ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԱԿՆԵՐԻ ԱԿԱՆԱՊԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ  /  ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Ուկրաինական հակամարտության ընթացքում երկու կողմերն էլ կիրառում են ինչպես խորհրդային (ПКМ-1, УМЗ) և ռուսական (ВСМ-1 և այլն) արտադրության հին համակարգերը, այնպես էլ՝ նորագույնները (“Земледелие”, УЗМ-К «Клещ»)։ Դիտարկենք դրանցից մի քանիսը:

Ռուսաստանի բանակի հեռավորական ականապատման միջոցներ (ՀԱՄ)
«Ветер-М»

Շարժական ականապատման լրակազմ (ПКМ)


ПКМ-1-ը հայտնի է դեռ խորհրդային բանակի ժամանակներից: Այն ներկայացնում է հեռավորական եղանակով հակատանկային և հակահետևակային ականներ տեղադրելու համազորային ամենապարզ միջոց: Լրակազմի առանձնահատկությունն կայանում է նրանում, որ այն կարող է տեղադրվել ոչ միայն նախօրոք, այլև անմիջապես մարտի ընթացքում, ինչը զգալիորեն մեծացնում է զորքերի մարտավարական պաշտպանության հնարավորությունները:

Լրակազմը բաղկացած է պարզունակ արձակման հենոցից, ПМ-4 պայթեցման մեքենայից, 50 մետր երկարությամբ մալուխի երկու կոճից և կրման երկու պայուսակից: Լրակազմի ընդհանուր քաշը մոտ 2,5 կիլոգրամ է։ Արձակման հենոցը պատրաստված է ոչ մեծ չափի մետաղյա թիթեղի ձևով, որին 45 աստիճան անկյան տակ ամրացված է Էլեկտրական հպակով տակնոցը: Հենոցի վրա տեղադրվում է կիրառմանը պատրաստ հակահետևակային կամ հակատանկային ականներով կասետները: Լրակազմն աշխատում է չափազանց պարզ. երբ հենոցին միցվում են կասետները միանում են հպակները, այնուհետև պայթեցման մեքենայից էլեկտրական իմպուլսի ազդեցությամբ տեղի է ունենում նետող լիցքի վառոդի բռնկում և ականը նետվում է մոտ 30-35 մետր։ Կիրառվում են КСФ-1 և КСФ-1С-0.5 կասետներ՝ 72 և 36 հակահետևեկային ականներով ПФМ-1-ի և ПФМ-1С համար, КСФ-1С կասետը՝ 64 հակահետևակային ականով ПФМ-1С համար, КСО-1 կասետը՝ 8 ПОМ-1 հակահետևակային ականով, КПОМ-2 կասետը՝ 4 ПОМ-2 հակահետևակային ականով, ինչպես նաև КПТМ-3 կասետը՝ 1 ПТМ-3 հակա-տանկային ականով և КПТМ-1 կասետը՝ 3 ПТМ-1 հակահետևակային ականով։


Կասետներից նետված ականները ցիրուցան են լինում կազմելով մոտ 8-10 մ լայնությամբ և 18-20 մ երկարությամբ ցրման դիսպերսիոն էլիպս։ Կախված ականի տեսակից, խոցման հավանականությունը կազմում է 0,5-ից 7 մետր։ Հակատանկային ականների նետման հեռավորությունը՝ մոտ 100 մետր։

Հնարավոր է տեղադրել միաշերտ և բազմաշերտ ականապատ դաշտեր։ Հեռավորական ականապատման այս համակարգը արժեքավոր է նրանով, որ առանց խրամատը լքելու, ճիշտ ժամանակին պայթեցման հնարավորությամբ, կարելի է ականապատ դաշտեր ստեղծել հավանական հակառակորդի գործողությունները խափանելու համար:

Ունիվերսալ ականադիր մեքենա УМЗ


Մեկ այլ սարք, որը եկել է խորհրդային տարիներից УМЗ ունիվերսալ ականադիր մեքենան է։ Հեռավորական ականապատման այս համակարգը նախատեսված է հողի մակերեսին հակահետևակային, հակատանկային և խառը ականադաշտեր տեղադրելու համար:

Ականադիրը տեղադրված է ЗиЛ-131В կողապատ բեռնատարի հենոցի վրա։ Թափքում պտտվող սարքի վրա կահավորված է 6 միավոր քանակով կասետային բլոկը, իսկ խցիկում՝ արտանետման կառավարման համակարգը։

Կասետային բլոկները գործում են միմյանցից անկախ և կարող են տարբեր անկյունների թեքվածքով պտտվել 360 աստիճան: Կախված ականապատման սխեմա¬յից, կասետների պտույտը և դրանց թեքության անկյունը կատարվում է ձեռքով:

Ականադիրի ամբողջական լրակազմը կազմում է 80 կասետ: Ականադիրը միաժամանակ կարող է լիցքավորվել 180 ПТМ-3 կամ 540 ПТМ-1 հակատանկային, մոտ 12 հազար ПФМ-1 կամ 1440 ПОМ-1, կամ էլ 720 ПОМ-2 հակահետևակային ականներով:

Հակահետևակային և հակատանկային տարատեսակ ականներ տեղադրելու համար հնարավոր է կիրառել կասետային բլոկների խառը լիցքավորումը: Հնարավոր է մի տեղանքը ականապատել մի քանի անցումով, ինչպես նաև ցանկացած պահին համալրել զինամթերքը։

Ականապատման ընթացքում ականադիրի արագությունը կարող է կազմել ժամում 5-ից 40 կիլոմետր: Վերալիցքավորումը հնարավոր է իրականացնել 1,5-2,5 ժամվա ընթացքում 2 հոգու, և 1 ժամվա ընթացքում՝ 6 հոգու ուժերով: Մեքենայի անձնակազմը բաղկացած է վարորդից և օպերատորից։

Այս ականադիրը արտաքինից ոչնչով չի տարբերվում սովորական բեռնատարից, ուստի հակառակորդը չի կարողանա նույնականացնել այն։

Ուղղաթիռային ականապատման համակարգ ВСМ-1


Ականապատման ավելի ժամանակակից միջոցներից է ուղղաթիռային ВСМ-1 համակարգը։ Այն կիրառվում է Ми-8МТ և Ми-8Т ուղղաթիռներից՝ հակատանկային, հակահետևակային և հակադեսանտային ականադաշտերի ստեղծման համար։ Այս համակարգն հիմնականում օգտագործվում է հակառակորդի ճեղքման հատվածում, ինչպես նաև նրա առաջխաղացման գոտիներում՝ ականադաշտեր արագ տեղադրելու համար։ ВСМ-1-ը մշակվել է Բալաշիխա քաղաքի Պետական գիտահետազոտական ինժեներական ինստիտուտում և արտադրվում Կազանի ուղղաթիռների արտադրության միավորման կողմից:

Բացի ականապատման կառավարման վահանակից, համակարգը ներառում է ականների համար նախատեսված 4 բեռնարկղ, փոխադրասայլակ, բեռնարկղերի բարձրացման համակարգ և վահանակ: Յուրաքանչյուր բեռնարկղում նախատեսված է 29 КСО-1 կասետի տեղ: Ականադաշտի սարքապատումն իրականացվում է ընտրված տարածքի վրայով թռիչելիս:

Այս համակարգն առավել արդյունավետ է լեռնային տարածքների ականապատման համար: Այն օգտագործվել է Աֆղանստանում որպես մոջահեդների դեմ արգելափակման միջոց։ Ականների ցրման արագությունը կազմում է 8,5 հազար ական րոպեում մոտ 25 մետր լայնությամբ և 2 կիլոմետր երկարությամբ հատվածի համար։


Փոքրաեզրաչափ բեռների ունիվերսալ բեռնարկղ КМГУ


Մեկ այլ արդյունավետ միջոց է հանդիսանում КМГУ փոքրաեզրաչափ ունիվերսալ բեռնարկղը, որը նախատեսված է բեկորային, ֆուգասային, կումուլյատիվ և հրկիզող զինամթերքով ռազմաճակատային բեռնարկղային բլոկներ տեղափոխելու և վարնետման համար: Վարնետքից հետո կասետները բացվում են՝ ապահովելով զինամթերքի շարժը թիրախների խոցման հետագծով։ Կասետների բլոկները տեղադրելու համար ալյումինե բեռնարկղում նախատեսված է երկու խցիկ, իսկ իրանի ստորին մասում տեղակայված է վարնետքի փեղկերը։ Բեռնարկղի փոխադրողներն են Ми-28Н ուղղաթիռը և Су-27, Су-24, МиГ-29 ինքնաթիռները։


«Смерч» ՀԿՌՀ-ի հեռավորական ականապատման 9М55К4 հրթիռ


Այս ականապատման միջոցը ներառում է 25 միավոր ПТМ-3 հակատանկային ական, որոնք տեղադրվում են հրթիռի կասետային բլոկներում:

Արկի գլխամասն անջատվում է և ականները հրափամփուշտի օգնությամբ դուրս են հրվում ու միաժամանակ մարտական վիճակի բերվում: 90-100 վայրկյան անց ականները հպվում են հողի մակերեսին։ Ցրման էլիպսը կախված է հետագծից և հեռահարությունից և 12 հրթիռի՝ այսինքն «Смерч»-ի համազարկի դեպքում կազմում է մոտավորապես 2x2 կմ ականադաշտ:



Ականները մարտական պատրաստականության վիճակում են գտնվում մեկ օր, որից հետո ինքնաոչնչանում են։ Եթե ականները գտնվում են անսարք վիճակում կամ ոչ ճիշտ դիրքի պատճառով գտնվում են մարտական պատրաստականության վիճակում, ապա դրանք նույնպես ինքնաոչնչանում են 24 ժամվա ընթացքում: Իսկ եթե դրանք գտնվում են մեքենաների կամ տանկերի մոտ, ապա պայթյունը տեղի է ունենում ակնթարթորեն: Ականների ինքնաոչնչացումն սկսվելուց հետո մարդկանց համար ապահով հեռավորությունը մոտ 300 մետր է: ПТМ-3 տիպի ականները կարող են ոչնչացվել ЭМТ ականազերծիչների օգնությամբ:

9М55К4 ռեակտիվ արկն օգտագործում է «Смерч» 9К58 ՀԿՌՀ-ն, որը ԽՍՀՄ զինված ուժերի սպառազինության մեջ է 1987 թվականից: Արկն ինքնին մոդուլային է և տարբեր¬վում է միայն մարտագլխիկով՝ բեկորային-ֆուգասային, կումուլյատիվ-բեկորային, ծավալային-ճայթեցնող, հրկիզող, ինչպես նաև ինքնակառավարվող հակատանկային մարտական տարրեր պարունակող:

Հեռավորական ականապատման համակարգ «Земледелие»


ՌԴ ԶՈՒ սպառազինությունում առկա է հեռավորական ականապատման նոր՝ «Земледелие» համակարգը, որը ներկայումս կիրառվում է մարտական գործողությունների գոտում: Այն կարող է հաշված րոպեների ընթացքում ցանկացած բարդության և կազմաձևման ականապատ դաշտ սարքավորել։ Համակարգը ներառում է «խելացի» ականներ, որոնք ինքնուրույն նույնականացնում են թիրախները և ոչնչացնում դրանք։ Փորձագետները նշում են, որ համակարգն իրեն լավ է դրսևորել մարտական աշխատանքում, թեև նախկինում որոշակի կասկածներ կային այն սպառազինության ընդունելու վերաբերյալ:


Կայանքը նման է համազարկային կրակի ռեակտիվ համակարգին և կրակում է 122 մմ տրամաչափի ռեակտիվ արկեր։ Սակայն տեղ հասնելիս մարտագլխիկները ոչ թե պայթում, այլ խորանում են հողի մեջ և անմիջապես բերվում մարտական վիճակի։

«Земледелие» համակարգը բաղկացած է КамАЗ ամենագնաց մարտական բեռնատար մեքենայից, տրանսպորտային լիցքավորող մեքենայից և ինժեներային զինամթերքով տրանսպորտային մեկնարկային բեռնարկղերից: Երկու փաթեթից բաղկացած բեռնարկղերը 25-ական հրթիռներով համալրված են տարբեր տեսակի ականներով։ Զինամթերքի թռիչքի հեռավորությունը 5-ից 15 կմ է, ինչը թույլ է տալիս մեկ համազարկով արագորեն ականապատել մի քանի ֆուտբոլային դաշտերին հավասարեցված տարածք:

Մարտական մեքենան ունի արբանյակային նավիգացիոն համակարգ, համակարգիչ և օդերևութաբանական կայան։ Հրաձգության բոլոր հաշվարկներն իրականացվում են ավտոմատացված, իսկ արգելապատման կոորդինատները համակարգը փոխանցում է հրամանատարական կետ, որտեղ էլեկտրոնային քարտեզի վրա գրանցվում է նոր ականադաշտը:


Հեռավորական ականապատման այս համակարգը իրեն լավ է դրսևորում հակառակորդի կողմից անվտանգ համարվող հատվածներում ականադաշտեր տեղադրելիս, նահանջող հակառակորդի հետ քաշվելու ուղիները փակելիս, ինչպես նաև արագաշարժ վաշտային մարտավարական խմբերի ներթափանցումը կասեցնելիս:

Ունիվերսալ ականադիր «Клещ»

«Клещ»-ը նոր ունիվերսալ ականադիր մեքենա է ՌԴ ՊՆ-ի զինանոցում: Այս մեքենաները կառուցված են տարբեր հենոցների վրա, բայց կիրառում են միասնականացված նպատակային սարքավորվածություն և պետք է լուծեն ընդհանուր խնդիրներ: Գոյություն ունեն «Клещ» ընտանիքի ականադիր մեքենաների երեք վերսիա, որոնք տարբերվում են բազային հենոցի տեսակով:

УМЗ-Г ականադիր
УЗМ-К մեքենա

Ունիվերսալ տարրեր

Արձակման կայանքի 30 ականներով լիցքավորված ունիվերսալ կասետի իրանը տուփաձև է: Կայանքը ուղղահայաց նշանառման միջոցներով մոնտաժվում է հենասարքին: Ականների հրարարձակման կառավարումն իրականացվում է հեռավորական՝ էլեկտրական համակարգի միջոցով:

Ունիվերսալ կասետն իրենից ներկայացնում է նետվող կափարիչով գլան, որի ներսում տեղադրված է դուրս նետող լիցքն ու տարատեսակ ականները: Կախված տեսակից, կասետում կարող է գտնվել 1-ից 72 ական: Ականադիրի մարտական լրակազմը պայմանավորված է արձակման կայանքների և նրանց վրա տեղադրված կասետների քանակից: Ականապատման գոտու չափերը որոշվում են մարտական լրակազմի չափով, կիրառվող ականների տեսակով և ականապատման ընտրված խտությամբ։ Արձակման առավելագույն հեռահարությունը 40 մետր է:

Կայանքների հետ մեկտեղ նոր գծի ականադիրները ստանում են կառավարման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ականների արձակումն իրականացնել տարբեր քանակությամբ և տարբեր ռեժիմներով: Բացի այդ, նախատեսված է արբանյակային նավիգացիայի ժամանակակից միջոցների օգտագործում, ինչը հեշտացնելու է նշված տարածքներ մուտք գործելու և ականապատման քարտեզների կազմման աշխատանքները։ Ականապատման վերաբերյալ տվյալներն իրական ժամանակում փոխանցվում են հրամանատարությանը։

Կայանքի կրողները

Ներկայումս «Клещ-Г» ընտանիքը ներառում է ունիվերսալ ականադիրներ՝ երեք տարբեր հենոցների վրա: Դրանք նոր արտադրանքը տեղադրելու համար վերանախագծված և սարքավորված են գոյություն ունեցող տեխնիկայի նմուշների հման վրա:

Ընտանիքի խոշոր և ծանր ներկայացուցիչը ականադիր մեքենան է: Այն սարքավորված է T-72 և T-90 տանկերի հենոցի վրա: УМЗ-Г առավել պաաշտպանված է՝ ունի 43,5 տոննա մարտական քաշ, անձնակազմը 2 հոգի է: Ինքնապաշտպանության համար նախատեսված է պտտասարք 12,7 մմ «Корд» գնդացրով: Առավելագույն արագություն խճուղիներում՝ 60 կմ/ժ: Ականապատման արագությունը՝ մինչև 40 կմ/ժ:

УМЗ-Г-ի զրահապատ իրանում տեղակայված են իննը ունիվերսալ արձակող կայանքներ, որոնք հեռավորական կառավարման և կրակելու համար ծավալված են հետնամասի կիսագնդում: УМЗ-Г-ի ընդհանուր մարտական լրակազմը 270 կասետ է:

Միջին կարգի «Клещ-Г» ականադիրի ընտանիքին է պատկանում УМЗ-К մեքենան, որի բազան «Астейс-70202-0000310» զրահամեքենան է: Թափքում տեղադրված է վեց արձակիչ սարք։ Մեքենանան ունի 18,7 տ քաշ, արագությունը՝ մինչև 100 կմ/ժ, անձնակազմը՝ 2 հոգի։ УМЗ-К բեռնատարի հարթակի հետնամասի կիսագնդում տեղադրված է հեռակառավորական ականապատման 6 ունիվերսալ արձակիչն՝ 180 կասետով:

Ունիվերսալ արձակման կայանքներից երրորդը հանդիսանում է զրահապատ հենոցով «Тайфун-ВДВ»-ն, որն ստացել է УМЗ-Т ականադիր անվանումը: Մեքենայի բեռնման տարածքի նստեցման տեղերում կահավորված է երկու արձակաման կայանք: Կայանքների ետնամասում առկա են բեռնարկղեր՝ մարտական լրակազմերը տեղափոխելու համար: «Тайфун-ВДВ» հիմքով УМЗ-Т-ն ունի 14,5 տ քաշ և УМЗ-К-ի հետ համեմատելի ընթացային բնութագիր: Անձնակազմը նույնպես բաղկացած է 2 հոգուց: УМЗ-Т-ն կրում է 60 կասետներով երկու արձակող սարք: Մի քանի տասնյակ կասետներ կարող են տեղափոխվել մեքենայի խելային մասի արկղերում: Վերալիցքավորումը կարող է իրագործվել անձնակազմի միջոցով՝ ցանկացած պահին:

Ի լրումն «Клещ» ընտանիքի երեք մեքենաների հայտարարվել և սպասվում են ևս երկու միասնականացված ականադիր համակարգերի ընդունում (հնարավոր է, որ դրանք արդեն ակտիվորեն փորձարկվում են մարտական պայմաններում): Առաջինը իրագործվելու է շարժական լրակազմի տեսքով: Առաջադրված խնդիրներից կախված հաշվարկը կաևող է բաղկացած լինել երկու կամ չորս հոգուց։ Երկրորդը՝ ուղղաթիռային նոր հանմակարգն է, առկա ВСМ-1 տարբերակով։

Նոր ականադիրների համար ստեղծվում են հեռանկարային ականներ: Փորձագետների կարծիքով ականապատման ժամանակակից միջոցներն ավելի արդյունավետ են դարձել էլեկտրոնային պայթուցիչների կիրառման և սահմանված ժամկետում ինքնալուծարման ծրագրավորման ու ականների մեխանիկական ամրության բարձրացման շնորհիվ, ինչը հնարավորություն է տվել դրանք առանց վնասելու նետել մեծ բարձրությունից, ավելացնելով հեռավորական ականապատման համակարգերի տեսականին՝ ռազմական ինժեներներից բացի այլ զորատեսակներում կիրառելու համար:


Հրապարակվել է 27/11/23
Թարմացվել է 27/11/23