ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՆԱԿՆԵՐԻ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ (ՄԱՍ II)
ՄԱՍ I / ՄԱՍ II / ՄԱՍ III
Ի՞նչպես է դա տեղի ունենալու նախորդ մասի վերջին պարբերությունում նշված ասիմետրիկ գերակայության շնորհիվ (համառոտ տեսական ներածություն):
Ցանցային կառուցվածք ունեցող համակարգերն անցել են էվոլյուցիոն ուղի` բանականությունից զուրկ մեխանիկական մոդելներից (տեխնիկական համակարգեր) դեպի մեկ բանականությամբ ցանցային համակարգեր (որոշումներ կայացնելու տարրերով), այնուհետև դեպի ցանցային կառուցվածք ունեցող նպատակամղված մուլտիբանական (սոցիալական) համակարգեր (տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցեր, ժամանակակից տնտեսության, աշխատանքի միջազգային (միջպետական) բաժանման և անդրազգային կորպորացիաների կազմակերպման տեսքով):
Այսպիսի տրանսֆորմացիայի գլխավոր արդյունքը համակարգի կողմից ոչ գծային գործողությունների ունակության ձեռքբերումն է (ոչ գծային գործառույթների իրականացումը), որը հիմնված է բարձր իրավիճակային տեղեկացվածության, կառավարման կարճ ցիկլի և մարտակարգի ցանցային կառուցվածքի տարրերի միջև հորիզոնական փոխազդեցության առաջնահերթության պահպանման վրա, ինչը նրան տալիս է ասիմետրիկ գերակայություն դասական ծառանման կառուցվածքով համակարգերի նկատմամբ, որոնք ունակ են իրականացնել բացառապես գծային գործառույթներ: Այսպիսով, եթե պատերազմող սոցիալական խմբերի ժամանակակից սոցիալ-տնտեսական կառուցվածքն ամենօրյա խնդիրների լուծման համար ձեռք է բերում ցանցային կառուցվածքով սոցիալական համակարգերին բնորոշ մուլտի-բանական ձևեր և մեթոդներ, ապա ժամանակակից մարտը կամ օպերացիան իր բնույթով համապատասխանելու է նրան:1
Եվս մեկ անգամ վերադառնանք անցյալին:
Մինչև 20-րդ դարի 80-ական թվականները օպերացիաների ելքը որոշում էին խոշոր և ծանրաշարժ միավորումները (մոտոհրաձգային, մոտոհետևակային, տանկային, մեքենայացված դիվիզիաները) և զորամասերը՝ հրթիռային զորքերի, հրետանու, ռմբակոծիչ (գրոհային) և կործանիչ ավիացիայի զորամասերի աջակցությամբ, որոնք հիմնական ջանքերը կենտրոնացնում էին գլխավոր հարվածի ուղղությամբ, ստեղծում էին ուժերի և միջոցների մեծ խտություն կամ իրականացնում էին զորաշարժ: Սակայն, արդեն իսկ 90-ականներին, մասնավորապես, «Փոթորիկ անապատում» օպերացիայի ընթացքում պարզվեց, որ այդ նույն խնդիրները կարող են լուծել ավելի փոքր կազմավորումները՝ գումարտակային մարտավարական խմբերը (ԳումՄԽ)՝ ուժեղացման, աջակցման և համակողմանի ապահովման ավելի փոքրաքանակ ուժերի և միջոցների լրակազմով: Այս դեպքում, ԳումՄԽ հրամանատարները կառավարման ցիկլի կրճատման և իրավիճակի ավելի լավ իրազեկվածության շնորհիվ, ինչպես նաև հորիզոնական փոխգործողություններ (փոխադարձ աջակցություն) կազմակերպելու համար տրամադրված անհրաժեշտ անկախության պայմաններում օպերացիաների խնդիրները, ընդհանուր առմամբ, լուծում էին ավելի ճկուն և ռացիոնալ, այսինքն՝ արդյունավետ: Բացի այդ, մեկ ուժեղացված միավորումը, որը բախվում էր մի քանի այդպիսի ԳումՄԽ-ներին, դառնում էր անդյուրաշարժ և արդյունքում, պատկերավոր ասած, վերածվում էր մի մեծ կովի, որը հանդիպել էր փոքր գայլերի ոհմակին:
Սակայն, 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբներին ԳումՄԽ-ները բախվելով փոքր (մեկ կամ երկու հետևակային դասակներից բաղկացած), բայց ինքնավար և անկախ մարտավարական խմբերի ցանց ներկայացնող անօրինական զինված կազմավորումնրին (ԱԶԿ)՝ իրենք էին վերածվում «մեծ կով»-ի։ Հորիզոնական փոխգործողությամբ միմյանց միջև ճկուն կերպով համակարգված այս ԱԶԿ-ների փոքր խմբերը կրակային խոցման համար բնորոշ տիպային օբյեկտներ չէին ներկայանում և, որպես արդյունք, վատ էին նույնականացվում հետախուզական մարմինների և թույլ էին գնահատվում շտաբների կողմից: Նրանք գրեթե անարգել և համաձայնեցված դուրս էին գալիս առաջավոր ջոկատների առաջ քաշման շարասյուների, գլխավոր ուժերի, երկրորդ շարակարգերի, հրետանու և թիկունքային ստորաբաժանումների երթուղիներ, կրակային խոցման էին ենթարկում հակառակորդին և հասցնում էին դուրս գալ գործողության շրջանից մինչև պատասխան կրակի (հարվածի) հասցնումը: Պատճառը այն էր, որ ԳումՄԽ հրամանատարները չէին հասցնում գնահատել ստեղծված իրավիճակը։ Հարկ է նշել, որ այսպիսի գործելակերպը մարտական գործողությունների նախապատրաստման և վարման նոր հայեցակարգի ըմբռնման, մշակման և յուրացման արդյունք չէ: Պարզվում է, որ այս պայմաններում սա է գոյատևման և հետագա գործողությունների միակ հնարավոր միջոցը: Դա կանխորոշված էր ժամանակակից տեխնոլոգիաներ (տեղեկատվական – հաղորդակցական, սոցիալական, կոմունալ, առևտրային և այլն) օգտագործող հասարակությունների բուն սոցիալական մթնոլորտով, ներառյալ նույնիսկ արխայիկը:
Այնուամենայնիվ, չպետք է հուսալ, որ նոր հայեցակարգի յուրացման և օգտագործման գործընթացը պարզ կլինի կամ կհանդիսանա որպես կախարդական փրկարար փայտիկ:
Ժամանակակից սպառազինությունների ճշգրտության, խոցող ուժի և հեռահարության բարձրացումը, մարդկային զորահավաքային ռեսուրսների քանակի և որակի կտրուկ նվազումը, զինծառայողների շրջանում զանգվածային կորուստների նկատմամբ ներքաղաքական անհանդուրժողականությունը, թանկարժեքությունը, կոոպերացիան ու ժամանակակից սպառազինությունների նմուշների արտադրության երկարատև ժամկետները կառավարություններին և հասարակություններին կանգնեցնում են միաժամանակ մի քանի հարթություններում խնդիրների լուծման անհրաժեշտության առջև.
- տնտեսականը ենթադրում է զինված ուժերի հագեցում ժամանակակից բարձր տեխնոլոգիական զինատեսակների և ռազմական տեխնիկայի անհրաժեշտ քանակով,
- ռազմական գործի սոցիալական բաղադրիչը ենթադրում է իրավիճակային իրազեկում, զենքի կիրառման իրավունքի պատվիրակման օպերատիվություն և ռացիոնալություն, կառավարման հարմարվողականություն, ակտիվություն, աշխատունակություն, կրթվածություն, անձնակազմի ներդաշնակություն և փորձ,
- ռազմական գործի ղեկավարման բաղադրիչը ենթադրում է կառավարման, ուսուցման և բարոյահոգեբանական պատրաստության, ստորաբաժանումների մարտական ներդաշնակման, էականորեն առավել մանրակրկիտ ներդաշնակման, հրամանատարական կազմի ընտրության և իրավիճակի ցանկացած պայմաններում ստորաբաժանման, զորամասի (միավորման) կադրային հիմքի պահպանման արմատական վերանայում,
- սոցիալականը ներառում է միջնակարգ և բարձրագույն կրթության բարձր մակարդակի ապահովում, որն անհրաժեշտ է ինչպես բարձր տեխնոլոգիական սպառազինության և ռազմական տեխնիկայի կառավարման, այնպես էլ մուլտի-բանական կառավարման համակարգում գործողությունների համար, հասարակության բարձր դիմակայունություն բարոյա¬հոգեբանական բեռնվածությանը և, ամենակարևորը, իրավասու պետական ապարատի կողմից ղեկավարվող հասարկությունում քաղաքացիական համաձայնության առողջ մթնոլորտի պահպանում:
___________
- Զորքերի (ուժերի) օպերատիվ կազմավորման (մարտակարգի) աշխարհագրորեն առանձնացված տարրեր կառուցելու հնարավորությունը ցանցային համատեքստում նշված է Cebrowski A.K., Garstka J.J. Network Centric Warfare: Its Originsand Future. U.S. Naval Institute Proceedings, January 1998. - ում:
Հրապարակվել է 18/01/23