ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՆԱԿՆԵՐԻ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ (ՄԱՍ III)
ՄԱՍ I / ՄԱՍ II / ՄԱՍ III
Ինչպե՞ս հասնել ցանցակենտրոն մարտական կազմավորումում գործողություններ իրականացնելու ունակության բաղադրիչներին, որոնք նշված են նախորդ մասի վերջում:
Հիասթափեցնենք նրանց, ովքեր այն պատկերացնում են որպես կատարյալ նորույթ, և մեկ անգամ ևս անդրադառնանք անցյալին։ 1806 թվականին Նապոլեոնից կրած պարտությունը գերմանացիները (այն ժամանակ պրուսացիները) այնքան նվաստացուցիչ էին համարում, որ ավելի քան կես դար անխոնջ աշխատում էին իրենց ռազմական մեքենան կատարելագործելու ուղղությամբ:1 Բացի բուն ռազմական բաղադրիչներից, նրանք բարեփոխեցին ոչ միայն կրթության, տնտեսության ոլորտները, այլև, որ ամենակարևորն է զգալի փոփոխություններ իրականացրին հենց սոցիալական հարաբերություններում։ Արդյունքում հաղթանակներ տարան Դանիայի, Ավստրո-Հունգարիայի և Ֆրանսիայի նկատմամբ, առաջացավ երկրորդ Ռեյխը, որը հաջողությամբ (մինչև ԱՄՆ միջամտությունը) պատերազմում էր երկու ճակատում, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիների մարտավարական և օպերատիվ կարողություններն՝ անվիճելի են։ Նրանք անընդհատ ցուցադրում էին հակառակորդի գերազանցող ուժերի դեմ գործողություններ իրականացնելու ունակություն՝ հիմնական ուժերից կտրված, մասնատված և մեջընդմիջվող մարտակարգերում, անորոշ պայմաններում, վերջապես՝ շրջապատման մեջ:
Հենց այդ ժամանակ ձևավորվեցին հիմնական սկզբունքները, որոնք ապահովեցին գերմանական ռազմական մեքենայի բարձր մարտական արդյունավետությունը:2
- Ժամանակին արձագանքելու և հակառակորդին ունակությունից զրկելու համար պարտադրել սեփական օպերացիոն տեմպ:
- Հակառակորդի ամենախոցելի տարածքներին անըդհատ հարվածների հասցնում և առաջխաղացում (նույնիսկ շրջապատման պարագայում)՝ սպառնալիք ստեղծելով նրա թևերի, թիկունքի և հաղորդակցման ուղիների համար: (Այն ենթադրում էր բոլոր մակարդակների ստորաբաժանումների տարակենտրոնացում, որպեսզի յուրային մարտակարգերի վրա հարձակվելիս, հակառակորդը հայտնվի հարվածի և բազմաթիվ ուղղություններով թևանցման սպառնալիքի ներքո):
- Անդադար, նախաձեռնողական կրակային խոցում՝ շեշտը դնելով ճշգրտության վրա։
- Ընդհանուր շրջանակներում խնդիրների առաջադրում ենթականերին (նվազագույն մանրամասնություններով)՝ լիազորելով նրանց ինքնուրույն ընտրել դրանց իրականացման մեթոդները:
- Շարունակական փոխադարձ աջակցություն բոլոր մակարդակներում և զորքերի բոլոր տեսակների միջև: (Ենթադրում է լիակատար վստահություն թևերում գործող և թիկունքը պաշտպանող ուժերի, ինչպես նաև կրակային աջակցության ստորաբաժանումների նկատմամբ։ Իր հերթին, հիմնական հարվածային ստորաբաժանումը ստանում է բոլոր հնարավոր աջակցությունները հարևաններից):
- Մարտակարգի կառուցում հաստիքային զենքից խոցման առավել արդյունավետ հեռահարության հաշվառումով:
- Մարտական գործողությունների ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձի մաքսիմալ իմաստավորում՝ հնարավորինս արագ հարմարվելով դրանց անընդհատ փոփոխվող բնույթին:
- Զինծառայողների մարտական տրամադրվածություն, որը կենթարկի նրանց բոլոր գործողությունները մեկ նպատակին՝ որոնել և ոչնչացնել հակառակորդին, և որն ինքնին կհուշի բոլոր իրավիճակներում (ներառյալ ոչ ստանդարտ) օպտիմալ լուծումներ գտնելու ճանապահը:
- Սպայական առաջխաղացման համար պարտադիր ծառայություն որպես շարքայիններ և սերժանտներ: (Այդ իսկ պատճառով, երբ օպերացիան ղեկավարող հրամանատարը գտնվում է տվյալ պահին ամենակարևոր առաջադրանքը կատարող ստորաբաժանումում (երկու աստիճան ցածր), ենթակաները արժանորեն վստահում են նրան, քանի որ նա հաջողությամբ անցել է ռազմական կարիերայի բոլոր փուլերը: Ավելին, ապահովվում է կայուն օբյեկտիվ հետադարձ կապ):
___________
- Деметр Карл, Германский офицерский корпус в обществе и государстве. 1650-1945 гг. М.: ЗАО Центрполиграф, 2021. – 383 с.
- Об важной особенности немецкой методики тактической подготовки; Кохенгаузен Фридрих, Вождение войск. М.: Государственное военное издательство наркомата обороны Союза ССР, 1937. – 368 с.
Հրապարակվել է 21/01/23