ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ՄԵՐ ԴԱՐԻ ԱԿԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ  /  ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ



Շարունակենք զարգացնել Ուկրաինայի մարտական գործողությունների գոտում ինժեներական արգելափակոցների կիրառման թեման: Հիմնական շեշտադրումը, բնականաբար, դրվելու է պայթունային արգելափակոցների կիրառման վրա։

Կատարենք փոքր էքսկուրս դեպի պատմության բնագավառ շրջանցելով հին ժամանակներում կիրառվող տարատեսակ արգելափակոցների՝ «գայլափոսեր», «սխտոր», ամրոցների խրամներ, «հունական կրակ», չինական թնդանոթներ և ամրոցի պարիսպների տակ տեղադրվող վառոդի տակառների օգտագործման պատմական փաստերը:

Սկսենք Առաջին աշխարհամարտից, քանի որ հենց այդ տարիներին ձևավորվեց ականային պատերազմ հասկացողությունը, չնայած այն ժամանակ դրա իմաստը փոքր-ինչ այլ էր՝ ընդփորվածքների, թունելների, այսպես կոչված sape պատերազմ (ֆրանսերեն sape — քլունգ բառից առաջացել է sapper (ռուս.՝ сапер) մասնագիտության անվանումը): Հակառակորդի դիրքերին հնարավորինս մոտենալու նպատակով դրանց ուղղությամբ գաղտնի փորվում էր անցատեղեր (խրամատներ): Աշխատանքներն իրականացվում էին առանց մակերես դուրս գալու, ինչը ապահովում էր պաշտպանություն հակառակորդի հրացանագնդացրային կրակից: Հաճախ այդ sape- երը ծածկվում էին գերաններով, հողով, տախտակյա վահաններով և այլն: Երբեմն sape-երը կոչվում էին թունելներ, որոնք փորվում էին մակերևույթից ոչ ավելի, քան 0,5 մ խորությամբ և ավարտվում էր հակառակորդի դիրքերի տակ պայթուցիկ լիցքերի տեղադրումով:

Դժվար է ասել, թե երբ է հայտնվել «ականային պատերազմ» տերմինը։ Ամեն դեպքում, մինչև Երկրորդ համաշխահային պատերազմ ականները դիտվում էին որպես օժանդակ, երկրորդական զենք։ 1914-1918 թթ. պատերազմի ընթացքում ականների կիրառումն աճում էր, սակայն նույնիսկ մարտական գործողությունների ավարտին ականներն ամբողջությամբ այդպես էլ դուս չեկան օժանդակ զենքերի կատեգորիայից: Իսկ այն, ինչ մենք այսօր անվանում ենք ականներ, այն ժամանակ անվանվում էր ֆուգասներ, ավելի ճիշտ՝ «ինքնապայթեցմամբ ֆուգասներ»։ 1914 թվականին դրանք գործնականում չեն կիրառվել։ Ըստ որոշ տվյալների, 1915-ին ձեռքի նռնակները սկսեցին օգտագործվել որպես հակահետևակային ականներ՝ դրանք մետաղալարով կապում էին ցանկապատերի կանգնակներին, իսկ պայթուցիչին տանող լարն ամրացնում փշալարերին։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվեցին «առձգիչները» (растяжка)։

Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին, մինչև 1939 թվականի խոհրդա-ֆինական պատերազմը, սահմանային հակամարտություններում ինժեներա-սակրավորային ստորաբաժանումները հիմնականում զբաղվում էին ամրաշինական կառույցների, գետանցումների և այլնի ստեղծմամբ: Իսկ 1939 թվականի պատերազմի ընթացքում սակրավորներն արդեն ստիպված էին բախվել լավ սարքապատված պաշտպանական բնագծերին, երկարաժամանակյա ամրաշինական կառուցվածքին և արգելապատնեշներին, ի դեպ ոչ միայն չպայթեցվող, այլև համատարած ականապատ դաշտերին, որոնք խորհրդային զորքերը ստիպված էին հաղթահարել: Փորձը հաշվառվեց, և ինժեներա-սակրավորային ստորաբաժանումները սկսեցին վերակազմակերպվել, բայց չհասցրեցին։ Պաշտպանական շրջաններում տեղադրված ականապատ դաշտերն ապամոնտաժվել էին, իսկ նորերը պարզապես չէին հասցրել տեղադրել։ Պատերազմի առաջին օրերին զոհվեցին կամ գերվեցին նաև սակրավորների մեծ մասը, ովքեր այդ ժամանակ կտրված լինելով մշտական տեղակայման վայրերից և հիմնականում լինելով անզեն, զբաղված էին նոր սահմանի շինարարությամբ։ 1941 թվականի ամռանը և աշնանը խորհրդային զինված ուժերի հիմնական խնդիրն էր խափանել հակառակորդի հարձակողական պլանները, հյուծել նրա ուժերը և պատերազմի ընթացքում ստեղծել բեկման համար պայմաններ: Զինված պայքարի ծավալման և մարտի մեջ թարմ ուժեր մտցնելուն զուգընթաց, խորհրդային զորքերի դիմադրությունը դարձավ ավելի համառ և կազմակերպված, իսկ հակառակորդի առաջխաղացման տեմպը դանդաղեց: Նրա հարձակողական հնարավորությունները հիմնականում կրճատվեց, անընդհատ ընդլայնվող ականա-պայթյունային արգելափակոցների կիրառման շնորհիվ:

Մ. Քրոլի «The History of Landmines» գրքում շատ հետաքրքիր տվյալներ են բերվում: Ընդհանուր առմամբ 1939-ից 1945 թվականներին տեղադրվել էր մոտ 110 մլն ական: Դրանցից 1945-1949 թվականներին ականազերծվել և վնասազերծվել էր 94 մլն 530 հազարը, իսկ մնացած 15 միլիոն 470 հազարը մասամբ կամ կատարել էին իրենց խնդիրը, կամ մասամբ ոչնչացվել էին պատերազմի ընթացքում, և հատուկենտ միավորներ են դեռևս մնացել հողում: Իհարկե, այս բոլոր թվերից առավել ճշգրիտը (համեմատաբար) վերաբերվում է հանված ականների քանակին: Մնացած տվյալներն այժմ անհնար է ստույգ հաստատել, քանի որ զգալի թվով ականներ արտադրվել էին նաև զորքերում և, բնականաբար, չեն հաշվառվել 110 միլիոենի կազմում։ Բացի այդ մեծ թվով ականներ բազմիցս հանվել են և կրկին օգտագործվել: Ավելին, պատերազմի ընթացքում անգլիացի և ամերիկացի ականազերծողները չեն վարել ականազերծման հաշվառման փաստաթղթեր, ինչը պարտադիր էր և իրականացվում էր ինչպես Կարմիր բանակում, այնպես էլ Վերմախտում:

Սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ականների ճնշող մեծամասնությունն իր անմիջական նշանակությամբ՝ տանկերի և անձնակազմի ոչնչացման իմաստով, այդպես էլ չի աշխատել։ Ականների նկատմամբ համընդհանուր ուշադրությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մարդու հոգեբանության վրա դրանց հիմնական վնասակար ազդեցության գործոնով, որը ռազմական միջավայրում սովորաբար կոչվում է «ականային վախ»: Ահա այս առումով ականներն իրենց նպատակը կատարել են և պատերազմի ժամանակ, և կատարում են մինչ օրս։ Պատկերավոր ասած, «ականային սարսափը», որպես ուրվական, սավառնում է անցյալի մարտերի դաշտերում և տասնամյակներ շարունակ վիրավորում մարդկանց հոգիները (և ոչ միայն հոգիները)։ Մինչ օրս մարտերի վայրերում՝ Աֆղանստանում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Չեչնիայում, հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ականներից և չպայթած զինամթերքից զոհվում և հաշմանդամ են դառնում հազարավոր մարդիկ։

Այսօր ական և ականային պատերազմ հասկացությունները համադրված են հակառակորդի մարտական տեխնիկան և անձնակազմը ոչնչացնելու կամ շարքից հանելու նպատակով տեղանքում տեղադրված, պայթեցման միջոցներին միացված պայթուցիկ նյութերի որոշակի լիցքերի օգտագործման ձևակերպմանը։

Մարտական գործողությունները Դոնբասում ականային պատերազմը որակական նոր մակարդակի են հասցրել։ Այս պատերազմն ինքնին նման չէ նախորդներից որևէ մեկին, բայց ակտիվորեն օգտագործում է նախորդ պատերազմներում կուտակված ամբողջ փորձը՝ բազմապատկած ժամանակակից տեխնիկական հնարավորությունները։ Օգտագործվում է ինժեներական սարքավորումների ամբողջ զինանոցը՝ բոլոր տեսակի ականների տեղադրման և վնասազերծման ժամանակակից ստանդարտ միջոցներից, այդ թվում հեռահար, մինչև տարրական թակարդներ և անակնկալներ, որոնք պատրաստված են ինքնաշեն եղանակով՝ ձեռքի տակ գտնվող նյութերից, ինչպես ասում են «ծնկի վրա»: Սոցիալական ցանցերը պարունակում են բազմաթիվ նյութեր իրադարձությունների վայրերից, որոնց լոկ դիտումը տրամադրում է անսահմանափակ ուսումնական նյութ և զարմացնում, թե մարդկային մտքն իր տեսակի ոչնչացման գործում ինչպիսի հնարամտության անսահման երևակայության է հասել: Եվ սա ընդամենը մի փոքր մասն է այն բանի, ինչ իրականում արտադրում և տեղադրում են երկու կողմերն էլ:

Ականապատվում է ամեն ինչ: Պաշտպանական բնագծերի ամբողջ տեղանքը, ճանապարհները, շենքերն ու շինությունները, լքված խրամատները, բլինդաժները, տեխնիկան և այլն, ինչպես նաև թաղման տեղերն ու զոհվածների մարմինները: Ոչ ոք չի սահմանափակվում պարզ առձգիչներով և հաստիքային ականներով։ Ական-անակնկալները տեղադրվում են նույնիսկ հակահետևակային ականների տակ։ Ականապատման խտությունը մեկ քառակուսի մետրում, երբեմն, հասնում է 6-7 ականի։ Հակահետևակային ականները տեղադրվում են հակատանկային ականների տակը կամ վերևում և հակառակը: Սովորաբար հակատանկային ականները տեղադրվում են սովորականից ավելի խորը, այնպես, որ գործարկվեն այն դեպքերում, երբ կանցնեն ականազերծող տանկային տրալները կամ մի քանի միավոր տեխնիկա: Կարող են տեղադրվել այսպես կոչված «սենդվիչներ», երբ հակատանկային ականը տեղադրում են մոտ 80 սմ խորությամբ, այնուհետև դրա տակ տեղադրվում է հրետանային 120 մմ արկ կամ ական, իսկ պայթուցիչի վրա տեղադրում են մետաղյա գլանակի կտոր, որպեսզի ականորսիչն մետաղի վրայով անցնելիս արձագանքի դրան: Պատահում են դեպքեր, երբ «սենդվիչի» վերևում տեղադրվում է ПМН տեսակի հակահետևակային ական, նույն մետաղյա գլանակի առկայությամբ: Սակրավորը հայտնաբերում և վնասազերծում է միայն հակահետևակային ականը՝ չկասկածելով, որ դրա տակ տեղադրված է մեկ այլ ական, իսկ «մաքրված» մասով արդեն շարժվում է տեխնիկան՝ համապատասխան հետևանքներով։

Սակրավորների համար նախատեսված են բազմաթիվ անակնկալներ։ Սկսած առձգիչների, որոնք գործարկվում են թիրախի տվիչի լարը կտրելիս մինչև սովորական ականների արդիականացումը, որոնք գործարկվում են պայթուցիչը շրջելիս կամ ճուլկին, ապահովիչը տեղադրելու փորձի ժամանակ:

Թերևս կարելի է ասել, որ ժամանակակից պատերազմի արդի պայմաններում ականապատումն ու ականազերծումը բյուրեղացվել են ռազմական ամենաստեղծագործ մասնագիտություններից մեկում, որը պահանջում է ոչ միայն գիտելիքների և հմտությունների անընդհատ համալրում, այլև շարունակական ինքնակատարելագործում ու տեսական գիտելիքների, գործնական և ավտոմատացման կարգի հասցված հմտությունների պաշարի ընդլայնում: Եվ ահա ամենահետաքրքիրը. մարտական գործողությունների պայմանների փոփոխության արդյունքում ի հայտ են գալիս նոր ռազմական մասնագիտություններ և նոր տիպի զինծառայողներ, ովքեր ոչ միայն իրենց ոլորտում բարձրագույն կատեգորիայի մասնագետներ են, խնդիրների լուծմանը ստեղծագործորեն մոտեցողներ, այլև պարզապես ապրում են իրենց մասնագիտությամբ:

Ինժեներա-սակրավորային ոլորտում առավել նշանակալի և հետաքրքիր միտումների, ուղղությունների և նորարարությունների մասին (իհարկե թույլատրելիի սահմաններում) ավելի մանրամասն կխոսենք ավելի ուշ:


Հրապարակվել է 11/09/23
Թարմացվել է 11/09/23