղեկատվությունը կանխամտածված կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է, որը տրամադրվում է հակառակորդին, զոհին կամ գործընկերոջը՝ ավելի արդյունավետ մարտական գործողություններ իրականացնելու, համագործակցելու, տեղեկատվության արտահոսքի ստուգման և դրա արտահոսքի ուղղորդման, սև շուկայի հավանական հաճախորդների նույնականացման համար: Նաև ապատեղեկատվություն է կոչվում տեղեկատվության մանիպուլյացիայի բուն գործընթացը, ինչպիսիք են՝ ինչ-որ մեկին թերի տեղեկատվություն կամ ամբողջական, բայց արդեն ավելորդ տեղեկատվություն տրամադրելով մոլորության մեջ գցելը, համատեքստը խեղաթյուրելով, տեղեկատվության մի մասը խեղաթյուրելով։ Նման ազդեցության նպատակը միշտ նույնն է. հակառակորդը պետք է վարվի այնպես, ինչպես դա անհրաժեշտ է մանիպուլյատորին:
    Дезинформация
  3. Մեդիագրագիտությունը հմտությունների և կարողությունների հավաքածու է, որը թույլ է տալիս մարդկանց վերլուծել, գնահատել և ստեղծել հաղորդագրություններ տարբեր տեսակի լրատվամիջոցներում, ժանրերում և ձևերով:
    Медиаграмотность
  4. Գիտական գրագիտությունը հիմնական գիտական հասկացությունների և սկզբունքների լիիրավ ըմբռնումն է, որը թույլ է տալիս մարդուն եզրակացություններ անել, որոշումներ կայացնել և վերահսկել գիտության ու տեխնոլոգիայի վիճահարույց հարցերի հանրային քննարկումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մասնակցել դրան:
    Научная грамотность
  5. Հոմեոպաթիան դասական բժշկության այլընտրանք է կամ լրացում։ Հիվանդությունները դեղամիջոցներով բուժելու եղանակ է, որի ժամանակ հիվանդին տալիս են փոքր քանակությամբ այնպիսի դեղեր, որոնք մեծ քանակով տրվելու դեպքում առաջ են բերում հիվանդի ունեցած հիվանդությունը: Հոմեոպաթիայի հիմքում ընկած է «նմանը բուժվում է նմանով» սկզբունքը: Սկիզբ է առնել Գերմանիայում՝ գերմանցի բժիշկ, քիմիկոս Սամուել Հանեմանի կողմից, այսօր այն լայն տարածում ունի Եվրոպական երկրներում, Հնդկաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում։
    հոմեոպաթիա
  6. Ինտուիցիան (ներըմբռնումը) իրերը, երևույթները, գաղափարները անմիջական (արտաքին կամ ներքին) հայեցողության միջոցով հասկանալու, ըմբռնելու իմացական գործընթաց, որի ընթացքում նախնական, տրամաբանական կշռադատության և ապացուցման կարիք չի զգացվում:
    Ներըմբռնում
___________


Հրապարակվել է 30/01/23
Թարմացվել է 18/02/23