ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՑ ՄԻՉԵՎ
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՄԱՍ ԱՌԱՋԻՆ  /  ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ


Այժմ անդրադառնանք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մշակած «Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն 2023-2025թթ» նախագծին1: Սույն փաստաթուղթը մոտակա ապագայում պետք է հանդիսանա որպես ՀՀ Կառավարության ռազմավարություն, և որը պետք է համախմբի կառավարության, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին: Ազգային ռազմավարությունը նախատեսում է ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակը, նպատակը, ժամանակակից մեթոդներն ու գործիքակազմը։ Փաստաթուղթը սահմանում է նաև ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվի ՀՀ կառավարությունը հասարակության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցվելիս: Այն նախատեսում է հրատապ և անհետաձգելի գործողությունների համալիր հանրապետության, նրա ինստիտուտներին և քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։

ՀՀ Կառավարության ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարությունը ներառում է 3 ռազմավարական ուղղություն՝ համապատասխան գործողությունների համալիրով.
  1. Հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով.
    1. Բարելավել պետական կառույցների ռազմավարական հաղորդակցությունը և հզորացնել հաղորդակցության ստորաբաժանումների մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները:
      Ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմում հաղորդակցությունը կարևոր ուղղություններից է։ Երբ գոյություն ունի տեղեկատվական վակուում, այն շատ արագ լցվում է ապատեղեկատվությամբ, հետևաբար ժամանակին արված սպառիչ հաղորդակցությունը կարող է էականորեն նվազեցնել այդ վակուումը։ Ապատեղեկատվության դեմ պայքարի ու համապատասխան կրթական ծրագրերի արդյունավետությունը մեծապես կախված է թիրախային խմբերի և լայն հանրության իրազեկվածությունից։ Պետական կառույցների հաղորդակցության արդյունավետության բարձրացումը անհրաժեշտ է կազմակերպել հետևյալ քայլերն իրականացնելով.
      • Պետական կառույցների հաղորդակցության ստորաբաժանումների միասնական կառուցվածքի ձևավորում և համալրում մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներով։
      • Կանոնավոր մասնագիտական վերապատրաստումներ և անձնակազմի կարողությունների զարգացում։
      • Ուղեցույցների և խորհդատվական կարգերի մշակում և ընդունում։
      • Հաղորդակցությամբ զբաղվող ստորաբաժանումների աշխատանքի վերակազմակերպում։
      • Կառավարության ընդհանուր հաղորդակցության ռազմավարության և հաղորդակցության արարողակարգի մշակում։
    2. Բարելավել պետական կառույցների պրոակտիվ հրապարակայնությունը:2
      Ապատեղեկատվության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է բարելավել կառավարման համակարգում պրոակտիվ հրապարակայնության մակարդակը։ Պետական գերատեսչությունները պետք է ձեռնարկեն հավակնոտ միջոցառումներ հանրային հետաքրքրության պաշտոնական փաստաթղթերը լիարժեք հանրայնացնելու ուղղությամբ ինչպես իրենց նախաձեռնությամբ, այնպես էլ հարցման հիման վրա, որպեսզի նպաստեն բաց և արդյունավետ կառավարմանը և կանխեն կեղծ տեղեկությունների ի հայտ գալը: Այս նպատակով անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
      1. Պաշտոնական կայքերի միասնական ստանդարտների մոտարկում:
        Անհրաժեշտ է մշակել պաշտոնական կայքերի ստեղծման և մշակման ընդհանուր միասնական և արդիական ստանդարտ, ինչպես նաև կայքերի ձևավորման տիպային օրինակ՝ հաշվի առնելով առանձին ոլորտների առանձնահատկությունները։
        Պաշտոնական կայքերի կառուցվածքի և ձևավորման միասնականությունը հեշտացնում է քաղաքացու կողմից տեղեկատվության որոնումը, արդյունավետ դարձնում քաղաքացի-կառավարություն առցանց շփումը, հետևաբար և նվազեցնում ապատեղեկատության հոսքերը:
        Անհրաժեշտ է նաև համապատասխան փոփոխություններ կատարել պաշտոնական կայքերի ստանդարտացման մասին իրավական կարգավորումներում, որոնք կլինեն գործուն, կիրառելի և կբխեն տեխնոլոգիաների զարգացման արդի պահանջներից։
      2. Պաշտոնական կայքերի չափանիշները:
        Անհրաժեշտ է մշակել կայքերին ներկայացվող միասնական չափանիշներ։ Ապահովել, որ պաշտոնական կայքերը հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին։ Դրանցում ժամանակին և լիարժեք կհրապարակվեն օրենսդրությամբ սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները և դրանցում կատարվող փոփոխությունները։ Պաշտոնական կայքերում տեղեկությունները կհրապարակվեն բաց տվյալների ձևաչափով՝ հասանելի և մատչելի յուրաքանչյուրին։
    3. Ներդնել պետական կառույցների թափանցիկության և հաշվետվողականության գնահատման համակարգ:
      Պետական կառույցների թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ մակարդակի ապահովման նպատակով անհրաժեշտ է մեծացնել տեղեկատվության ազատության օրենսդրության նկատմամբ վերահսկողության ազդեցությունը՝ ներդնելով մարմինների գնահատման համակարգ։ Տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանելու պրակտիկան և պրոակտիվ հրապարակայնության ապահովումը պետք է ենթարկվեն պարբերական գնահատումների՝ առկա բացերն ու խնդիրները վեր հանելու և ժամանակին կառավարելու նպատակով։
  2. Փոխգործակցության բարելավում և մասնավոր հատվածի մոբիլիզացիա:
    Ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետությունը մեծապես կախված է շահառուների գործակցությունից, միասնական սկզբունքների ամրագրումից և դրանց հետևողականության համակարգային վերահսկողությունից։ Պետական մարմինների, տեղեկատվության և իրավական ոլորտներում գործունություն ծավալող կազմակերպությունների, լրագրողների և ոլորտի փորձագետների չհամակարգված, և չհամաձայնեցված վարքագիծը կարող է հանգեցնել թե՛ համապատասխան օրենսդրության չկիրառմանը, թե՛ կրթական ծրագրերի արդյունավետության նվազմանը։
    Այսպիսով՝ փոխգործակցության ուղղության գլխավոր նպատակը ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության իրականացման ընթացքում արդյունավետ փոխգործակցության ապահովումն է շահառու բոլոր խմբերի և անհատների հետ։
    Առաջարկվում են փոխգործակցության հետևյալ մեխանիզմներն ու ուղղությունները.
    1. Աշխատանքային խմբի ստեղծում, որի նպատակները պետք հանդիսանան.
      • Ապատեղեկատվության դեմ ազգային ռազմավարության քննարկում և վերջնականացումը,
      • Ռազմավարության գործողությունների պլանի մշակում,
      • Ռազմավարության իրականացման նպատակով դերերի արդյունավետ բաշխումը,
      • Ռազմավարության իրականացման մշտադիտարկումը,
      • Ապատեղեկատվության դեմ պայքարի նոր գործիքների և հարթակների ստեղծումը, որտեղ ներգրավված կլինեն մի քանի մարմիններ,
      • Առկա ռեսուրսների բաշխումը և անհրաժեշտության դեպքում՝ ֆոնդահայթայթումը,
      • Հանրային իրազեկման նպատակով սեփական հարթակների կիրառումը:
    2. Փոխգործակցություն փաստեր ստուգող հարթակների հետ:
      Անկախ փաստերի ստուգման հարթակների հետ կձևավորվի ակտիվ համագործակցության շրջանակ։ Կկազմակերպվեն քննարկումներ ոլորտի արդի զարգացումները և միտումները քննարկելու և տեղեկատվություն փոխանակելու նպատակով։
      Կառավարությունը կհամագործակցի նաև այս հարթակների հետ ամբողջական ու ժամանակին տվյալներ տրամադրելու միջոցով, որպեսզի փաստեր ստուգող հարթակները կարողանան լիարժեք կատարել իրենց գործառույթը։
      Համագործակցային ձևաչափերն հատկապես ակտիվորեն կկիրառվեն նախընտրական փուլերում քաղաքական ապատեղեկատվության հոսքերը նվազեցնելու նպատակով։
    3. Փոխգործակցություն մեդիայի համակարգավորման և ինքնակարգավորման խթանման նպատակով:
      Ապատեղեկատվության դեմ պայքարի օրակարգը ներառում է նաև լրատվամիջոցների իրական շահառուների և ֆինանսավորման թափանցիկության ապահովումը, ինչպես նաև լրատվամիջոցների ինքնակարգավորման և համակարգավորման3 մեխանիզմների խթանումը և հզորացումը:
    4. Մասնավոր հատվածի ներգրավում և մոբիլիզացիա:
      Ապատեղեկատվության դեմ պայքարում առանցքային է նաև մասնավոր հատվածի դերը։ Տեղեկատվական տեխնոլոգիական, հաղորդակցության, հանրային կապերի, խորհրդատվական ոլորտում ներգրավված մասնավոր ընկերությունները կարող են ստանձնել ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմների և նորարարական գործիքների մշակման դերը ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության հետ ակտիվ համագործակցությամբ։
      Անհրաժեշտ է կարևորել նաև մասնավոր հատվածի թափանցիկության ու հաշվետվողականության բարելավումը որպես հանրային վստահության և երկրի տնտեսական համակարգի անվտանգության երաշխիք: Թափանցիկության և հաշվետվողականության բարելավման պահանջն առաջին հերթին անհրաժեշտ է տարածել հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների, խոշոր կազմակերպությունների, ինչպես նաև հանրային սպասումներ ձևավորող կազմակերպությունների (օրինակ` խորհրդատվական, աուդիտորական կազմակերպություններ, ռեյտինգային/ռենկինգային4 գործակալություններ և այլն) վրա:
  3. Բարձրացնել մեդիակրթության մակարդակը՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն
    1. Թվային և մեդիա կարողունակությունների զարգացում.
      • սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին,
      • պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը հասարակությունում,
      • կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա,
      • մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից,
      • տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները։
    2. Անհրաժեշտ գործողություններ և լուծումներ.
      • Մեդիագրագիտության պետական հայեցակարգի և գործողությունների պլանի մշակում և աշխատանքների համակարգում։
      • Մեդիագրագիտության ինտեգրում հանրակրթության մեջ:
      • Ուսուցիչների վերապատրաստումներ:
      • Հանրակրթությունից դուրս մնացած խմբերի հետ աշխատանք:
      • Հանրային և համայնքային ծառայողների վերապատրաստում և կարողությունների զարգացում:
Այսպիսով, ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է իրականացնել.
  • ռազմավարության նպատակների և ուղղություններին միտված պետական քաղաքականության մշակում և իրականացում,
  • քաղաքացիների մեդիաազատությունների վերաբերյալ գիտելիքի և հմտությունների զարգացում, որը կհանգեցնի ապատեղեկատվության ռիսկերի կառավարման և ապատեղեկատվության տարածման կրճատմանը,
  • մեդիագրագիտության հայեցակարգի և գործողությունների պլանի մշակում և ընդունում, դրա հիման վրա հանրակրթության մեջ մեդիագրագիտության ինտեգրման ուղեցույցների և կրթական ծրագրերի ստեղծում և դասավանդում՝ որակավորված մասնագետների կողմից,
  • կառավարության առավել թափանցիկ, հաշվետու աշխատանքին միտված ձևաչափերի և հարթակների գործարկում, առկա ռեսուրսների բարելավում,
  • կառավարությունում հաղորդակցության մասնագետների աշխատանքի բարելավում, մեդիագրագիտության և փաստերի ստուգման հմտությունների զարգացում,
  • ապատեղեկատվության դեմ պայքարում պետություն - մասնավոր հատվածի ակտիվ փոխգործակցության ապահովում, մասնավոր հատվածի թափանցիկության ու հաշվետվողականության բարելավում։




___________
  1. ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2023-2025
  2. Պրոակտիվ հրապարակայնության էությունն այն է, որ պետական մարմինները սեփական նախաձեռնությամբ հրապարակում են իրենց գործունեությանն առնչվող տեղեկատվություն՝ մատչելիության, արդիականության և ամբողջականության սկզբունքների հիման վրա։
  3. Համակարգավորումը ներառում է մեդիա կարգավորող մեխանիզմները և ինքնակարգավորման գործիքները։ Այն առավել ներառական է, քանի որ գործընթացում ներգրավվում են ինչպես պետությունը, կարգավորող մարմինները, այնպես էլ մեդիաները, ՔՀԿ-ները և քաղաքացիները։
  4. Ռենկինգը (անգլ.՝ to rank - «գնահատել, բաշխել») ինչ-որ օբյեկտների ցուցակ է (օրինակ ՝ մարդիկ կամ ընկերություններ), որոնք կարգվորված են ըստ ընտրված ռանգավորման ցուցիչներից մեկի: Ի տարբերություն վարկանիշի, որը ֆիքսված ցուցակ է, ռենկինգը տվյալների բազա է, որի վրա կարող են կիրառվել ռանգավորման տարբեր պարամետրեր և մեթոդներ:
___________


Հրապարակվել է 03/02/23
Թարմացվել է 18/02/23