Ստորև առաջարկվում է ականազերծման մասնագետի հրապարակումների ներածական մասը, որոնք ներկայացնում են հին, բայց չհնացող մասնագիտության աշխատանքի հիմնական ասպեկտները:
ՄԵՐ ԴԱՐԻ ԱԿԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
(Ուկրաինայում ներկայիս պատերազմի օրինակով)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ / ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
Եթե ուսումնասիրենք Ուկրաինայի ՌԳԹ-ի տեղանքը, ապա կնկատենք, որ հիմնականում քաղաքներից և բնակավայրերից դուրս հարթավայրային տարածք է, որոնք որոշ տեղերում ընդհատվում են ջրային խոչընդոտներով: Տեղ-տեղ առկա են նաև դարավանդեր՝ ինչպես բնական, այնպես էլ «արհեստական» (տերրիկոններ1)։ Հիմնականում դրանք ուղղանկյունների բաժանված անծայրածիր դաշտեր են, որոնք սահմանազատված են խիտ անտառաշերտով։ Այսպիսի տեղանքի համար միշտ բնորոշ է եղել հզոր զրահապատ բռունցքներում հավաքված մեծաքանակ տեխնիկայի գործադրմամբ՝ լայն ճակատով հարձակման մարտավարությունը:
Սակայն, ինչպես ասում են, նոր ժամանակներ, նոր տեխնիկա, նոր տեխնոլոգիաներ: Իսկ դա նշանակում է, որ պետք է լինի նաև մարտական գործողությունների վարման նոր մարտավարություն։ Եվ որքան էլ տարօրինակ է, հակամարտության երկու կողմերն էլ միանգամից չհասան դրան։ «Նույն փոցխը կոխ տալու» ասացվածքը ցավոք, դեռևս չեղարկված չէ, և դրա վրա անընդհատ «գրոհները» դեռ շարունակվում են։
Կցանկանայի անդրադառնալ այսպես կոչված մարտական գործողությունների վարման բաղկացուցիչ մասերից մեկին՝ «ականային պատերազմ» հասկացությանը: Պաշտպանության կազմակերպման գործում ինժեներական ապահովման կարևորությունը չափազանց դժվար է գերագնահատել: Դրանք ամրաշինական կառույցներ են՝ խրամատները, բլինդաժները, և, իհարկե ականապայթյունային և ոչ պայթյունային տիպի արգելափակոցները։ Ենթադրվում է ականապատել հակառակորդի առաջխաղացման հնարավոր ուղիները, ինչպես պաշտպանվողների մարտական դիրքերի առջև, այնպես էլ դրանց թևերին մոտենալու հնարավոր ուղղություններում: Հակառակորդի հնարավոր ճեղքմանը խոչընդոտելու համար երբեք ավելորդ չէ յուրային դիրքերի հետնամասի սպառնացող վայրերում կառավարվող և չկառավարվող ականադաշտերի ստեղծումը։ Ընդ որում, համարժեք պետք է սրքավորված լինեն պաշտպանության առաջին և երկրորդ, իսկ տեղ-տեղ նաև երրորդ գծերը։
Հարկ է նշել, որ այսպես կոչված «բազմաշերտ ականապատումը» կողմերից ոչ մեկի գյուտը չէ։ Այնուամենայնիվ, չնայած 20-րդ դարի վերջի, 21-րդ դարի սկզբի ռազմական հակամարտություններում դրա կիրառման մեծ փորձին, շատ դեպքերում, ներկայիս պատերազմի ընթացքում, տարօրինակ կերպով, դա անակնկալ էր: Անդրադառնանք երկու կողմերի բաց աղբյուրներից ստացված տվյալներին։ Տվյալները, իհարկե, տարբեր են, և երբեմն հակասում են միմյանց: Բայց դա չի խանգարում բացահայտել ընդհանուր միտումը՝ օրինակները շատ են։ Բավական է հիշել գոնե Ուգլեդարի ուղղությունը։
2023 թվականի հունվարի 9-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ուկրաինական ուժերը, նոր հարձակումներին նախապատրաստվելու համար, խոշոր զորախբեր են կենտրոնացնում Դոնեցկի մարզի արևմտյան մասում՝ Ուգլեդարի շրջանում, ինչպես նաև, որ այդ շրջանում ակտիվորեն սկսել են գործել ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Հունվարի 24-25-ին ռուսական զորքերը սկսեցին քաղաքի գրոհը, իսկ հաջորդ օրը ՌԴ պաշտոնյաները հայտարարեցին, որ զորքերը մտել են քաղաք և փորձում են ամրապնդվել նրա ծայրամասերում: Ուգլեդարի վրա հարձակման ընթացքում, որը պաշտպանում էր 72 ԱՄՀԲր, մեծ կորուստներ պատճառեց ռուսական ծովային հետևակի 155-րդ և 40-րդ բրիգադների ուժերին: 2022 թվականի նոյեմբերին 155-րդ բրիգադի զինծառայողները Telegram Messenger-ում հայտնեցին, որ հրամանատարը Ուգլեդարի մոտ գտնվող Պավլովկան գրոհելու համար ուղարկում է վատ կազմակերպված զինվորներին, ինչի հետևանքով 4 օրվա ընթացքում բրիգադը կորցրեց 300 զինվոր և տեխնիկայի 50%-ը։ Տեսագրությունները, որոնք արձանագրել են 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած մարտական բախումներից մեկի արդյունքը, ցույց են տվել ոչնչացված 13 տանկ և 12 ՀՄՄ (ՌԴ տանկային գումարտակի կազմի մոտ կեսը)։ Փետրվարի 10-ին տեղեկություններ հայտնվեցին ավելի քան 30 միավոր զրահատեխնիկայի հնարավոր ոչնչացման և Ուգլեդարի շրջանում կենդանի ուժի մեծ կորուստների մասին։
Ուկրաինացի զինվորականներն ականապատել էին մոտակա բոլոր դաշտերը՝ ականազերծված թողնելով միայն գրունտային ճանապարհները։ Մարտի ընթացքում ռուսական զորքերը տանկային շարասյուներով շարժվում էին գրունտային ճանապարհներով, ճիշտ այնպես, ինչպես պատերազմի սկզբում։ Ուկրաինական տանկերը, ինչպես նաև հակատանկային հաշվարկները, որոնք զինված էին «Javelin» և "Стугна-П" հակատանկային հրթիռային համակարգերով, գործում էին դարանակալումներից և մանևրում անտառային տարածքներում: Այն բանից հետո, երբ հակատանկային հաշվարկները խոցում էին գլխամասի և շարափակորդ մեքենաները, շարասյան ուղղությամբ սկսում էին գործել 155 մմ M777 հաուբիցներն ու Cesar ԻՀԿ-ները: Դեպքերից մեկում թիրախների վրա աշխատել էր նաև HIMARS-ի մարտկոցը։ Փորձելով շրջվել, ռուսական տանկերը մտել են ականապատ դաշտ, պայթել և խոչընդոտ դարձել շարասյան մյուս մեքենաների համար՝ վերջնականապես փակելով թակարդը։ Այսպիսով, ուկրաինացի զինվորականները հետ մղեցին հարձակումների մի քանի ալիք:
Ինտերնետ կայքերում շատ է արծարծվել ինչպես հարավային, այնպես էլ այլ ուղղություններում ռուսական կողմի պաշտպանական բնագծերի ինժեներական սարքավորումների աշխատանքը։ Ռուսները հպարտությամբ ցույցադրում էին Բելգորոդի և ՌԴ այլ շրջանների, ներառյալ Ղրիմի սահմաններին այսպես կոչված «վիշապի ատամներ» «Սուրովիկինի գծեր» և այլ պաշտպանական կառույցները: Մինչդեռ ուկրաինական կողմը, ընդհակառակը, ամեն ինչ ցուցադրում էր ոչ առանց ծաղրուծանակի և ցույց էր տալիս, թե ինչպես են մարզումների ժամանակ իրենց տեխնիկան միջոցները հեշտությամբ հաղթահարում արգելապատնեշները։
Սակայն իրականում հենց հակատանկային ամրաշինական կառույցների առկայությունն էր հակառակորդին ստիպում փոխել հարձակման ուղղությունները, իսկ լավ ամրացված բնագծերը պաշտպանության համար ավելի քիչ անձնակազմ ու տեխնիկա էին պահանջում։ Սեվերսկի Դոնեցից այն կողմ գտնվող ամրաշինական բնագծերի գտնվելու վայրը ուժեղացնում էր դրա ներուժը, քանի որ հարձակվող կողմը ստիպված էր հաղթահարել գետը, ինչը ինքնին բարդ խնդիր էր: Այնուամենայնիվ, բնագծերի իրական արդյունավետությունը կախված էր բազմաթիվ գործոններից, ներառյալ շարակարգվածությունից, հրետանուց, ականապատ դաշտերի տեղադրումից և այլն: Այսպիսի ամրությունները կարող էին ոչնչացվել միայն սակրավորների կամ նշանառու կրակի մեծաքանակ միջոցների գործադրմամբ, ինչպես նաև տանկային ուժերով տեղաշարժելու ջանքերի կիրառմամբ։
Ուկրաինայի զինանոցում առկա են արգելափակոցները հաղթահարելու և պաշտպանական ամրություններն ապամոնտաժելու մարտական մեքենաներ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների այդպիսի տեխնիկայի առգրավման դեպք արձանագրվել է Խերսոնի ազատագրման ժամանակ։ Ավելի վաղ Գերմանիան պարտավորվել էր Ուկրաինային փոխանցել Pionierpanzer 2A1 Dachs թրթուրավոր արգելավերացման մեքենաներ։ 20-րդ դարի պատերազմների փորձը ցույց է տալիս, որ պատշաճ պլանավորման դեպքում և որոշակի պայմաններում հարձակվողները կարող են պարզապես շրջանցել ամրությունները կամ ճեղքել դրանք նեղ տեղամասում։
Քիչ ժամանակ անց, սկսվում է ուկրաինական «հակահարձակումը»։ Եվ ի՞նչ ենք տեսնում: «Նույն փոցխը կոխ տալու» գերծընթացը նորից աշխատեց, միայն հիմա հակառակ կողմից։ Ինչպես պատմությունը ցույց է տալիս, ռուսները շատ արագ դասեր քաղեցին պատերազմում իրենց գործած սխալներից և ճիշտ հետևություններ կատարեցին, օրինակ՝ Խարկովի, Իզյումի և նույն Ուգլեդարի շրջանում տեղի ունեցած իրադարձություններից: Այն ժամանակ ռուսական կողմը չէր պատրաստվում պաշտպանվել, դիրքերի սարքավորումները դժկամությամբ էին իրականացվում, ականապատումն իրականացվում էր մի քանի անգամ, ինչը, ի վերջո, արագորեն հանգեցրեց ոչ միայն հարձակվելու ունակության կորստի, այլև Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը բավարար հակազդեցություն ցուցաբերելուն: Գոնե կարողացան կանոնավոր նահանջել՝ պահպանելով տեխնիկան և մարդկանց։
Առանց դա հաշվի առնելու Ուկրաինայի զինված ուժերը, որոնց գործողությունները, ամենայն հավանականությամբ, ղեկավարում էին ոչ թե խորհրդային ռազմական դպրոց անցած ուկրաինացի գեներալները ովքեր ունակ էին սթափ գնահատել իրենց հակառակորդին, իրադրությունն ու հնարավորությունները, ովքեր հնարավորինս ձգեցին «հակահարձակումն» սկսելու ժամկետները, այլ ՆԱՏՕ-ականները, ովքեր ոչ մի արգելքի չնայելով սկսեցին հարձակումը՝ վստահելով իրենց գերազանցությանը: Բոլոր ուղղություններում Ուկրաինայի զինված ուժերը բախվեցին ՌԴ ԶՈՒ շարակարգված պաշտպանությանը և, որ ամենակարևորն է, որակապես պատրաստված ականապատ դաշտերին։
Զապորոժիեի ուղղությամբ ուկրաինացի զինվորներին նույնպես սպասվում էր «դարանակալում». ինժեներական աշխատանքներն իրականացվել էին շատ բարձր մակարդակով, ռուսներն ամեն ինչ ականապատել էին բավականին գրագետ: Ուստի լայն ճակատով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը անհնար էր դարձել։ Ուկրաինացիներն երկու տարբերակի հնարավորություն ունեին, որոնք էլ օգտագործեցին: Առաջինը՝ ամբոխով տեխնիկայի վրա անցումն էր ականապատ դաշտերի միջով, որին հաջորդելու էր տխուր արդյունքը: Երկրորդը՝ ականապատ դաշտերի միջով փոքր խմբերով թափանցումն էր դեպի ռուսական բանակի դիրքեր, ինչպես շշի բկանցքով։
Զապորոժիեի ուղղության պաշտպանական բնագծերը
Ե՛վ առաջին, և՛ երկրորդ տարբերակները, հաշվի առնելով ռուսական ԱԹՍ-ների ու հրետանու արդյունավետությունը, ինչպես նաև օդում ռուսական ավիացիայի լիակատար գերակայությունը, ֆիզիկապես անհնար էր դարձնում ճեղքման իրականացումն առանց հսկայական կորուստների։ Ուկրաինական հրամանատարությունը հաշվի չէր առել դաշտերի խիտ ականապատման փաստը։ Ռազմական ակադեմիաներում ուսուցանվող տարրական ճշմարտությունների անտեսումը, մասնավորապես՝ խորքային շարակարգված ականապատումը, ականապատ դաշտերի տեղակայումը, այսինքն՝ պաշտպանության ինժեներական ապահովման հիմնարար բաղադրիչները, ստիպեցին հարձակվող ուկրաինական զորքերին առաջ շարժվել ճանապարհների երկայնքով: Ուկրաինայի զինված ուժերի երկարաձգված շարասյուներին ռուսական ավիացիայի և հրետանու հարվածները ստիպեցին տանկերին ու զրահամեքենաներին ընկել ականապատված թակարդներ։ Ինչպես պատճենիչ կրկնելով ռուսների սխալները, շրջանցելով պայթած մեքենաները, պայթեցին ականների վրա։
Ավելին, ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում էր ՀՏԿՀ-ները, որոնք, ըստ Ուկրաինայի զինված ուժերի մեկնաբանության «խոթկված էին յուրաքանչյուր թփի տակ», ինչպես նաև Ка-52 և Ми-28 ուղղաթիռները, որոնք իսկական որս էին կազմակերպել ուկրաինական զրահատեխնիկայի նկատմամբ:
Լեհաստանի Հանրապետության (պաշտոնական անվանումը Rzeczpospolita Polska) ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ Վալդեմար Սկշիպչակի (Waldemar Skrzypczak) խոսքով՝ ռազմաճակատի Զապորոժիեի հատվածում «ականապատերազմ» է ընթանում։ «Այն, թե ինչպես են ուկրաինացիները փորձում հաղթահարել ականապատ դաշտերը, ցույց է տալիս, որ անձնակազմերը վատ են պատրաստված եղել այդ խնդիրը կատարելուն։ Հաղորդվում էր, որ տանկերը ուղարկվում էին առաջ որպես խոյահարման միջոց։ Սակայն առանց պաշտպանության նրանք հեշտ թիրախ էին դառնում հակատանկային զենքով զինված ռուս զինվորների համար», - գնահատում էր գեներալը՝ մատնանշելով հակահարձակման առաջին գրոհներից մեկը։ Մալայա Տոկմաչկայից հարավ ընկած ճակատային հարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրեցին հինգ մեքենա, այդ թվում՝ Leopard մասնագիտացված տանկերը, որոնք նախատեսված էին ականապատված դաշտերում և ինժեներական արգելափակոցներում անցամասեր բացելու համար: Բուլդոզերների նման, դրանք հագեցած էին սայրով, որը մի կողմ էր շուռ տալիս հողը՝ տեղաշարժելով ականները: «Ռուսները հազարավոր ականներով գիրուցել էին հողը, նրանց ականապատված դաշտերը ձգվում են հարյուրավոր մետրերով դեպի դիրքերի խորքը։ Մենք ամիսներ շարունակ տեսել ենք, թե ինչպես են ռուսները խելագարի պես ականապատում դաշտերը։ Գարնանը տեղադրված ականներն այսօր այլևս հնարավոր չէ հայտնաբերել։ Չնայած այն հանգամանքին, որ ականապատման մասին նախապես հայտնի էր, ականապատ դաշտերի հաղթահարման ճիշտ մարտավարություն այդպես էլ չմշակվեց»։ Գեներալ Սկշիպչակի կարծիքով վերը նշվածը դանդաղեցնում է Զապորոժիեում հարձակման տեմպը, մինչդեռ ուկրաինացիներից վճռական բեկում են ակնկալում։ Նա կարծում է, որ ուկրաինական զորքերը դեռ չեն հասել ռուսական պաշտպանության հիմնական գծերին, մինչդեռ Telegram-ի ռուսական հատվածում հրապարակվում են տարբեր մոդիֆիկացիաների կործանված Leopard տանկերի ավելի ու ավելի նոր լուսանկարներ։
Սկշիպչակի նշած կորուստները կազմել են մի քանի Leopard տանկեր (որոշները լրջորեն վնասվել են) և մեկ տասնյակ Bradley մարտական մեքենաներ (Ուկրաինան ստացել է 106 այդպիսի մեքենա)։ Չեմ կարող ասել, որ գեներալի եզրակացություններն անվիճելի են, բայց նրա հետ շատ առումներով կարելի է համաձայնել:
Մարտական գործողությունների գոտում կան ականապատման առանձնահատկություններ: Դա վերաբերվում է ականապատված դաշտերում հսկայական քանակությամբ թակարդներին: Եթե վերլուծենք ռուսների հրապարակած տվյալները, ապա ուկրաինական կողմը հակատանկային ականները տեղադրում էր խորքային, մակերևույթի վրա դրված ինչպես որոշակի կարգով, այնպես էլ պատահականորեն անտառտնկարկներում, ճանապարհներին և դաշտերում ցրուման տարբերակով։
Երկու կողմերն էլ ականապատումն ակտիվորեն իրականացնում են հեռահար եղանակով՝ օգտագործելով ականների առաքման փորձարկված համակարգեր, ինչպիսիք են՝ տարբեր ՀԶԿՌՀ-ների հատուկ պարկուճային զինամթերքները («Смерч», «Ураган», HIMARS), հրետանային համակարգերը «Мста», «CAESAR», М-777, ինչպես նաև նոր համակարգեր: Օրինակ, Ուկրաինայի զինված ուժերը սկսեցին օգտագործել M70(73) տիպի ամերիկյան հակատանկային ականները, որոնք արձակվում էին 155 մմ արկերով (տեղանքում մեկ արկից ենթազինամթերքի ցրումը իրականացվում է նշանառման կետից մինչև 600 մետր հեռավորությամբ, և կախված ականապատման համար պահանջվող խտությունից, արձակվում է 6-ից 96 արկ); հեռահար ականապատման RAAMS համակարգեր (The Remote Anti-Armor Mine System): Ռուսական կողմն կիրառում է "Земледелие" նոր համակարգը (կայանքը նման է ՀԶԿՌՀ-ի և կրակում է 122 մմ տրամաչափի ռեակտիվ արկեր, որոնք գետնին դիպչելիս մարտական վիճակի են բերվոււմ), որը տեղադրված է "КамАЗ" մակնիշի բարձր անցանելիության մեքենայի վրա, բաղկացած է երկու փաթեթից՝ յուրաքանչյուրը 25 հրթիռներով, որոնք հագեցած են տարբեր տեսակի ականներով: Հրթիռների արձակման հեռավորությունը 5-ից 15 կմ է, ինչը թույլ է տալիս արագորեն ականապատել ցանկացած ուղղություն և «Клещ»-ը՝ թրթուրավոր (270 պարկուճ) ու անվավոր (60-180 պարկուճ) շասսիով։
"Земледелие" և «Клещ» հեռահար ականապատման մարտական մեքենաներ
Բավականին շատ դեպքեր են արձանագրվել, երբ ական-թակարդները տեղադրել են նույնիսկ հակահետևակային ականների տակ։
Որպես օրինակ մեջբերենք ռուս սակրավորներից մեկի խոսքերը. «Ընդհանրապես, ժամանակակից ականային պատերազմը երբեք նման չէ նախորդներին։ Պայթեցնողի կրեատիվությունը սահմանափակվում է միայն նրա երևակայու¬թյամբ, իսկ շարքային մարտիկը հազվադեպ է պատրաստ լինում դրան։ Օրինակ՝ տեղադրվում է հակահետևակային ական, տակը՝ ծանր հակատանկային, իսկ ավելի ցածր՝ ֆուգասային զինամթերքով փոսն է։ Դա վնասազերծել գրեթե անհնար է, բայց տեխնիկան, ցավոք, երաշխավորված է պայթման, իսկ անձնակազմից ինչպես ասում են, բառացիորեն «մեծ կտորը ականջը կմնա»»։
Ականապատվում է այն ամենը, ինչ հնարավոր է, ականապատել՝ սկսած լքված տեխնիկայից, սպառազինությունից, զինամթերքից, զոհվածների դիակներից, շենքերի մուտքերից, բլինդաժներից մինչև զուտ կենցաղային իրերը։ Ուստի սակրավորներն աշխատում են սկզբում վերահսկողության տակ անցած տարածքներում, այնուհետև մյուս տեղամասերում։
«Հակահարձակումը» դեռ չի ավարտվել, և ուկրաինական կողմն ունի ռեզերվներ, ընդ որում՝ զգալի: Կլինեն նոր ուղղություններ, նոր հարվածներ։ Եվ հաշվի առնելով Կախովկայի ՀԷԿ-ի պատվարի պայթեցումը և այն, որ ջրամբարի ջուրը հեղեղել և փաստացի քշել է ինչպես պաշտպանական կառույցները, այնպես էլ ականապատ դաշտերը, ապա այդ ուղղությամբ էլ կարելի է սպասել հաջորդ հարվածը: Այժմ կողմերից ոչ մեկը տվյալներ չունի, թե որտեղ են գտնվում ականները, ինչ խորությամբ են և ինչ վիճակում։ Այն ականները, որոնք մնացել են տեղում, ծածկված են տիղմի և կեղտի հաստ շերտով, ինչը նշանակում է, որ դրանք կարող են աշխատել ինչպես զրահատեխնիկայի առաջին անցման ժամանակ, այնպես էլ տասներորդի դեպքում (արձանագրվել են դեպքեր, երբ ականը «բաց է թողել» տանկային ականազերծիչը (3 տոննա) և աշխատել հենց տանկի տակ (ավելի քան 40 տոննա)): Այսինքն՝ ականապատ դաշտերը դառնում են անկանխատեսելի, ինչը պետք է հաշվի առնեն երկու կողմերն էլ։
Պատերազմը շարունակվում է։ Թե ինչպիսին կլինեն դրա արդյունքները, ցույց կտա ժամանակը։ Ամեն ինչ կախված է գործոնների զանգվածից ՝ մտահղացումից, ռեսուրսների առկայությունից, պահուստներից, եղանակային պայմաններից և, բնականաբար, այն բանից, թե կողմերը որքանով հաշվի կառնեն իրենց սխալները։ Այդ թվում՝ «ականային պատերազմում»։
___________
- Տերրիկոնը (ֆր. terril conique - լիտ. կոնաձև ժայռերի կույտ) սպառված և թափոն ապարների արհեստական բլուր է, որոնք արդյունահանվում են ածխի հանքավայրերի և այլ օգտակար հանածոների ստորգետնյա արդյունահանման ժամանակ:
Հրապարակվել է 03/07/23
